ՀԱԿ-ը գնում է ԲՀԿ

Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես մեզ փոխանցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կայանալիք հանդիպմանը ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի, բայց կուսակցության անդամներից կկազմվի պատվիրակություն, որն էլ կներկայանա հանդիպմանը: «Ես ստացել եմ հրավեր` ձևավորելու պատվիրակություն: Եվ, բնականաբար, չի կարելի բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հանդիպել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ` միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու նպատակով, իսկ առաջիկայում պատրաստվում է հանդիպել նաև ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցությունների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ, ով կուսակցության կողմից լիազորված է մասնակցելու ոչ իշխանական ուժերի միջև տարվող հանդիպումների շարքին, մեզ հետ զրույցում ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման պայմանավորվածություն առայժմ, գոնե վաղվա կտրվածքով, չկա, բայց չբացառեց, որ ապագայում կուսակցության նախագահները կարող են հանդիպել:

«Կարծում եմ, որ ապագայում, «անհրաժեշտության դեպքում, կկազմակերպենք նման հանդիպում»,- ասաց նա: «Ժառանգություն» կուսակցությունն էլ, ինչպես մեզ հայտնի դարձավ, ԲՀԿ-ի կողմից հանդիպման հրավեր չի ստացել: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իրենք ԲՀԿ-ի հետ հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չունեն, ուստի այս պահին ավելին ասել չեն կարող:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, Ռ. Հակոբյանը շեշտեց, որ իրենք կողմ են ոչ իշխանական ուժերի միջև տարվող հանդիպումներին, բանակցություններին, համագործակցությանը:
ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժերի հետ հանդիպումների շարքով փաստորեն նպատակ ունի ստեղծել ազգային համաձայնություն: «Հանդիպումների շարքը պայմանավորված է երկկողմանի հանդիպումների անհրաժեշտությամբ, տեսակետներ են ճշտվում, որոշակի դետալներ են համաձայնեցվում»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Մարգարյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ կառավարության անվստահության հարց ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման ժամանակ չի քննարկվել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Որևէ հարց հենց այնպես քննարկելու համար չի լինում, իսկ ո՞վ ասաց, որ չի քննարկվել։ Այդ հարցը քննարկվում է վաղուց, մենք ևս խոսել ենք դրանից, և առաջիկայում անելիքների մասին կլինի հայտարարություն, թե ինչ ենք մենք անում, որովհետև դա առանձին վերցրած հարց չի, և կախված է բազմաթիվ այլ գործոններից»:

ԲՀԿ-ն ոչ իշխանական մյուս ուժերի հետ հանդիպումների շնորհիվ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով «համոզիչ դրույթներ» է մշակում:

Համենայնդեպս, Ստեփան Մարգարյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման ընթացքում չի արծարծել, ասաց, որ մինչև «հասարակության համար չհրապարակեն այն համոզիչ դրույթները, թե ինչպիսին պետք է լինի երկրի զարգացման ուղղությունը, անիմաստ է հարց բարձրացնել այս կամ այն պաշտոնյայի հեռացման մասին»:

Նա նշեց, որ իրենց նպատակն այն չէ, որ մի պաշտոնյան մյուսով փոխարինվի. «Մենք մեր ծրագիրը համոզիչ կերպով կհրապարակենք, որ կարդացողը հասկանա` մենք ինչ ենք ուզում, իսկ թե ինչպիսին կլինի այն անձը, ով կգա փոխարինման` դա արդեն հետագայի հարց է: Փոփոխություն ասելով` մենք հասկանում ենք այնպիսի կառավարություն, որը կունենա լուրջ աշխատանքի որոշակի սկզբունք, գաղափարախոսություն։

Օրինակ, տնտեսական բնագավառում ինչպիսի քաղաքականություն ենք ենթադրում նոր կառավարություն ունենալու պարագայում, և մենք սա հրապարակելու ենք: Մինչև չլինեն այս և այլ քաղաքական բնույթի հարցերը, թե ինչպիսին ենք ուզում լինի, անիմաստ է խոսել այս մասին»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ մեկնարկած ոչ իշխանական ուժերի քննարկումները, նշեց, թե այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով, ապա շեշտեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ»: Մեր ճշտող հարցին, թե ստացվում է, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կմասնակցեն Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված հանդիպումներին, կդադարե՞ն ընդդիմադիր լինելուց, ՀԱԿ խմբակցության պատգամավորը նախընտրեց չպատասխանել` նշելով. «Ես զերծ կմնամ որևէ որակումից»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ, ի պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչ արդյունք ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, նշեց. «Նպատակը հետևյալն է` քննարկել երկրում ստեղծված ներկա կացությունը, առկա մարտահրավերները, փորձել գտնել ելքեր այս իրավիճակից, փորձել ուրվագծել համագործակցության շրջանակը երկու քաղաքական ուժերի միջև: Զրուցել ենք մոտավորապես 1 ժամ 40 րոպե, տեսակետներ ենք փոխանակել, փորձել ենք գտնել ընդհանուր եզրեր, ու, բնականաբար, սա շարունակություն կունենա, կգնանք առաջ»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է կրկին հանդիպելու մասին, թե՞ մեկ հանդիպումով ամեն ինչ ավարտված է: «Կոնկրետ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Երկրորդ հանդիպումը կախված կլինի մեր աշխատանքից, մեր ծրագրերին կհետևեն գործողությունները, քայլերը, հետո անցում կկատարենք հաջորդ քայլին»,- պատասխանեց Աղվան Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս