Բաժիններ՝

Մորմոնականները փորձում են մարդկանց «լուսավորել» անգամ հայոց հոգևոր կենտրոնում

Բազմիցս կրոնական տարբեր կազմակերպությունների քարոզիչների կարելի է տեսնել փողոցներում, որոնք «լուսավորում են» մեր հայրենակիցներին, խաբեությամբ, գեղեցիկ խոսքերով մոլորեցնում, իրենց պառակտիչ և քայքայիչ քարոզչությունը տարածում հատկապես հասարակական վայրերում, մինչդեռ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի» 8-րդ հոդվածն արգելում է ՀՀ տարածքում հոգեորսությունը: Նույն օրենքի 7-րդ հոդվածի Գ կետը կրոնական կազմակերպություններին հասարակական վայրերում արտոնում է իրականացնել կրոնական գործունեություն միայն կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով:

Եվ քանի որ ցայսօր ՀՀ-ում սահմանված չէ հոգեորսություն տերմինը, կրոնական կազմակերպություններն ազատորեն կարողանում են տարբեր մեթոդներով իրագործել քողարկված հոգեորսություն, որի դրսևորումներից մեկին ցանկանում ենք անդրադառնալ:

Անցած շաբաթ պատահաբար Մայր Աթոռի պարիսպի մոտ տեսա երկու երիտասարդի, որոնք առանձնանում էին կրոնական կազմակերպությունների քարոզիչներին հատուկ հագ ու կապով, պայուսակներով և փողկապներով: Երիտասարդները առանձնանում էին նաև հավելյալ տարբերանշաններով` անվանաքարտերով (բեյջ), որոնց վրա գրված էր նրանց և կրոնական կազմակերպության անունները:

Մոտեցա երիտասարդներին և հարցրեցի, թե ո՞վքեր են և ի՞նչ նպատակով են Էջմիածնում, նրանք անակնկալի եկան: Անկասկած նրանց նպատակը մարդկանց ուշադրությունը իրենց վրա սևեռելն էր, թերևս չէին սպասում, որ նրանց եկեղեցական կմոտենա: Ի պատասխան հարցմանս՝ նրանք ներկայացան իբրև «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» երեցներ:

Նրանցից մեկը հայազգի երիտասարդ էր, որ Ավստրալիայից 2 տարի ժամանակահատվածի համար ծառայության էր նշանակվել Հայաստանում, իսկ մյուսը՝ այլազգի, ով դժվարությամբ  էր կարողանում խոսել հայերեն: Թե ինչ նպատակով էին այս երկու երիտասարդները եկել Էջմիածին, կարծում ենք` ակնհայտ է:

Երբ ես նրանց գործունեությանը հակադրեցի վերոգրյալ օրենքի համապատասխան կետը, նրանք անմիջապես պատասխանեցին, որ չեն քարոզում, այլ միայն շրջում են քաղաքով, և եթե որևէ մեկին հետաքրքրի իրենց ուսմունքը, ապա միայն այդ պարագային նրանք կքարոզեն: Թեև նրանց անվանաքարտերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ բացահայտ քարոզչություն, որով նրանք փորձում էին գրավել մարդկանց ուշադրությունը: Նրանք հպարտությամբ գրպաններից հանեցին և ցույց տվեցին իրենց վերադասի կողմից հաստատված մի վկայական, որտեղ նշված էր, թե իրենք Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու քարոզիչներ են՝ լիազորված քարոզելու «Ավետարանը», բայց քարոզչության վայրի և տարածքի մասին խոսք չկար:

Մեր զրույցի ժամանակ փորձեցի հասկացնել նրանց, որ իրենց գործելաոճը քողարկված հոգևորսություն է և անընդունելի նաև բարոյական տեսանկյունից՝ շեշտելով, որ եթե այդքան ջերմեռանդ պաշտպաններ են և քարոզիչներ Աստծո խոսքի, ապա ըստ Ավետարանի, իրենց «լուսավորությունը» պետք է տարածեն ոչ թե երկուհազարամյա քրիստոնյա Հայաստանում, այլ անհավատների շրջանում:

Երիտասարդները շարունակ կրկնում էին, որ իրենք «վկայություն են տեսել» ի տարբերություն ինձ, ուստի դժվար է իրենց հասկանալը, դրա համար ժամանակ և հոգևոր ճիգ է պետք: Բավական երկար քննարկումից հետո, պարզից էլ պարզ էր, որ նրանք իրենց աշխատանքն էին կատարում և չէին ընկալում ասածներս, քանզի կրկնում էին անգիր արած ինչ-որ արտահայտություններ:

Այս ամբողջ զրույցի ընթացքում ամենամեծ ցավն այն էր, որ երբ համառոտ ներկայացրեցի Հայ Եկեղեցու պատմությունը, առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, հայազգի երիտասարդն առանց քաշվելու և ամոթի հակադարձեց, որ մեր պապերն ապրել են սխալ հավատքով, ուստի իր քարոզչությամբ նա ցանկանում է հայ ժողովրդին «դարձի բերել և լուսավորել»:

Սա մի ցավալի փաստ է և մտորելու առիթ բոլորիս համար, որը բացահայտ ցույց է տալիս և ապացուցում, որ կրոնական կազմակերպություններն իրենց ուսմունքը տարածելու և նենգ նպատակներին հասնելու համար ոչնչի առաջ չեն կանգնում, օգտվում են անգամ իր ազգային ինքնությունից, պատմությունից, մշակութային ժառանգությունից անտեղյակ հայորդու թուլությունից, ով անգիտակցաբար գալիս է անգամ հայոց հոգևոր կենտրոն և փորձում իր նախնիների «սխալը» ուղղել:

Հ.Գ Հրապարակման նպատակն է զգուշացնելու մեր ժողովրդի զավակներին, որպեսզի հեռու մնան փողոցում հանդիպող պատահական «քարոզիչներից»:

Տ. Պարթև աբղ. Բարսեղյան
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս