
Աքրամ Այլիսլիին կարող են գրանցել որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային մի շարք հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջադրել 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում:
Նրանք այդ առաջարկը ներկայացրել են Նոբելյան կոմիտեին՝ ընդգծելով, որ Այլիսլին արժանի է այդ մրցանակին Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման հարցում զարմանալի համարձակություն դրսևորելու համար.
«Խաղաղության գորրծընթացը չի կարողանում դուրս գալ փակուղուց, ինչի համար էլ փխրուն խաղաղությունը մշտապես կարող է վերածվել նոր պատերազմի: Միայն հայտնի անձանց ձայները կարող են երկու ազգերին մղել միմյանց ներելուն և վերջապես համաձայնության հասնելուն:
Պարոն Այլիսլին բավականաչափ համարձակ է, որպեսզի անի առաջին քայլը և ձեռք մեկնի թշնամուն: Եվ մենք վստահ ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանել նույն կերպ»:
Հիշեցնենք, որ Այլիսլին 2012 թվականի դեկտեմբերին հրատարակել էր իր «Քարե երազներ» վեպը, որը նա գրել էր դեռևս 2006 թվականին, սակայն այն ժամանակ չէր համարձակվել հրատարակել այն: Հիշեցնենք, որ «Քարե երազներ» վեպում պատմվում է 1918 և 1989 թվականներին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին:
Այս վիպակի հրատարակումից հետո Այլիսլին 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»:
Բաքվում ու Ադրբեջանի մի շարք քաղաքներում այրեցին նրա գրքերը, իսկ նրա տան մոտ կազմակերպվեց բողոքի ակցիա: Իշխանամետ «Ենի Մուսավաթ» կուսակցությունը 12.000 դոլարի պարգև խոստացավ նրան, ով կկտրի գրողի ականջը: Հալածանքների ենթարկվեցին նաև գրողի կինն ու որդին, որոնց հեռացրին աշխատանքից: