Բաժիններ՝

Ուկրաինան ԽՍՀՄ-ի վերակենդանացման բանալին է. Բժեզինսկի

Euro News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական (երբ ԽՍՀՄ-ը ներխուժեց Աֆղանստան), 85-ամյա Զբիգնև Բժեզինսկին անդրադարձել է Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած ճգնաժամին.

«(Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի ներկայիս գործողություններն ինձ համար ընդհանրապես անսպասելի չէին, որովհետև նա Խորհրդային Միության փլուզումը որակել է որպես 20-րդ դարի մեծագույն աղետ: Պարզապես խորհեք, թե ինչ է նշանակում դա:

20-րդ դարում գրանցվել է Առաջին համաշխարհային պատերազմ. միլիոնավոր սպանվածներ, Երկրորդ համաշխարհային պատերազմ. միլիոնավոր ու միլիոնավոր սպանվածներ, ինչպես նաև Հոլոքոսթ: Եղել է նաև «Սառը պատերազմ». համայն մարդկության համար միջուկային աղետի սպառնալիք:

Սակայն ոչ, այս ամենն այդքան նշանակալից չեն, որքան այն պետության վերացումը, որում նա (Պուտին) հանդիսացել է ՊԱԿ-ի գործակալ: Նա ցանկանում է վերակենդանացնել Խորհրդային Միությունը, և Ուկրաինան դրա գինն է: Եթե նա կարողանա ձեռք գցել Ուկրաինան, ապա կարող է փորձել իրագործել իր երազանքը: Անկասկած է, որ նա ունի ինչ-ինչ հաշվարկներ, սակայն իմ կարծիքով` դրանք կապված են կարճաժամկետ հեռանկարի հետ:

Օրինակ, նա քողարկում է զինվորներին, որոնց ուղարկում է Ղրիմ: Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղից եկան այդ մարդիկ, Մարսից իջա՞ն, ինչ է: Դա ակնհայտի հերքումն է և նման է նրան, որ մաֆիան որևէ գանգսթերի սպանելու համար ուղարկում է դիմակավոր անձանց: Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում: Բոլորը գիտեն, որ նրանք Ռուսաստանից են, սակայն վերջինս հրաժարվում է նրանցից:

Ինձ թվում է, որ երբ նա ընդունել է այդ որոշումը, պլանավորել է գնալ ավելի առաջ: Այդ դեպքում, եթե Ուկրաինայի կողմից չլինի արձագանք, եթե Արևմուտքի կողմից չլինի որևէ արձագանք, ապա նա կարող է այդ հնարքը կրկնել Ուկրաինայի Արևելքում` շրջանը շրջանի հետևից միավորելով և արդյունքում մասնատել Ուկրաինան ու սեփական ընտրությամբ կառավարություն նշանակել Կիևում:

Մենք պետք է ռուսներին հասկացնել տանք, որ եթե նրանք լրջորեն են տրամադրված Ուկրաինայի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում, սակայն ոչ իր պայմանների 100 տոկոսով, ապա մենք պատրաստ ենք նպաստել դրան, քանի որ մենք չենք ցանկանում, որ Ուկրաինայի հետ հարաբերություններում լինի մենատիրություն:

Այդ երկիրն օգնության կարիք ունի, նրան անհրաժեշտ է կայունություն: Ե´վ մենք, և´ ռուսները կարող ենք համագործակցել այդ հարցում: Միևնույն ժամանակ մենք կարող ենք վստահեցնել ռուսներին, որ մեր նպատակը չի հանդիսանում Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելը, ինչը ռուսները կարող են դիտարկել որպես ռազմական սպառնալիք:

Բացի այդ, ուկրաինացիների մեծ մասը չի ձգտում դեպի ՆԱՏՕ, սակայն նրանք ցանկանում են լինել անկախ: Այնպես որ դա ամբողջովին համընկնում է քաղաքական իրականության հետ: Սակայն միևնույն ժամանակ մենք պետք է շատ հանգիստ և ոչ նվաստացուցիչ ձևով հասկացնել տանք, որ եթե նա (Պուտինը) համաձայն չէ դրա հետ, եթե նա պատրաստվում է ավելի առաջ գնալ և սպառնալ Ուկրաինային, ապա հետևանքներն անխուսափելի են:

Եթե ռուսները չնահանջեն Ղրիմից, ապա ես երաշխավորում եմ, որ ուկրաինացիների մեծ մասը, որոնք այժմ չունեն հակառուսական տրամադրություններ, կփոխեն իրենց դիրքորոշումը: ԱՄՆ-ն ու Եվրոպան կարող են կասեցնել Ռուսաստանի հետ տնտեսական պայմանավորվածությունները:

Արտասահմանում գտնվող ռուսների հաշվեհամարները կարող են սառեցվել: Գոյույթյուն ունեն նմանատիպ բազմաթիվ եղանակներ` ռուսներին հասկացնել տալու համար, որ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում այդպիսի գործողությունենրը կարող են նրանց համար հանգեցնել իրական նյութական կորուստների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս