
Սիրիական ընդդիմությանն ու սիրիացի փախստականներին զրկել են նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում համընդհանուր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշման նախագիծը՝ դրան հաղորդելով պետական օրենքի տեսք:
Վերջինիս համաձայն, սիրիացի փախստականները և արտաքին սիրիական ընդդիմության ներկայացուցիչները փաստացիորեն զրկվում են ձայնի իրավունքից: Ընտրելու իրավունք ունեցողներն անպայմանորեն պետք է ունենան ազգային գործող անձնագիր, սիրիական պաշտոնական սահմանային կետերից մեկն օրինական ճանապարհով հատելու մասին գրառում, ինչպես նաև այն երկրում սիրիական դիվանագիտական ներկայացուցչության դրոշմ, որում ներկա պահին գտնվում է Սիրիայի քաղաքացին:
Ընդգծվում է, որ Սիրիական հակամարտության ժամանակ մարդկանց մեծ մասը սահմանը հատել է առանց փաստաթղթերում ամեն տիպի անհրաժեշտ գրառումների՝ շրջանցելով հսկիչ անցագրային կետերը, ձգտելով միայն փրկվել պատերազմից, որն ընթանում է արդեն երեք տարի:
Դրանով իսկ Սիրիայի 32 միլիոնանոց բնակչությունից գրեթե 5 միլիոնը, որը գտնվում է հարևան երկրներում ստեղծված փախստականների հատուկ ճաբարներում, նոր օրենքով զրկվում է Սիրիայի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Ավելին, սիրիական ընդդիմության տասնյակ հազարավոր մասնակիցները, որոնք իշխանությունների հետ զինված դիմակայության մեկնարկից շատ առաջ լքել են հայրենիքը և ցայժմ բնակվում են արտասահմանում, ոչ միայն չեն կարող մասնակցել Սիրիայի նախագահի ընտրություններին, այլև չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել Սիրիայի նախագահի պաշտոնում:
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 17-ին: Ասադը քանիցս հայտարարել է, որ իր թեկնածությունն այդ ընտրություններում կառաջադրի այն դեպքում, եթե դա ցանկանա Սիրիայի ժողովուրդը: