Բաժիններ՝

Գյուղատնտեսության աճն այս տարի կարող է կազմել 10%. փոխնախարար

Բարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում այս տարի գյուղատնտեսության աճը կկազմի մոտ 10%: Նման կանխատեսում այսօր ասուլիսի ժամանակ արեց ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը՝ նշելով, որ անցած տարի գյուղմթերքների արտադրության գծով 6.6% աճ է եղել, իսկ տարեվերջին ցանքատարածությունների մակերեսը կազմել է 318 հազար 68 հա՝ 14 հազար հեկտարով ավելի, քան նախորդ տարի:

Ըստ նրա՝ սերմացուի ներկրման աշխատանքները շարունակվում են, ժամանակին կիրականացվեն, որպեսզի ցանքսը ժամանակին կատարվի:

Ս.Գալստյանը կարևորեց, որ այս տարի բացի ազոտական պարարտանյութից կներկրվեն նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, և մեր հողերի սնանկացումը կդադարեցվի. «Առանց կոմպլեքս պարարատանյութերի հնարավոր չէ կայուն, բարձր բերք ստանալ»: Նրա խոսքով՝ 50 կգ-ոց 1 պարկ ազոտական պարարտանյութը գյուացուն կտրվի 6000 դրամով, ֆոսֆորական և կալիումականը՝ 7000 դրամով:

Մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը դիզելային վառելիքի պահանջարկը ՀՀ-ում կազմել է 17 մլն 641 հազար լիտր (անցած տարվանից մոտ 2 մլն լիտր ավելի): Փոխանախարարը նշեց, որ որոշվել է սահմանափակում մտցնել՝ միավորի համար կտրվի 200 լիտր, առավելագույնը՝ 600 լիտր վառելք, որպեսզի չարաշահումներ չլինեն. «Խոշոր հողատերերը կարող են շուկայական պայմաններով օգտվել շուկայից: Կոոպերացիաների դեպքում վառելիքն ու պարարտանյութը կտրվի անդամների ստրագրությամբ»:

Ս.Գալստյանը շեշտեց, որ վառելիքն ու պարարտանյութը կմատակարարվի միայն նախապես վճարումները կատարելու դեպքում:

168.am-ի հարցին, թե նախապես վճարելու համար որքա՞ն միջոցների անհրաժեշտություն կլինի և որտեղի՞ց գյուղացուն այդքան գումար, Ս.Գալստյանը պատասխանեց, որ անցած տարի էլ վճարումը կատարել են, հետո ստացել և դա արդեն պրակտիկա է. «Անցած տարի հավաքագրումների գործընթացը որոշակի ձգձգվեց: Նորույթ չէ, որ պետք է վճարեն նոր ստանան, արդեն դա գործում է 3-րդ տարին: Սերմացուի վճարումների նախապես կատարելը սկսվել է անցած տարի»:

Փոխնախարարը նաև նշեց, որ գարնանացան գարու սերմացուն գյուղացուն կտրվի 200 դրամ/կգ գնով, առվույտի սերմացուն՝ 1500 դրամ/կգ, եգիպտացորենի սերմացուն՝ 350 դրամ/կգ, կորնգանի սերմացուն՝ 370 դրամ/կգ, պետության սուբսիդավորումը կազմում է 40-45%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս