ԲՀԿ-ն, ապահովելով իր համար երկրորդ տեղը, դուրս է մղում ցանկացած կուսակցության ակտիվ դիրքերից
168.am-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, ոչ իշխանական չորս ուժերը գիտեն, որ խորհրդարանում Հանրապետականը (ՕԵԿ-ի հետ) մեծամասնություն է կազմում և կողմ չի քվեարկելու իր իսկ վարչապետին հեռացնելու նախաձեռնության օգտին: Բայց չե՞ք կարծում, որ դա կարող է քաղաքական կամ գոնե խորհրդարանական ճգնաժամ ստեղծել:
– Այո, դա էլ կա: Բայց մի բան էլ կա. Հայաստանում անհասկանալի է դարձել կուսակցությունների գոյության իմաստն ու նրանց աշխատաոճը: Կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, օր ու գիշեր պետք է զբաղված լինի ծրագրերի մշակմամբ, որ ընտրությունների ժամանակ գա, տիրանա լծակներին, իշխանության գա, բայց երբ բոլորը փայլուն գիտեն, որ սրա հնարավորությունը չկա, դրանով չեն զբաղվում, զբաղվում են ուրիշ բանով, պրոյեկտներ են անում (նկատի ունի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը,-Տ.Մ.), որոնք արդյունք չեն տալիս:
Մանավանդ, երբ նման պրոյեկտներում խառված է ԲՀԿ-ի պես կուսակցություն, որի գործությունեությունը պարզ չէ՝ ո՞րն է, ի՞նչ առնչություն, շփումներ ունի գործող ռեժիմի հետ, ի՞նչ նպատակով է այս կամ այն որոշումները կայացնում: ԲՀԿ-ն աշխատում է ընդդիմադիր էլեկտորատի հետ և, անընդհատ ապահովելով իր համար երկրորդ տեղը, դուրս է մղում ցանկացած կուսակցության ակտիվ դիրքերից:
2008 թվականի մեծ ալիքից հետո եկան 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները և ԲՀԿ-ն մտավ որպես երկրորդ ուժ, տալիս է ՀՀԿ-ին մեծամասնությունը, որևէ բողոքարկում չի անում, ապա կանաչ լույս է վառում ՀՀԿ-ի թեկնածուի համար նախագահական ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում նորից նույն բանն է կատարվում՝ ԲՀԿ-ն խլում է ձայները այդ ժամանակվա ակտիվ ընդդիմությունից՝ «Ժառանգությունից» և այդպես:
– Բայց ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ ԲՀԿ-ն իր գործողություններով ընդդիմություն է, իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ:
– Չէ, էլի… կարո՞ղ եք ինձ ասել՝ ավելի հզոր ծառայություն գործող ռեժիմին այս վերջին տարիներին ո՞ր քաղաքական ուժն է ապահովում: Պարզ, հստակ երևում է, չէ՞, որ դա ԲՀԿ-ն է, մյուսներին էլ ձեռնտու է այդ ուժի հետ համագործակցելը:
– Ինչո՞վ է ձեռնտու:
– ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ տեսնում են, որ կա շահ: Ուրիշ բան չի գործում իրենց մոտ՝ ոչ սկզբունք, ոչ արժեք, միայն շահն է: Մարդիկ իրենց շահն ունեն, իրենց շահից են գործում, շատ լավ էլ գիտեն՝ ում հետ գործ ունեն. ձեռնտու է, անում են:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: