Իշխանության և ընդդիմության միասնականության գաղտնիքը
Մեր իշխանություններն ու ընդդիմությունը զարմանալի միասնականություն են դրսևորում Հայաստանում Մայդանի հնարավորության բացառման հարցում: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներն, ամեն մեկն՝ իր դրդապատճառներով ու հիմնավորումներով, բացատրում են, թե ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ ուկրաինական իրադարձությունների կրկնությունը: Իհարկե, ընդդիմության կողմից երբեմն հնչում են «մայդան եք ուզում» տիպի հայտարարություններ, սակայն դրանք ընդամենն իշխանությանը վախեցնելու ու սակարկություններում դիրքերն ամրապնդելու նպատակ ունեն:
Շատ է խոսվել այն մասին, որ իշխանությանն ու ընդդիմությանը հակամայդանության հարցում միավորող հիմնական գործոնը քաղաքական համակարգի գրեթե բոլոր խաղացողների ուղղակի կամ անուղղակի կախվածությունն է Ռուսաստանից: Սակայն, բացի աշխարհաքաղաքական դրդապատճառներից, Մայդանի բացառումը Հայաստանում, թերևս, ունի նաև այլ, ավելի կենցաղային դրդապատճառներ: Ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունը խուսափում են Մայդանից նաև այն պատճառով, որ դա կփոխի ոչ միայն քաղաքական համակարգի ներկայիս ստատուս-քվոն՝ ուժերի վերադասավորության իմաստով, այլ նաև կսպառնա քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչների կարգավիճակին ու սոցիալական դիրքին: Իշխանության դեպքում ամեն ինչ ավելի ակնհայտ է:
Իշխանության նույնիսկ ամենացածր մակարդակի ներկայացուցիչը տիրապետում է այնպիսի ֆինանսական միջոցների, որ գործող համակարգից դուրս դրանց պահպանումը ու դրանց համար քրեական պատասխանատվությունից խուսափումը գրեթե անհնար կարող է դառնալ: Իսկ ի՞նչն է այդքան ցանկալի դարձնում ներկայիս իրավիճակն ընդդիմադիրների համար:
Որքան էլ տարօրինակ հնչի՝ կապվածությունը համակարգին, որն իշխանությանը հնարավորություն է տալիս ահռելի ֆինանսական միջոցներ ունենալ: Չնչին բացառություններով, ընդդիմադիր պատգամավորների հիմնական մասը տարբեր թելերով կապված է եթե ոչ՝ ուղղակիորեն իշխանության, ապա՝ վերջինի նշանակած գործարարների, այլընտրանքային մեծահարուստների հետ: Այդ կապվածությունը ոմանց մոտ կարող է արտահայտվել՝ կանխիկ փողի, ոմանց մոտ՝ բիզնեսի փոքր քվոտաների, ոմանց մոտ՝ վարչական լծակներին մոտ լինելու հնարավորությամբ: Այսինքն՝ Հայաստանում գործում է իշխանական և քաղաքական համակարգ, որի դեմ պայքարելը ֆինանսապես ձեռնտու է այդ պայքարի «առաջամարտիկների» համար: Անհեթեթ թվացող հենց այս սխեման է ընկած իշխանության պահպանման հիմքում: Դրան կարողացել է հասնել իշխանությունը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին հասարակությունից կտրելու հետևողական ջանքերի արդյունքում, ինչի համար պատրաստ է եղել և վճարել է ընդդիմությանը:
Պատահական չէ, որ «ընդդիմություն» եզրույթն արդեն դուրս է գալիս հանրային, քաղաքական լեքսիկոնից՝ փոխարինվելով «ոչ իշխանական ուժեր» արտահայտությամբ: Ու մեծ հաշվով՝ իշխանության հետ պայքարի իմաստը «ոչ իշխանական» ուժերի համար դարձել է «ոչ» ժխտական մասնիկից ազատվելը՝ նույն համակարգի պահպանման պայմաններում իշխանության գալը:
Իսկ դրա համար, մեծ հաշվով, այդ ուժերին պետք է ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ հասարակության աջակցությունը, քանի որ հասարակության աջակցությամբ իշխանության եկած ուժերը կարող են ստիպված լինել հաշվետու լինել հասարակությանը, ինչն ամենևին պետք չէ մեր «ոչ իշխանականներին»:
Ուկրաինայում, օրինակ, Յանուկովիչին պաշտոնանկ անելու հաջորդ իսկ օրը Գերագույն ռադայի պատգամավորներն, ի թիվս տասնյակ օրենքների, ընդունեցին մի օրինագիծ, որով սահմանափակեցին իրենց իսկ արտոնությունները:
«Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին» կոչվող օրենքի 20-23-րդ հոդվածներում կատարված այդ փոփոխություններով չեղյալ հայտարարվեց այն նորմը, ըստ որի՝ նախկին պատգամավորին մեկ տարի շարունակ աշխատավարձ է վճարվում, քանի դեռ նա նոր աշխատանք չի գտել: Բացի այդ, օրենքից հանվել է առողջապահական նպատակով նյութական օգնության հատկացման (ամսական աշխատավարձի կրկնակի չափով) և Գերագույն ռադայում աշխատանքի անցնելու համար փոխհատուցում վճարելու մասին դրույթը:
Փոփոխության է ենթարկվել այն դրույթը, որը պատգամավորներին հնարավորություն էր տալիս անվճար օգտվել տրանսպորտի բոլոր տեսակներից: Յուրաքանչյուր պատգամավորի համար ամսվա կտրվածքով սահմանափակումներ են մտցվել այդ հարցում: Ընդունված օրինագիծը չեղյալ է հայտարարել նաև աշխատավարձի 12-ապատիկի չափով դրամական օգնության հատկացումը, որը տրվում էր պատգամավորին՝ թոշակի անցնելու ժամանակ:
Չեղյալ է հայտարարվել պատգամավորի լիազորությունների վաղաժամ կասեցման դեպքում միանվագ հատկացվող գումարը (աշխատավարձի եռապատիկի չափով): Ամբողջովին վերացվել է 22-րդ հոդվածը, որը պատգամավորին ու նրան ուղեկցող անձին տալիս էր հյուրանոցում տեղավորվելու առաջնակարգ իրավունք: Վերացվել է նաև ավտոմեքենան անվճար կայանելու իրավունքը:
Կան նաև մի շարք այլ սահմանափակումներ: Շատերն, իհարկե, կասեն, որ ուկրաինացի պատգամավորների այս քայլը պոպուլիզմի դրսևորում է ու Մայդանին հաճոյանալու փորձ: Գուցե այդպես էլ կա: Բայց փաստ է, որ դա տեղի է ունեցել իշխանափոխության հենց հաջորդ օրը: Այսինքն՝ եթե անգամ ուկրաինացի արդեն նախկին ընդդիմադիրներն իշխանության էին ձգտում Յանուկովիչի ու նրա շրջապատի նման ապրելու համար (շատերն արդեն իսկ այդպես էլ ապրում են), միևնույն է, հասարակության «շունչը» նրանց ստիպում է հաշվի նստել հանրային տրամադրությունների հետ: Կարո՞ղ ենք նույնը պատկերացնել Հայաստանում:
Այդ հարցին պատասխանելու համար բավական է հիշել ընդամենը երեք-չորս ամիս առաջ ՀՀ Ազգային ժողովում կայացած դեբատները բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցի շուրջ: Այդ հարցում իշխանության և ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը մեկը մյուսից ավելի վարժ հիմնավորում էր, թե որքան կարևոր ու օրհասական է պաշտոնյաներին ու պատգամավորներին արժանապատիվ աշխատավարձ վճարելը:
Օրենքն ընդունվեց, քանի որ իշխանությունն ու ընդդիմության ճնշող մասը համակարծիք էին: Այնպես, ինչպես Հայաստանում՝ Մայդանի բացառման հարցում:



