Սաղացվող Հայաստան
Երեկ Երևանում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել «Ազգային բրենդի ռազմավարություն. անելիքներ և հեռանկարներ» խորագրով մի շնորհանդես, որի ժամանակ ներկայացվել է, թե ինչպես է ամերիկյան մի ընկերություն կերտելու Հայաստանի մրցունակ բրենդն ու այն ներկայացնելու աշխարհին: Դրա համար, ի դեպ, ծախսվելու է 450 հազար դոլար, որից 150 հազարը տրամադրելու է ՀՀ կառավարությունը: Խնդիրը, սակայն, գումարը չէ և ոչ էլ այն, որ այդ գումարի պատկառելի մասը տրամադրելու է կառավարությունը, այսինքն՝ հարկատուները (նման էլիտար նպատակի համար գումարի հարց բարձրացնելը կառավարության նույնքան էլիտար անդամների կողմից հաստատ կորակվի` որպես պոպուլիզմ ու քաղաքական շահարկում): Ենթադրենք` Հայաստանի բրենդավորումը կատարվելու է միանգամայն անվճար, համաշխարհային հեռուստաընկերություններն ու քարոզչական մյուս հարթակներն էլ համաձայնելու են ոչ միայն առանց գումարի ցուցադրել Հայաստանը գովազդող հոլովակները, այլ դրա դիմաց վճարելու են ՀՀ պետբյուջե, արդյոք դրանից Հայաստանի վարկանիշը բարձրանալո՞ւ է, ներդրումներն էլ հոսելո՞ւ են Հայաստան: Իհա՛րկե ոչ: Հակառակը՝ բրենդային փուչիկը կպայթի շատ ավելի արագ, քան վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրելի շինարարության ու ոչ այնքան սիրելի օֆշորային փուչիկները: Մարքետինգի ու գովազդի մասին պատմող անգամ դպրոցական դասագրքերում գրված է, որ որևէ ապրանքի կամ ծառայության չափազանցված կամ կեղծ գովազդը՝ իրական հիմքի բացակայության դեպքում, կարճ ժամանակ անց ունենում է հակառակ էֆեկտը՝ շուկայից դուրս մղելով այն արտադրողին: Այլ կերպ ասած՝ ստի վրա ոչ մի լավ բան չես կառուցի: Լինում են, իհարկե, նաև առանձին «շուստրիության» դեպքեր, երբ բարձրորակ բրենդավորմամբ անորակ ինչ-որ ապրանք «սաղացվում» է գնորդին (եթե Սերժ Սարգսյանին ճիշտ ընկալեցինք, ապա «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը «Գազպրոմին» հենց նման օրինակ է), սակայն այդպիսի ռազմավարություն իրականացնող ընկերությունները երկար կյանք չեն ունենում: Հիմա նույն մոտեցումը կիրառվում է նաև Հայաստանի բրենդավորման դեպքում: Իշխանությունների հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ ոչ միայն օտարերկրյա ներդրումներն են նվազում տարեկան մի քանի տասնյակ տոկոսով, այլ արտահոսում է կապիտալը՝ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար ծավալով: Արտահոսում է նույն իշխանություններին ու նրանց մերձավոր շրջապատին պատկանող (Հայաստանում խոշոր կապիտալն այլ պատկանելություն չունի), այսինքն՝ արտոնյալ հնարավորություններ ունեցող կապիտալը: Ի թիվս այլ պատճառների, նաև այն պատճառով, որ իշխանությունների նույն քաղաքականության արդյունքում Հայաստանը դատարկվում է` բառի բուն իմաստով՝ բիզնեսին զրկելով հաջողության հիմնական գործոնից՝ վճարունակ պահանջարկից: Բավական է նշել, որ երեկ նույն ժամին, երբ անցկացվում էր «Ազգային բրենդի» շնորհանդեսը, տարբեր գերատեսչություններ` իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում այն մասին, որ հաջողություններ են արձանագրում՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների, այսինքն՝ արտագաղթողների համար վիզային արտոնություններ սահմանելու համար ռուսական կողմի հետ բանակցություններում: Ու այս պայմաններում իշխանական քարոզչությունը որպես մեծագույն ձեռքբերում է ներկայացնում ամերիկյան ինչ-որ ընկերության հետ կնքված համաձայնագիրը՝ Հայաստանի բրենդավորման, իմա՝ կեղծ քարոզչության մասին: Այսինքն՝ մեր իշխանությունները համաշխարհային բիզնես հանրությանը նույնացնում են մոտավորապես Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողների հետ, ովքեր ամբողջ օրն ապրում են, ավելի ճիշտ՝ գոյատևում են իրական Հայաստանում, սակայն երեկոյան միացնում են հեռուստացույցը և տեսնում, որ իրենք ապրում են երազանքների երկրում, որտեղ ամեն ինչ զարգանում է ու բարգավաճում, որը ուր որ է՝ դառնալու է ամեն ինչի տարածաշրջանային կենտրոն: Այդ հեռուստադիտողների մեծամասնության արձագանքն արտահայտվում է` Հայաստանից հեռանալով: Դա միակ տեսանելի արդյունքն է, որ կարող է ունենալ Հայաստանի բրենդավորումը: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը՝ իշխանության ամենօրյա գործունեության արդյունքում, դառնում է «ապրանք», որը, լավագույն դեպքում, կարելի է «սաղացնել»: