Ումի՞ց է պակաս ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկում, գլխավոր դատախազությունը և ընդհանրապես դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից»,- այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, թե կայացած փոփոխությունները ոչ մի դրական արդյունքի էլ չեն հանգեցրել, ինչի մասին վկայում է այն, որ մինչև օրս բացահայտված չեն ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի, Ավետիք Բուդաղյանի ու Մարտի մեկի տասը զոհերի սպանությունները, քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերը:
Թե ինչո՞ւ որակական փոփոխությունների չեն հանգեցրել, ըստ Փաշինյանի, պատճառն այն է, որ այդ փոփոխություններն ունեցել են ձև ու չեն ունեցել բովանդակություն, իսկ եթե ունեցել են, ուրեմն եղել են ներիշխանական, ինտրիգային ու ինչ-որ տեղ նաև` անձնավորված:
Ինչ վերաբերում է քննչական կոմիտե ստեղծելու նախաձեռնությանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքը վերնագրված է «Քննչական կոմիտե»-ի մասին, բայց սա իրականում, պատգամավորի համոզմամբ, օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու մասին: Ըստ նրա՝ Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ կոմիտեն ստեղծելու անհրաժեշտություն ծագեց այն ժամանակ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չվերանշանակել Ա. Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում, որովհետև Աղվան Հովսեփյանը, Փաշինյանի դիտարկմամբ, 15 տարի գլխավոր դատախազ աշխատելու ընթացքում լուրջ լծակներ էր ձեռք բերել, իսկ նախագահը պիտի ցույց տար, որ առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին:
«Հիմա տեղավորում է, որովհետև չի ուզում, որ Աղվան Հովսեփյաննան իր ստվերային ու այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը»,- հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանը նման մի կոմբինացիա էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դեպքեում իրականացրեց՝ 2012 խորհրդարանական ընտրություններից առաջ նրան պաշտոնակ անելով, ապա վերանշանակելով:
Նա նշեց, որ օրենքը որոշակիորեն նվազեցնում է ոստիկանապետի ու ՊՆ-ի ազդեցությունը, ապա հայտարարեց. «Ըստ ամենայնի, նրանցից մեկի մոտ որոշակի քաղաքական ամբիացիաներ է նկատում, իսկ մյուսին էլ տեսնում է, որ ուրիշներն են փորձում քաղաքական առաջնորդի դերակատարում վերապահել»:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն այս քայլով ուժեղացնում է վարչապետին, ով «ի հեճուկս բոլոր ջանքերի` այդպես էլ չի կարողանում ուժեղանալ, բայց մի հատ էլ է լծակ տալիս՝ Հատուկ քննչական կոմիտեի պետը պաշտոնը այս փաթեթով վերցնումէ գլխավոր դատախազից ու տալիս վարչապետին»:
«Այնպես որ Աղվան Հովսեփյանը հավատարմության երդում երկու տեղ պիտի տա՝ կառավարությունում ու Բաղրամյան 26-ում»,- ասաց նա:
Նա ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին, ապա նշեց, որ եթե բոլորը դեմ քվեարկեն, Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա, կմնա գործազուրկ ու կդառնա «բավական երիտասարդ թոշակառու, և մի քանի ամսից կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Հայաստանի դատական համակարգը, ինչ հրեշավոր մեթոդներով են վարում նախաքննությունը, ու նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության»:
«Գուցե նրա ներուժը այն պակասող դետալն է, որ Հայաստանում իշխանափոխության համար պայքարողներին այդ բաղձալի իշխանափոխությունն անելու համար չի բավարարում, և այս նկատառումներով դեմ եմ քվեարկում, որպեսզի Աղվան Հոսվեփյանն ի վերջո միանա հանուն ազատության, արդարության, պայծառ ապագայի մղվող պայքարին, ի վերջո ումի՞ց է պակաս ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Արդարադատության պետական խորհրդարական Աղվան Հովսեփյանը»,- եզրափակեց նա: