Գագիկ Ծառուկյանին հարցրեք` համարձակություն կունենա՞ Իվանիշվիլի դառնա, թե՞ չէ

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի համոզմամբ` ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլի չի դառնա:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Հարությունյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված համեմատությանը: Առաջին նախագահը ելույթում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչո՞վ է պակաս Ծառուկյանն Իվանիշվիլիից, ուստի այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը` համեմատելով այս անձանց: «Կարծում եմ` նա նկատի ուներ, որ հարուստ մարդ է, սա հարուստ մարդկանց համեմատություն էր»,- պատասխանեց ՀԺԿ վարչության քարտուղարը:

Մեր հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ Իվանիշվիլի, Գրիգոր Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ճիշտն ասած, չէ, իմ կարծիքով` չի դառնա»:

Նա չմանրամասնեց, թե ինչո՞ւ է թերահավատ այս հարցում, միայն նշեց, թե դա իր սուբյեկտիվ կարծիքն է, ապա պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք պատճառն այն է, որ Գ. Ծառուկյանն այդքան համարձակություն չի՞ ունենա` նշեց. «Չեմ կարող ասել, իրեն հարցրեք, հարցրեք` համարձակություն կունենա՞ Իվանիշվիլի դառնա, թե՞ չէ: Համեմատությունն ինձ համար ճիշտ չէր: Ես Իվանիշվիլիին էլ լավ չեմ ճանաչում, բայց ինքը Վրաստանում լուրջ նպատակների հասավ, ու ես չեմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի անցնել այն, ինչ Իվանիշվիլին անցավ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն տեսակետներին, թե Լ. Տեր-Պետրոսյանի համեմատությունը մեսիջ էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ, Գրիգոր Հարությունյանն ասաց, թե քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ` միաժամանակ շեշտելով, թե տվյալ տարբերակն իրականանալի չէ:

«Այսօր ես չեմ տեսնում նման հնարավորություն»,- նշեց նա:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը չի կարող ընդդիմության լիդեր դառնալ, արդյոք այս հարցո՞ւմ էլ Գ. Ծառուկյանը ցանկություն չի դրսևորում, ՀԺԿ քաղխորհրդի քարտուղարն ընդգծեց. «Միակողմանի չեն լինում գործոնները, դրանք լինում են բազմավեկտոր, միայն մեկի ցանկությամբ հո չի՞ լինում: Կարող է` Ծառուկյանը ցանկանում է դառնալ այդպիսին, բայց ուրիշները ցանկանո՞ւմ են… այնպես որ, միանշանակ չէ»:

Ի պատասխան ճշտող հարցին, թե ոչ իշխանական մյուս ուժերը չե՞ն ցանկանա Գ. Ծառուկյանին տեսնել առաջնորդի դերում, Հարությունյանը հորդորեց` չբացառել ոչինչ:
Նա նշեց, թե միասնական ընդդիմության լիդերի դերում շատերը կան, բայց նախընտրեց նրանց անունները չտալ:

«Այսօր շատերը կան, բայց ոչ մեկին չեմ ասի, ինչի՞ ասեմ: Ինչի՞ եք մտածում, որ ընդդիմության դաշտում չկան մարդիկ, որ կարող են շատ-շատ ավելի լավը լինել, քան այսօրվա իշխանավորները: Ո՞նց կարող է չլինի մի մարդ, որ առաջնորդի…: Պետք չէ որևէ մեկին ֆետիշացնել, փառք Աստծո, մեր ազգն ունի այդ ներուժն, ու կան շատերը, որ կարող են կառավարել այս երկիրը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի համախմբման հնարավորությանը, ապա Գրիգոր Հարությունյանը միասնականությունը գնահատեց դրական ու նշեց.

«Օրինակները կան, որ կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն ստացվել է, թե ինչպիսին կլինի հետագա զարգացումը, կյանքը ցույց կտա»: Հարցին, թե արդյոք համախմբվածությունը կշարունակվի՞ այնպիսի հարցերում, ինչպիսին կառավարությանն անվստահություն հայտնելն է, նախագահի հրաժարականը պահանջելն է, ՀԺԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Երկրում գոյություն ունի միակ մեկ գլոբալ հարցը` օրինական իշխանության ձևավորումը, իսկ կառավարությունն այդ իշխանական թևի մի փոքր մասն է: Այդ հարցի շուրջ համագործակցելու ցանկություն ես տեսնում եմ, թե ի՞նչ կտա այդ համագործակցությունը, կստացվի՞, չի՞ ստացվի, ցույց կտա ժամանակը»:

Հարցին, թե նախագահի հրաժարականի հարցում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մասնակցություն կունենա՞ն, կմիանա՞ն այդ պահանջին, Հարությունյանը դժվարացավ պատասխանել` հորդորելով հարցն ուղղել այդ կուսակցություններին, բայց շեշտեց, որ իր համար ընդունելի չէ միայն վարչապետի հրաժարականը պահանջելու այդ ուժերի դիրքորոշումը: «Վարչապետի մասով ինձ համար ընդունելի չէ, ինձ համար ընդունելի է ամբողջական իշխանափոխության մոտեցումը»,- նշեց նա, ապա հավելեց, որ չի կարող ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի փոխարեն պատասխանել` կգնա՞ն նրանք ամբողջական իշխանափոխության տարբերակով, թե՞ ոչ:

«Ամբողջ հարցն այն է, թե չորս ուժերը միասին համակարգային փոփոխության կգնա՞ն, թե՞ չեն գնա: Կառավարության փոփոխությունը կարող է համակարգային փոփոխություններին հասնելու տարբերակներից մեկը լինել, համակարգային փոփոխությանը հասնելու ճանապարհներից, երևի, մեկը կարող է դառնալ: Իսկ ես կարծում եմ, որ անձերի փոփոխությունով երկրում որևէ բան չի փոխվի, համակարգային պետք է լինի փոփոխությունը»,- շեշտեց նա:

Մեր դիտարկմանը, թե վարչապետին փոխելով` անձի փոփոխություն է կատարվում, շատերի կարծիքով` «Տիգրան Սարգսյանին պարզապես փոխարինելու է գալու մեկ այլ Տիգրան Սարգսյան», Գրիգոր Հարությունյանն այսպես արձագանքեց. «Դե, ասում են, ասում են, կարող է ասեն, որ նախագահին փոխենք, մի ուրիշ նախագահ է գալու, բան չի փոխվելու…»:

Տեսանյութեր

Լրահոս