Շարբաթյանի գործով առերեսվեցին վկաները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, մարտի 11-ին Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական 15-րդ նիստն էր: Առերես հարաքննվեցին դեպքի ականատես վկա Հայկ Ասլիկյանն ու տուժողի իրավահաջորդ, վկա Հասմիկ Մանուչարյանը: Ի դեպ՝ վերջինս ներկայացել էր պաշտպանի` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լևոն Գոգինյանի հետ: Վկաները հարցաքննվեցին գործով տրված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ:
Մեղադրող դատախազ Սերգեյ Մարաբյանը հրապարակեց Հ. Մանուչարյանի` 03.12.12թ. ցուցմունքը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայկն իրեն դեպքի վայրում պատմել է Ս. Շարբաթյանի հետ կատարվածի մասին՝ անուններ տալով: Սա լսելով՝ Մանուչարյանն արձագանքեց. «Չի եղել նման խոսակցություն մեր միջև»: Հայկն էլ հաստատեց, որ «դեպքի վայրում, ոչ մեկի հետ զրույց չի ունեցել»:
Մարաբյանն էլ նկատելով, որ Մանուչարյանը 2 անգամ է ցուցմունք տվել՝ մի դեպքում նշելով, որ Երևանում՝ հարազատների ներկայությամբ է Հայկը պատմել, մյուսն էլ դեպքի վայրում, երբ ինքը փորձել է Խլղաթյանից և Հայկից ճշտել տեղի ունեցածը: 2-ն էլ որոշ հանգամանքներ նշել են, ինչը դատախազը հիմնավորեց՝ Մանուչարյանի ցուցմունքից մեջբերումներ անելով՝ «Զրուցել եմ նաեւ Խլղաթյանի հետ, որը հաստատել է Հայկի ասած տեղեկությունը` ավելացնելով, որ եղբորս ռեստորանի բակում դաժան ծեծի են ենթարկել մի խումբ տղաներ, կոնկրետ քանակ չասաց, բայց հաստատեց, որ ծեծողների մեջ եղել են Արտակը, Չուգունը (Արեն Վերանյան) և Դիլոյանը»:
Դատխազին պարզ չէր, թե ինչու է դատարանում Հ. Մանուչարյանն ասում՝ Հայկն ինձ չի պամել, այն դեպքում, երբ այդ մասին գրված է վկայի նախաքննական ցուցմունքում: Այս առնչությամբ Մանուչարյանը դատարանին կրկին խնդրեց, որ հաշվի առնեն իրենց այդ պահի հոգեվիճակը. «Ես կրկնում եւ հաստատում եմ՝ Հայկն ինձ չի պատմել, նրա վրա հալ չկար, ու ամնիջապես տարան բաժին»,- ասաց վկան՝ ավելացնելով, որ Հայկն իրենց տուն է եկել լուսադեմին, հոգնած, վատ վիճակում և սկայպով (տեսակապ) հարազատների հետ խոսելիս մի քանի կցկտուր խոսք է ասել:
Նա մի քանի անգամ պնդեց, որ դեպքի մասին ինքը Հայկի հետ չի խոսել, փոխարենը՝ իմանալով, որ խնջույքին մասնակցել են Վերանյան եղբայրներն ու Դիլոյանը՝ քննչականում պահանջել է պատասխանատվության ենթարկել նրանց՝ առանց հստակ ճշտելու վերջիններիս մեղավորությունը: Մեղադրողը նկատեց, որ վկան 3 մարդու մեղադրելու համար պետք է հիմքեր ունենա: Նա հորդորեց վկային՝ ասել իրազեկման աղբյուրը եթե կա, որպեսզի հասկանալի լինի, վերջինիս ասածի ճշմարտացիությունը ինչումն է արտահայտվում, կամ հասկանան, թե ինչպես են գնահատում նրա ցուցմունքները:
Հայկ Ասլիկյանին միայն առերեսման միջնորդության բավարարման ծավալներում հարցաքննելու շուրջ հայտարարությամբ հանդես եկավ Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը:
Դատավոր Նարինե Հովակիմյանը «խորը հակասություն տեսավ» վկաների ցուցմունքների միջև: Նա վերաշարադրելով Հայկի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս հստակ նշել է, թե հարազատներին դեպքի մասնակիցների ինչ անուններ է տվել՝ Մանուչարյանին հարցրեց. «Հայկն ասում է՝ ես անուն ասել եմ, դուք ասում եք՝ ինքը անուններ չի տվել, այդ հակասությունը ինչպե՞ս կպարզաբանեք: Ձեզնից ո՞վ է ճիշտ ասում, ի վերջո»,-հետաքրքրվեց դատավորը:
Դատավորի երկարաշունչ պարզաբանումից հետո, մեղադրող Մարաբյանը կոչ արեց դադարեցնել առերես հարցաքննությունը: «Մենք ունենք շատ պարզ ճշմարտություն: Վկան իր նախաքննական ցուցմունքները հիմնավորում է քննիչի օգնությամբ կամ ուղղորդմամբ գրելով: Այդ դեպքում, շատ դիպուկ նկատեցիք, որ ինքը, ասում է ՝ ես պատմել եմ տնեցիներին, այդ թվում նաև մորաքրոջը: Պարզ է, որ մորաքույրը էդ պարագայում լրիվ այլ ցուցմունքներ էր գրելու: Հասկանալի է անցած նիստին, երբ որ տուժողի իրավահաջորդը փորձում էր հրաժարվել ցուցմունք տալուց: Բնականաբար, այս իրավիճակում, մենք ընդամենը խնդիր ունենք, գնահատելու նրանց ցուցմունքներն ու այլևս, ինձ թվում է, շարունակելու անհրաժեշտություն չկա: Էստեղ ընդամենը մի դրվագի մեջ ա խնդիրը, վկայի ցուցմունքից մեջբերեմ ՝ «այն մասին, որ եղբորս Ս. Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները տապալել են գետնին և հարվածներ են հասցրել գլխին, իմացել եմ քրոջս որդուց՝ Հայկից:
Ընդամենը այս ցուցմունքի մասին է խոսքը, որտեղ հստակ նշվում է, և տեղեկատվության աղբյուրը, թե որտեղից է վկան իմացել էդ հանգամանքի մասին, և նշվում է դրա մասին: Հետևաբար, հակասությունը սրան է վերաբերվում, որ Հայկ Ասլիկյանը, փաստորեն, վկային ներկայացրել է, որ գցել են գետնին, 3 –ով հարվածել են գլխին, որի արդյունքում մահացել է, իսկ վկան ասում է, որ իրականում ինքը հարազատներին պատմել է, հիմա ստացվում է հակառակը, վկան ասում է՝ պատմել եմ, մյուս վկան ասում է չի պատմել»:
Տուժողի իրավահաջորդը, տարբեր իրավիճակներում մի քանի անգամ հաստատեց, որ ինքն անձամբ Հայկին դեպքի մասին չի հարցրել, իսկ նրա ասածները հարազատներից, այստեղից –այնտեղից լսելով՝ ավելի շուտ սեփական ենթադրություններն է արել:
Ռ. Հակոբյանը այս առնչությամբ նկատեց. «Հայկն ասել է՝ գնացել եմ տուն, պատմել, հարց է ծագում, արդյոք նո՞ւյնն է պատմել, նո՞ւյն ծավալով, ի՞նչ գրել է քննիչի մոտ»: Պաշտպանը Հայկին ուղղված հարցով պարզեց, որ նա տանը շատ կցկտուր, քիչ բառեր է ասել: Սա հաստատեց նաև տուժողի իրավահաջորդը: Հակոբյանն էլ իր հերթին նկատեց, որ վկաների ցուցմունքներում հակասություններ չկան:
Դատավորն էլ հավելեց. «Երբ որ համադրում ենք, վկաների նախաքնական ցուցմունքը, բնականաբար, էդ նույն ծավալով, մանրակրկտությամբ չի ասված»:
Սամվել Դիլոյանը մեղադրողի ուշադրությունը հրավիրեց մի ակնհայտ փաստի վրա: «Հայկի նախաքննական առաջին ցուցմունքներում նշված է, որ քեռուն սպանել են 15 հոգով, ապա 15-ը դառնում է 7-8, հետո 3: Էստեղ էլ կա հակասություն. Մի տեղ 3 հոգու փաստն ենք ուզում անպայման, էդ է հարմար, քանի որ 3-ով մենք էստեղ ենք, քանի որ քննիչը այդպես ընտրեց վերջապես: Ու հարց լսեցի հարգելի պարոն Մարաբյանից՝ «Բայց ինչի այնտեղ 3 հոգի, շատ են եղել, 15 հոգի է մարդը սկզբում ներկայացրել»:
Նա նշեց, որ ինքը չի ցանկանա, որ այս գործով ոստիկանության որևէ աշխատող կամ քննիչ տուժի: «Կարծում եմ՝ իրենց թերի մասնագիտական ունակությունների, անհեռատեսության, նաև ոչ այդպես խորը մտածելու արդյունքում է ստացվել»,- ասաց Դիլոյանը և ընդգծեց ևս մեկ հանգամանք. «Կեղծվել է իմ ու Հայկի առերեսման արդյունքը: Եթե ամեն ինչ նորմալ էր, պատկերը պարզ էր, արդեն ակնհայտ էր, կարծում եմ՝ կարիք էլ չկար հարցաքննությունից հետո գրիչով միջամտել քրեական գործի կարևոր, առանցքային՝ առերեսման արդյունքներին:
Հարցաքննվեց նաև Աշոտ Սեփխանյանը: Դատական նիստի ժամանակ հարցադրում-պատասխանի տեսքով զավեշտալի դրվագներն էլ քիչ չեն: Երբ տուժողի իրավահաջորդին հարց տրվեց որոշակի հակասությունների հետ կապված՝ վերջինս ասաց.
– Չգիտեի, որ դատարանում սենց մանրակրկիտ կետերի հետևից կընկնեն՝ ամենակարևորը թողած: Դատավորն էլ հակադարձեց.
– Մենք շարժվում ենք դեպի կարևորը՝ մանրակրկիտ կետերի հետևից ընկած:
– Գործի մանրամասները քննիչը որտեղի՞ց գիտեր,- հարցրեց մեղադրողը:
– Մանրանալուց ա էդ ձև ստացվել,- պատասխանեց Հայկ Ասլիկյանը:
– Դեպքի վայրում 2 թե 3 ավտոմեքենա կար, երբ հասաք այնտեղ,- Աշոտ Սեփխանյանին հարցրեց մեղադրողը:
– Որ իմանայի էս առիթը պետք ա լիներ, ես դաժե համարները մոտս կֆիկսեի:
Նա ավելացրեց, որ Է. Խլղաթյանը մորգում պատմել է, որ տղաները լրիվ նորմալ խոսում էին, իրենք հանգիստ ճանապարհել են նրանց:
Դատավորն արձագանքեց.
– Էդ առաջին էպիզոդն ա, սաղ ասում են՝ լրիվ նորմալ: Բա աննորմալի մասին ի՞նչ կասեք: Երբ Էդիկը խոսում էր, ձեր ականջները փակվա՞ծ էին:
– Բացարձակ չէ, բայց ես չէի էլ սրել,- պատասխանեց Աշոտ Սեփխանյանը:
– Իսկ մորգում էլ ի՞նչ եք լսել: Էդիկը էդ ամենակարևոր պահին լռե՞ց:
– Չէ, ես հեռացա Խլղաթյանի մոտից:
– Էդ ամենակարևոր պահին հեռացա՞ք:
– Ոչ, ամենակարևոր պահին մարդը մեռավ, թե ոնց՝ ինձ համար կարևոր չի:
Դատավորը ոստիկանությանը վերջին անգամ խիստ հանձնարարական տվեց՝ բերման ենթարկել վկաներին (բացի հետախուզման մեջ գտնվող Ազատ Խլղաթյանին և ՌԴ-ում գտնվող Հրանտ Ասլիկյանին, որոնց նախաքննական ցուցմունքները հարպարակելու որոշում կայացվեց, բայց Լևոն Գոգինյանի միջնորդությամբ դա կարվի մյուս վկաներին հարցաքննելուց հետո), հատկապես Օֆելյա Աֆիցերյանին և Ալվարդ Եղիկյանին: Դատարանում նրանց վկայությունը պահանջեցին և կարևորեցին պաշտպանները: Մեծապես այս վկաների ցուցմունքների հիման վրա է առաջադրվել և հիմնավորվել խուլիգանության մեղադրանքը: Այս առնչությամբ Դիլոյանը նկատեց, որ իրենք ողջամիտ կասկածներ ունեն, որ ինչպես այս երկուսը, այնպես էլ այլ վկաներ, գործում նշված ժամերին դեպքի վայրում չեն եղել. փոխարենը դեպքի վայրում եղած վկային հարց չի տրվել՝ ի՞նչ ես տեսել:
Դատավորը հիշեցրեց, որ բավարարավել է լրագրող Ադրինե Թորոսյանին հարցաքննելու միջնորդությունը, բավարարավեց նաև նախքան գրավոր ապացույցների հետազոտումը փորձագետներին դատարան հրավիրելու՝ Ռ. Հակոբյանի միջնորդությունը:
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 25-ին, ժամը 11-ին:
Հովհաննես Սարդարյան
Լուսանկարները՝ Նելլի Դավթյանի