Հայաստանը հայտնեց իր դիրքորոշումը Պուտինի ուկրաինական ագրեսիայի վերաբերյալ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում քննարկվող հիմնական հարցն այն է, թե ինչու ՀՀ իշխանությունը որևէ դիրքորոշում չի հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում և, առավել ևս՝ Ղրիմ ռուսական զորք մտցնելու և այդ երկրի նկատմամբ Ռուսական կողմից հայտարարված ագրեսիայի վերաբերյալ: Իրականում ՀՀ իշխանությունը շատ լավ էլ դիրքորոշում հայտնում է, և, եթե մինչև հիմա դա անում էր լռությամբ, ապա այսօր այդ դիրքորոշումը նաև հրապարակային ներկայացում է ստացել:

Արդեն առիթ ենք ունեցել արձանագրելու, որ անգամ լռությունն ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգության, այլ պետության ներքին գործերին ռազմական ճանապարհով միջամտելու անթաքույց քայլի առնչությամբ՝ գրեթե նույնն է, ինչ աջակցությունն ու այդպիսով՝ նաև մեղսակցությունը Ռուսաստանի քայլերին: Այդ պասիվ դիրքորոշումը ՀՀ իշխանությունը որդեգրել է Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի առաջին իսկ օրվանից: Սակայն այսօր իշխանությունը ցույց է տվել նաև ակտիվ դիրքորոշում:

Քիչ առաջ Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտից Ոստիկանությունը՝  ձեռքերը ոլորելով, բերման է ենթարկել մի քանի ակտիվիստների, ովքեր դեսպանատան առջև ակցիա էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ պատերազմ սանձազերծելու քայլի առնչությամբ:

«Պուտին, ֆաշիստ», «Խաղաղություն՝ ժողովուրդներին, պատերազմ՝ իշխանություններին», այս և նման կարգի այլ պաստառներով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտել խաղաղ, միանգամայն խաղաղ ակցիայով՝ չխախտելով որևէ օրենք: Հասկանալի է, որ եթե Ոստիկանությունը չմիջամտեր, ապա նրանք որոշ ժամանակ վանկարկելու էին իրենց կարգախոսները և հեռանային: Սակայն Ոստիկանությունն անթաքույց ագրեսիվությամբ փորձել է կանխել ակցիան:

Դժվար է ասել՝ Ռուսաստանի՞ց են Հայաստանի իշխանությունները նման ակցիաներն այս ձևով կանխելու հրահանգ ստացել, թե՞ ՀՀ իշխանություններն են օգտվել ակտիվիստների ընձեռած հնարավորությունից՝ այսպիսով Պուտինին ցույց տալով իրենց հավատարմությունն ու աջակցությունը: Ամեն դեպքում, սա, ինչպես նշեցինք,  ոչ այլ ինչ է, քան Ուկրաինական ագրեսիան պաշտպանելու ակտ:

Հետաքրքիր, սակայն, միևնույն ժամանակ՝ հասկանալի է, որ իշխանությունները նման կերպ պաշտպանում են միայն Ռուսաստանի դեսպանատունը: Այլ երկրների դեսպանատների առջև ոչ միայն կարելի է նման ակցիաներ կազմակերպել, այլև  իշխանությունները՝ իրենց երիտթևերի միջոցով, աջակցում են այդ ակցիաներին, երբ, ասենք, որևէ երկիր ոչ հայանպաստ դիրքորոշում է հայտնում Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղյան հարցի կապակցությամբ:

Սակայն Ռուսաստանն անձեռնմխելի է: Նրան պաշտպանում են ՀՀ իշխանությունները: Ինչպես աշխարհում՝ այլ երկրների դեմ ագրեսիա իրականացնելու հարցում, այնպես էլ երկրի ներսում՝ սեփական քաղաքացիների դեմ ագրեսիա իրականացնելու միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս