Բանավեճ. «Դ!ԵՄ ԵՄ»-ի փաստարկներն ու կառավարության հակափաստարկները
Հայաստանում ներկայիս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների թեման է, որի շուրջ, սակայն, եթերում բանավեճերի, կողմերի կարծիքների բախումների չենք հանդիպի: «168 Ժամը» փորձեց, այսպես ասած, թերթային բանավեճ կազմակերպել «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության և կառավարության միջև: «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները նշում են բազմաթիվ փաստարկներ, որոնց պատճառով էլ դեմ են նոր համակարգին: Այդ փաստարկներից առանձնացվեցին առավել կարևոր 4-ը, որոնց պատասխանել է տնտեսագետ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
Փաստարկ 1 – ՇԱՏ Է ԾԱՆՐԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՎԱՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, քանի որ քաղաքացիներն անհրաժեշտ ծախսերի մի մասը այլևս չեն կարող հոգալ, բացի այդ, ունեն վարկեր և շատ այլ ֆինանսական պարտավորություններ: Այս ամենը կբերի ՀՀ տնտեսության անկման, կնպաստի գնաճին, իսկ այդ ամենի հետևանքով` արտագաղթը կավելանա: ՀՀ-ն այսօր ունի տնտեսական լուրջ խնդիրներ, եթե այդքան շատ են «մտածում» մարդկանց մասին, թող նախ` ներկայի համար կառավարությունը միջոցներ ձեռք առնի, հետո նոր` ապագայի:
Այդտեղ չկա որևէ տրամաբանություն, ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրականում այլ նպատակներ է հետապնդում: Եթե իշխանությունները ցանկանում են պարտադիր կուտակային համակարգով կենսաթոշակի հարց լուծել, ապա դա նման է այն օրինակին, երբ ծնողները երեխային պահեն հին, քրքրված հագուստով, բայց մտածեն այդ երեխայի հարսանիքի մասին ու այդ պատճառով տվյալ պահին զրկեն նրան հագուստից, սնունդից, որպեսզի միջոցները կուտակեն հարսանիքի համար: Ակնհայտ է, որ նրանք չեն մտածում երեխայի մասին:
Արամայիս Շահբեկյան – Ակնհայտ է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է բավարար լինելուց: Սակայն չնկատել առկա իրավիճակը բարելավելուն միտված քայլերը` առնվազն նշանակում է` ցանկություն չունենալ դրանք տեսնելու: Իսկ այդ քայլերը կրում են շարունակական բնույթ: Մյուս կողմից` կենսաթոշակային բարեփոխումները պետք է դիտարկել այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում, մեկ ընդհանրության մեջ: Այս առումով ուզում եմ առանձնացնել աշխատավարձերի ոլորտում վարվող քաղաքականությունը: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում ներդրվելու է պետական հատվածի աշխատավարձերի հաշվարկման (որոշման) նոր համակարգ, որի շրջանակներում էապես ավելանալու են այս հատվածի աշխատավարձերի չափերը: Համակարգի ներդրումն ուղղակիորեն ազդելու է նաև մասնավոր հատվածի աշխատավարձերի մակարդակի վրա:
Բարձրացվելու է նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Շարունակական բնույթ է կրում նաև կենսաթոշակների չափերի բարձրացումը: Ընդ որում, սկսած 2014 թվականից, վերանայվել է կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը, որի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում կենսաթոշակային ապահովությանը հատկացված լրացուցիչ միջոցներն ուղղել ավելի ցածր եկամուտներ ունեցողներին: Այս ցանկը կարելի է շարունակել: Այսինքն, այսօրվա խնդիրների լուծումը ևս գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Ակնհայտ է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը ևս նպաստելու է վերը նշված խնդիրների լուծմանը, քանի որ հանդիսանալու է տնտեսական աճի լուրջ խթան: Այսինքն, համակարգի ներդրման արդյունքները տեսանելի են լինելու թե վաղվա կենսաթոշակառուի համար, թե այսօրվա աշխատողի համար: Իսկ բարեփոխումների անհրաժեշտության մասին շատ է խոսվել, և հարկ չենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Մեր իրականության մեջ ես, համենայն դեպս, չգիտեմ որևէ այլ օրենք, որն ուժի մեջ է մտել ընդունվելուց 3 տարի հետո միայն: Այսինքն` մեր քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ժամանակ, որպեսզի նախապատրաստվեն այդ օրենքը կիրառության մեջ դնելուն, այդ թվում` պլանավորեն իրենց ծախսերը և ֆինանսական առումով պատրաստ լինեն դրան:
Այո՛, մենք ստիպված ենք խնայել, այո՛, մենք ստիպված ենք կրճատել մեր սպառումը, սակայն խնայել, ոչ թե բարձի տակ դնելով, այլ խնայողությունն օգտագործել այնպես, որ այդ միջոցները ներդրվեն այնպիսի ֆինանսական գործիքների մեջ, որոնք կհաղթահարեն ժամանակի ընթացքում սպասվող գնաճի հետևանքները և նոր շունչ կհաղորդեն տնտեսությանը, որը և կարող է խթան հանդիսանալ տնտեսական աճի համար:
Միաժամանակ, վերլուծությունները ցույց են տալիս, որ եկամուտների 5%-ը խնայելը չի կարող էական ազդեցություն ունենալ աղքատության ցուցանիշների վրա, աշխատավարձերի վրա, ընտանիքի սոցիալական վիճակի վրա:
Փաստարկ 2 – Չենք վստահում կառավարության այն խոստմանը, որ գանձած գումարները ապագայում թոշակի տեսքով կվերադարձվեն, ՉԵՆՔ վստահում կառավարության ներկայացուցիչների որևէ խոստման, բացարձակ ՉԵՆՔ վստահում: Հիշենք ԽՍՀՄ-ի օրինակը, հիշենք, թե ՀՀ-ն ինչ տեմպերով է գնում դեպի անկում: Եվ այդ պայմաններում որևէ գիտակից մարդ կհավատա՞ կառավարության խոստմանը` կապված 20-30 տարի հետո կայանալիք իրադարձության հետ: Անգրագիտաբար բերում են ԱՊՊԱ-ի օրինակը, չհասկանալով, որ դա մարդը կարող է զգալ մի քանի ամիս հետո, անմիջապես՝ հենց վթարում հայտնվելիս:
Արամայիս Շահբեկյան – Կառավարությանը վստահել-չվստահելը քաղաքացու անձնական խնդիրն է, որին անդրադարձ չենք ուզում կատարել: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է բարեփոխումների անհրաժեշտությունը, և ներդրվող համակարգի արդյունավետությունը գնահատել այդ ելակետից: Միայն նշեմ, որ պարտադիր կուտակային համակարգի արդյունավետության գրավականը ոչ թե կառավարության տված խոստումն է, այլ օրենքով ամրագրված երաշխիքների համակարգը, իրավակարգավորումների տրամաբանությունը, զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք բխում են բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնելու սկզբունքից:
ԽՍՀՄ ավանդների հետ զուգահեռներ անցկացնելը խոսում է այն մասին, որ մեր ընդդիմախոսները խորքային պատկերացումներ չունեն (կամ, որն ավելի վատ է` չեն ուզում ունենալ) ներդրվող համակարգի մասին: Իսկ ԱՊՊԱ-ի օրինակը բերելիս` խոսքը գնում է ոչ թե բարեփոխումների արդյունքների ժամկետայնության մասին, ինչպես «անգրագիտաբար» նշում են մեր ընդիմախոսները, այլ որևէ բարեփոխում իրականացնելու անհրաժեշտության գիտակցման մասին, այն մասին, որ ցանկացած բարեփոխում, եթե այն կրում է խորքային բնույթ, միանշանակ չի ընկալվում հասարակության մի հատվածի կողմից` որքան էլ այդ բարեփոխումները միտված լինեն հասարակությանը:
Փաստարկ 3 – Այդ կողոպտած ֆինանսական միջոցների մի մասը գնալու է օտար երկրներ, ինչն անթույլատրելի է, ուղղակի ՉԻ ԿԱՐԵԼԻ թույլ տալ նման բան: Մարդկանց քրտինքով աշխատած գումարները կառավարությունն ուղարկում է դուրս, այնինչ մեզ օդի պես անհրաժեշտ է, որ, ընդհակառակը՝ շատ ֆինանսներ հոսեն Հայաստան, ոչ թե դուրս գան:
Արամայիս Շահբեկյան – Զարմանալի է այն փաստը, որ հասկանալով Հայաստանի տնտեսությանը խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակասը, մեր ընդդիմախոսները դեմ են համակարգին: Ակնհայտ է, որ կուտակային միջոցների առնվազն 60%-ը ներդրումների տեսքով ուղղվելու է ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը` ներդրումների տեսքով: Բոլորս էլ հասկանում ենք երկրում ներդրումների կարևորությունը, սակայն կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում այդ ներդրումները պետք է իրականացվեն որոշակի սկզբունքների ներքո.
1) ակտիվների ապահովություն և եկամտաբերություն,
2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,
3) համարժեք իրացվելիության ապահովում:
Այս սկզբունքները լոկ խոսքեր չեն, այլ ենթադրում են կոնկրետ կարգավորումներ և սահմանափակումներ ներդրումներ կատարելիս: Մյուս կողմից` ակնհայտ է, որ ՀՀ ֆինանսական շուկայում դեռևս չկան բավարար ծավալի գործիքներ` կուտակային վճարներից գոյացած ամբողջ միջոցները վերը նշված սկզբունքների ներքո ներդրումներ կատարելու համար: Ըստ այդմ, թույլատրվում է մինչև 40 տոկոսը ներդնել արտարժութային գործիքներում:
Փաստարկ 4 – Օրենքում սահմանված ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8-րդ հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31-րդ հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1-րդ հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Օրենքը նաև խախտում է սահմանադրական մեկ այլ սկզբունք` անձանց սոցիալական վիճակը չի կարող վատթարանալ բարեփոխումների արդյունքում: Սահմանադրությամբ սահմանվում է նաև, որ քաղաքացու կողմից իրականացված վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպությունների:
Արամայիս Շահբեկյան – Հաշվի առնելով, որ Օրենքի սահմանադրականությունը քննարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում` կոռեկտ չեմ համարում անդրադառնալ բարձրացված խնդիրներին:
Փաստարկները փոխանցեց և հակափսատարկները գրի առավ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ