Ում և ինչ ցույց տվեց մարտի 1-ի հանրահավաքը

Մարտի 1-ին Ազատության հրապարակում բավական մեծ թվով մարդ էր հավաքվել: Մի մասը հրապարակ էր գնացել հետաքրքրությունից դրդված, մի մասին հանձնարարել էին այնտեղ լինել, բայց հավաքվածների մի հատված իսկապես համոզված էր, որ Ազատության հրապարակում լուծվելու է Հայաստանի ապագայի հարցը, լուծվելու է Հայաստանի իշխանության հարցը, ու իրենք պարտավոր են լինել այնտեղ:

Երևի Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ` հավաքվածների մի մասը պնդում էր, որ Հայաստանում էլ է սկսվելու իշխանափոխության գործընթաց, որն առնվազն երկու ամսում հասցնելու են հաղթական ավարտի: Այդպես մտածողների ու շրջապատին համոզողների մեջ քիչ չէին մարդիկ, ովքեր կարծես բավական մոտ են գտնվում ընդդիմության ղեկավարներին, և նրանք դա ասում էին այնպիսի համոզմամբ, որ թվում էր, որ իրենք ներկայացնում են ոչ թե իրենց անձնական ցանկությունը կամ պատկերացումները, այլ հենց ընդդիմության առաջին էշելոնի լիդերների որոշումը:

Հանրահավաքից առաջ ասվում էր, որ մարտի 1-ի հանրահավաքը լինելու է նախապատրաստական. որպեսզի տեսնեն, թե որքան մարդ են կարողանում ոտքի հանել, հավաքել հրապարակում: Եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, մարտի 14-ին լինելու է երկրորդ հանրահավաքը, որի մասնակիցները այլևս տուն չեն գնալու, մնալու են Ազատության հրապարակում այնքան ժամանակ, մինչև որ չհասնեն իրենց նպատակին`իշխանափոխությանը:

Հանրահավաքից առաջ խոսել եմ մի քանի մարդկանց հետ, ովքեր շատ վճռական էին տրամադրված. ասում էին, որ այլևս համբերելու տեղ չկա, որ գնում են «իշխանությունը շրջելու», «երկիրը փրկելու»:

Այս մարդկանց մի քիչ բենզինի ու գազի փող էին տվել, որ Չարենցավանից կամ Աբովյանից և Երևանի հարակից մյուս քաղաքներից ու գյուղերից հասնեն Երևան` Ազատության հրապարակ: Իրենք էլ մտածել են, որ հաստատ վճռական հանրահավաք է լինելու, ինչպես 6 տարի առաջ մարտի 1-ին: Որովհետև մեկ էլ 6 տարի առաջ էին փող բաժանում հանրապետության շրջաններից Երևան հասնելու և հանրահավաքներին մասնակցելու համար:

Ու իրենք իրենց մեջ գցել-բռնել, վերլուծել էին, որ եթե ընդդիմությունն իր սուղ միջոցներից իրենց գազի փող է տվել, ուրեմն հաստատ մի բան կա: Բացի վերլուծողներից, կային մարդիկ, ովքեր ընդդիմության երկրորդ էշելոնի լիդեր լինելով ու իրենց բարձր կարգավիճակը վկայակոչելով էին ասում, որ խնդիրը մինչև մարտի վերջ պետք է լուծվի: «Խնդիրն» էլ շատ պարզ է. իշխանությունը պետք է վերցնել: «Մոսկվայի հետ համաձայնեցված է, Պուտինի դաբրոն կա:

Հիմա Ռուսաստանին ավելի հավատարիմ նախագահ ա պետք: Սերժը Եվրոպայի հետ խաղեր է տվել, Ասոցացման համաձայնագիր էր ուզում հետները ստորագրել, քիչ էր մնում, թե գործը գլուխ բերեր, հազիվ Պուտինը կանչեց տարավ Մոսկվա, ստիպեց, որ հետ կանգնի Եվրոպայից: Բայց կասկածը միշտ լինելու ա, որ հենց մի պահ աչքը թարթի, կարող ա էլի անցնի նրանց կողմը: Դրա համար Հայաստանում պետք ա իրանց նվիրված, խաղեր չտված մարդ ունենան: Բացի դա էլ Պուտինն էլ հասկացավ, որ ավելի լավ է ժողովրդի կողմից ընտրված նախագահ լինի իրենց դաշնակիցը, քան ժողովրդից մերժված: Ուկրաինան դաս եղավ»,- բացատրում էր իշխանափոխության անխուսափելիությունը հասկացած զրուցակիցս:

Որ մարտին պետք է իշխանափոխություն լինի, համոզված էին նաև ազատամարտիկները: Ազատամարտիկներն իշխանափոխության հարցը որոշել էին ինքնուրույն գլուխ բերել դեռ փետրվարին: Բայց հետո տեսան, որ այդ գործում իրենք դաշնակից ունեն. իրենց են միանում նաև քաղաքական ուժերը, ու հանուն միասնության որոշել էին սեպարատ իշխանափոխություն չանել, մեկ ամիս սպասել: Եթե մի քանի տարի համբերատար սպասել են, մի ամիսը ի՞նչ է, որ չսպասեն: Ես որ ազատամարտիկներին ասում էի` իզուր եք սպասում մեկ է, չի լինելու, գիտեի, որ մտածելու են, որ ես իշխանությունների մարդ եմ, իշխանափոխություն չեմ ուզում, դրա համար էլ իրենց ասում եմ` չի լինելու:

Բայց մարտի 1-ի հանրահավաքից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր այդքան ոգևորված էին մոտալուտ իշխանափոխության գաղափարով, նույնքան ու մի քիչ էլ ավելի հուսահատված տուն են վերադարձել:

Մարդիկ հասկացել են, որ ոչ մի իշխանափոխություն էլ չի լինելու, իրենք հիմա պետք է պայքարեն, որ խորհրդարանում կառավարության անվստահության հարցը դրվի ու ընդունվի: Այսինքն` կարող է մի անգամ էլ հավաքվեն ԱԺ-ի դիմաց ու պահանջեն Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Թե ինչ է տալու դա Հայաստանին ու իրենց, որևէ մեկն այլևս չգիտի:

Հասկացել են, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են Սերժ Սարգսյանի հրաժարականին, բայց կողմ են Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Ու, որ հանկարծ չստացվի, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ, ՀՅԴ-ի միջև քաղաքական տարաձայնություն առաջանա, իրենք էլ պետք է պահանջեն Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

«Լևոնը միշտ էլ փուլայինի կողմնակիցն ա եղել. Ղարաբաղի հարցն էլ էր ինքն առաջարկում փուլայինով լուծել, հիմա էլ Հայաստանում իշխանափոխության հարցն ա ուզում փուլայինով լուծել: Ոչ էն ժամանակ մի բան ստացվեց, ոչ էլ հիմա ա ստացվելու»,- ասում է հանրահավաքին մասնակցած ծանոթներիցս մեկը, ով մինչև հանրահավաք գնալը համոզված էր, որ շուտով իշխանափոխություն է լինելու, իսկ հանրահավաքից հետո համոզվել էր, որ իշխանությունը կարող է հանգիստ լինել:

Տեսանյութեր

Լրահոս