Հրանտ Բագրատյան. Բա որ Սերժ Սարգսյանը սխալվի, ո՞նց եք հակակշիռը ստեղծելու
«Սա լուրջ օրենք է և ենթադրում է որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ պետության կառավարման մեջ»,- Միասնական քննչական մարմնի ստեղծման մասին խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ դատաիրավական համակարգի փոփոխությունները պատրաստ են եղել դեռևս 90-ականների կեսերից, ապա նշեց, թե կցանկանար այս հարցը տեսնել ՀՀ սահմանադական զարգացման ընդհանուր կոնտեքստի մեջ:
«Այդ առումով ուզում եմ բարձրացնել երեք հարց. 2005 թվականին մենք փլեցինք Սահմանադրության տեսլականը՝ նախագահին հնարավորություն տվեցինք քաղաքացիական պաշտոնում մարդկանց նշանակել: Սա բերում է նրան, որ այսօր գործադիր իշխանության կեսը կառավարության հետ կապ չունի, օրինակ, Ոստիկանությունը, Հարկային տեսչությունը… դրանք գործադիր մարմիններ են, դրանք պետք է լինեին Կառավարության կազմում: Ոստիկանության պետը կառավարության անդամ չէ, ավելի ցածր է, բայց քանի որ նախագահն է նրան նշանակում, միևնույն ժամանակ՝ ավելի բարձր է… այս աննորմալ զարգացումները էռոզիայի են ենթարկում պետականության հիմքերը»,- ասաց Բագրատյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ պետք է դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ այնտեղ տրամաբանություն չկա: «Ո՞նց կարող է միևնույն մարդը նշանակի և՛ էն մարդուն, որ դատում է, և՛ նրան, որ քննելու է այդ գործը, ո՞նց կարելի է էնտեղ տեսնել իրավաբանություն… Իհարկե, կներեք ինձ, ես տնտեսագետ եմ… և սրանք դուրս են պետության զարգաման որևէ տեսլականից: Բա որ Սերժ Սարգսյանը սխալվի, ո՞նց եք հակակշիռը ստեղծելու: Ի վերջո, նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ նախագահի՞ն, խոսքն անձերի մասին չէ, այլ ինստիտուտների, ո՞նց կարող է քննիչին ու դատավորին նշանակողը նույն մարդը լինի»,- եզրափակեց նա: