
Պուտինը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը սառեցրել Ուկրաինային վարկի տրամադրումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցրել է Ուկրաինային վարկ հատկացնելը, քանի որ Արևմուտքի երկրները խնդրել են Կիևին օգնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գծով ընդհանուր ծրագրի շրջանակներում:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել դիտարկել Կիևին հետագա ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը: Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը համաձայնվել է 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային:
Կիևն այդ միջոցները պետք է ստանար այն բանից հետո, ինչ Ռուսաստանը փուլ առ փուլ կգներ Իռլանդական բորսայում տեղակայված ուկրաինական պարտատոմսերը: Ռուսաստանը վարկի առաջին խմբաքանակը՝ 3 միլիարդ դոլար, Ուկրաինային հատկացրել է 2013 թվականի դեկտեմբերին:
Այս տարվա փետրվարի վերջին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ վարկի երկրորդ խմբաքանակի՝ 2 միլիարդ դոլար, հատկացումը որոշվել է հետաձգել մինչև Ուկրաինայում քաղաքական իրավիճակի կարգավորումը: Կոնկրետ ժամկետներ չէին հաղորդվել: