Անտեսվող Հայաստան
Երբ սեպտեմբերի 3-ից հետո ընդդիմությունը, փորձագետները կարծիք են հայտնում, որ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարելով` Հայաստանը հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ, դադարելու է ընկալվել` որպես ինքնիշխան սուբյեկտ, իշխանությունները պատասխանում էին ու են, թե դրանք շահարկումներ են, որ «և-և»-ի քաղաքականությունը շարունակվում է, որ ՀՀ-ն աշխարհում ընկալվում է` որպես հավասարակշռված ու իմաստուն քաղաքականություն իրականացնող երկիր, և այլն:
Սակայն միջազգային քաղաքական ասպարեզում ընթացող, մեղմ ասած, բուռն զարգացումները, այդ զարգացումներում ՀՀ-ի՝ նույնքան բուռն պասիվությունն ու իներտությունը վկայում են հակառակի մասին: Դրա լավագույն «ցուցիչներից» մեկն էլ նախօրեին Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նստաշրջանն էր, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ելույթը նույն «և-և»-ի ոգով էր ու մոտավորապես այն մասին էր, որ չնայած Հայաստանը գնում է Մաքսային միություն, սակայն ցանկանում է գնալ նաև Եվրոպա: Սակայն ուշագրավ է ոչ այնքան այդ ելույթը, որքան դուբլինյան նստաշրջանում Ս. Սարգսյանի ունեցած հանդիպումների, մեղմ ասած, համեստ ցանկը:
«Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Ս. Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել ԵԽ «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ»,- տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Այն դեպքում, երբ Դուբլինում էր գտնվում Եվրոպայի քաղաքական ողջ վերնախավը, եվրոպական գրեթե բոլոր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետերը: Ինչո՞ւ նրանցից որևէ մեկը չի հանդիպել Ս. Սարգսյանին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ նույն եվրոպացի պաշտոնյաների կողմից արժանանում էր առանձնակի ընդունելության և գնահատանքի:
Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերևս, շատ պարզունակ կհնչի և չի արտահայտի իրականությունը: Հակառակը՝ իրականում Հայաստանը, հատկապես` ուկրաինական իրադարձություններից հետո, Եվրոպայի համար շատ ավելի մեծ արժեք է ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եվրոպացի պաշտոնյաները չեն օգտագործել պատեհ առիթը և երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ չեն ունեցել Ս. Սարգսյանի հետ:
Ըստ ամենայնի, այն պատճառով, որ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ի վերաբերյալ կարևոր հարցերը նրանք քննարկում են Ռուսաստանի հետ: Իսկ ՌԴ-ի հետ հարաբերություններում, հիմա հասկանալի է՝ առանցքայինն Ուկրաինական հարցն է:
Ի դեպ, նույն միջոցառմանը ՀՀ-ից մասնակցել է նաև ԵԺԿ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Թե ում հետ է նա հանդիպել Դուբլինում, դժվար է ասել: Սակայն «Ժառանգության» լրատվական ծառայությունը «մանր շուստրիություն» է արել և «հանդիպում» բառը փոխարինելով «զրուցել» ու «կարծիքներ է փոխանակել» եզրերով` հրապարակել է Ր. Հովհաննիսյանի «զրուցակիցների» մի ներկայանալի ցուցակ:
«Կոնգրեսի շրջանակներում Ր. Հովհաննիսյանը զրուցել է Եվրոպայի տարբեր երկրների պաշտոնյաների և պատվիրակների հետ, այդ թվումգ»,- կարդում ենք «Ժառանգության» հաղորդագրությունում, որտեղ «այդ թվում»-ից հետո ներկայացվել են թվով 11 այնպիսի անուններ, ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին և այլք: Ամենայն հավանականությամբ, Ր. Հովհաննիսյանը, սովորության համաձայն, միջանցքներում բարևել է նշված գործիչներին, նրանք էլ՝ քաղաքավարությունից ելնելով, պատասխանել են: Ո՞վ կարող է ասել, որ բարևներ փոխանակելը զրույց կամ կարծիքների փոխանակում չէ:
Ի դեպ, նախագահի աշխատակազմը կարող է փոխառել «Ժառանգության» գործընկերների կրեատիվիզմը և յուրաքանչյուր միջազգային միջոցառմանը Ս. Սարգսյանի մասնակցությունից հետո տարածել նրա «զրուցակիցների» ներկայանալի ցուցակներ: