Տիգրան Սարգսյանը թույլատրել է իրեն անվտահություն հայտնել
Երեկ խորհրդարանում դարձյալ մի քանի սուր բանավեճ տեղի ունեցավ ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավորների և կառավարության անդամների միջև:
Նախ` Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց, թե ինչու թափանցիկ չեն բաշխվում Հայաստանի երիտասարդների հիմնադրամ կազմակերպության միջոցները: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` այդ կազմակերպությունը կոչված է օժանդակելու Հայաստանի բոլոր երիտասարդներին` անկախ նրանց քաղաքական հայացքների տարբերությունից, մինչդեռ, ըստ Էնֆիաջյանի, կազմակերպության հոգաբարձուների խորհրդում բացառապես իշխանությունը և ՀՀԿ-ն ներկայացնող անձինք են, հայտնի չէ, թե հատկապես որ ուսանողներին է հատկացվում ուսման վարձավճարի օժանդակություն, որ կազմակերպություններն են ստանում ֆինանսական հատկացումներ:
Էնֆիաջյանից հետո Մշակույթի նախարարին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա ասում էր, որ երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմադրամը որևէ մշակութային միջոցառում է հովանավորում, մշտապես խնդիրներ են առաջանում դահլիճների վարձակալման հետ կապված, քանի որ դահլիճների տնօրենները դեմ են, որ ազդագրերում նշվի հովանավոր կազմակերպության անունը, իսկ մերժումը բացատրում են նախարարի հրամանով: Վարդանյանին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք տնօրենները չեն չարաշահում նախարարի անունը` մերժումը հիմնավորելու հարցում:
Իսկ ամենավերջում ԲՀԿ-ական Վահան Բաբայանը կառավարությանը մեղադրեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը ձգձգելու մեջ: Ըստ Բաբայանի, չնայած, ըստ ծրագրի, շինարարությունը պետք է սկսվեր 2009թ., սակայն այն սկսվել է երեք տարի ուշացումով` 2012թ.: Անցած տարիների ընթացքում կառուցվել է 556 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի միայն 15-20 կիլոմետրը, և, եթե շինարարությունն ընթանա այս տեմպերով` այն, նախատեսված 2019թ. փոխարեն, ինչպես հայտարարեց Բաբայանը, կավարտվի 2150 թվականին: Բաբայանը զուգահեռներ անցկացրեց կառավարության մյուս խոշոր ծրագրերի հետ` Գյումրիի տեխնոպարկի, Ատոմակայանի նոր էներգաբլոկի, Իրան-Հայաստան երկաթգծի հետ, որոնք այդպես էլ մնացել են որպես բարի ցանկություն:
Եթե Վահե Էնֆիաջյանին պատասխանեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իսկ Էլինար Վարդանյանին՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ապա Վահան Բաբայանն արժանացավ անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը:
«Ձեր խոսքում տարօրինակ երանգ կա, կարծես թե մեկ անձով են պայմանավորված մեր երկրի բոլոր պրոբլեմները, և, եթե լինի մեկ հմուտ կառավարիչ, այդ խնդիրները կլուծվեն: Կարծես թե այդ բոլոր խնդիրների պատասխանները դուք ունեք, բայց թաքուն եք պահում և ամեն անգամ տեղափոխում եք քաղաքական դաշտ և պայմանավորում եք մեկ անձով»,- ասում է Տիգրան Սարգսյանը:
Մի՞թե ԲՀԿ-ականների ասածի մեջ որևէ նոր բան կա վարչապետ Տիգրան Սարգսյանի համար, մի՞թե նորություն է, որ նրանք Հայաստանի բոլոր պրոբլեմները պայմանավորում են իր անձով կամ առավելագույնը` իր ղեկավարած կառավարության գործունեությամբ: ԲՀԿ-ականները երբևէ չեն էլ թաքցրել, որ իրենք պատրաստ են վերադառնալ կառավարություն, մաս կազմել կառավարությանը, եթե այն չղեկավարի Տիգրան Սարգսյանը, և այդ կառավարության մեջ ներգրավված չլինեն նրա թիմի որոշ ներկայացուցիչներ:
Բայց արդյո՞ք ԲՀԿ-ականների և ընդհանապես այլ ընդդիմադիրների քննադատությունը որևէ վնաս է հասցնում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդհակառակը, այդ քննադատությունն օգնում է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կյանքն ավելի երկարի:
Որևէ երկրում օրինաչափ է, երբ կառավարության ղեկավարի գործունեությունից կարող են դժգոհ լինել սեփական կուսակցության անդամները, որ այդ դժգոհությունը կարող է արտահայտվել հրապարակային քննադատությամբ: Բայց ՀՀԿ-ականների համար Տիգրան Սարգսյանի կառավարությանը քննադատելը կամ նրա գործունեությունից դժգոհելը հավասար է ընդդիմությանը սատարելուն, ընդդիմության հետ համերաշխ լինելուն: Իսկ որպեսզի նման բան տեղի չունենա, ՀՀԿ-ականները պարտավոր են մոռանալ սեփական դժգոհության մասին և զբաղվել սեփական կառավարության գործունեության գովաբանությամբ և մեծարմամբ:
Պատահական չէ, որ երեկ խորհրդարանում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու չորս ոչ իշխանական ուժերի մտադրությանը, Տիգրան Սարգսյանը, ըստ էության, «դաբրո» է տվել դրան. «Քաղաքական ուժերի իրավունքն է: Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից»:
Հիմա այլևս որևէ խոչընդոտ չկա, որպեսզի չորս ուժերը միահամուռ հանդես գան անվստահության պահանջով. նույնիսկ խմբակցությունների անդամ այն գործարար պատգամավորները, ովքեր մինչև հիմա մտածում էին, որ միանալով անվստահության նախաձեռնությանը, կարող են շարժել վարչապետի և իշխանության զայրույթը, կարող են հանգիստ լինել, որովհետև վարչապետը դա համարել է «նորմալ»: Չէր կարող, չէ՞, վարչապետն առանձին-առանձին կանչել բոլոր տատանվող ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորներին և ասել, որ որևէ խնդիր չի լինի, եթե նրանք միանան անվստահության նախաձեռնությանը:
Ըստ էության, մենք ականատեսն ենք ԲՀԿ-Տիգրան Սարգսյան համագործակցության մի մոդելի, որի դեպքում ԲՀԿ քննադատությունն օգնում է վարչապետին ավելի հաստատուն զգալ իրեն այդ պաշտոնում և ունենալ սեփական կուսակցության աջակցությունը, իսկ վարչապետի քննադատությունը ԲՀԿ-ին օգնում է հանդես գալ ընդդիմության դիրքերից և ակնկալել վարչապետի ու կառավարության գործունեությունից դժգոհ քաղաքացիների աջակցությունը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի