«Արյունոտ նարնջագույն հեղափոխությունը». Ռիչարդ Կիրակոսյանը՝ Ուկրաինայի մասին
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Ուկրաինայի վերջին իրադարձությունները համարում է «արյունոտ նարնջագույն հեղափոխություն»:
Այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով իր վերլուծությունը` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ի տարբերություն 2004 թ. նարնջագույն հեղափոխության` այժմ տեսնում ենք նոր զարգացումներ և նոր Ուկրաինա: Ըստ նրա, Ուկրաինայում հակամարտությունն ավելին էր, քան պարզապես ընդդիմություն-իշխանություն պայքարը, և վերջին շաբաթներին Ուկրաինայի իրադարձությունները նաև Արևմուտքի և Ռուսաստանի մրցակցությունն էին ցույց տալիս: Այս առումով` քաղաքագետն առանձնացրեց Արևմուտքի դիվանագիտական ակտիվությունը, մասնավորապես` եվրոպական, այսպես կոչված, «եռյակի»` Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների միջնորդությունն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության գործում, որպեսզի նշանակվեն արտահերթ ընտրություններ, և վերականգնվի 2004-ի Սահմանադրությունը:
«Բայց դա չափից ավելի ուշացած էր, որովհետև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի արագ և անկանխատեսելի ընթացան և առաջ անցան դիվանագիտական ակտիվությունից: Բայց այստեղ հետաքրքիր է, որ մինչ եվրոպացիները դրսևորում էին դիվանագիտական ակտիվություն, ռուսները բավական պասիվ էին»,- ասաց քաղաքագետը:
Նա ուշադրություն գրավեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի իշխանությունն ուկրաինական խնդրի լուծման համար որպես բանակցող էր ուղարկել ոչ թե վարչապետի տեղակալ Ռագոզինին, այլ ավելի ցածրաստիճան պաշտոնյայի` ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինին, ով Վաշինգտոնում Ռուսաստանի նախկին դեսպանն է եղել: Ռ. Կիրակոսյանի կարծիքով` սա ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկացել Արևմուտքի հետ ընդհարում սադրել:
Ռ. Կիրակոսյանն անդրադարձավ Մայդանի հեղափոխության ազդեցությանը Եվրամիության և Ռուսաստանի համար և Հայաստանի համար դասերին:
Վերլուծաբանի կարծիքով` Ուկրաինայում տեղի ունեցածը մեծ հարված էր Մաքսային միության (ՄՄ) նախագծին և նվազեցնում է հավանականությունը, որ Հայաստանը կարող է միանալ ՄՄ-ին:
«Ուկրաինայում ցուցարարների հաղթանակը կարող է փրկել Վիլնյուսի գագաթաժողովը և Ասոցացման համաձայնագրերը, այսինքն` Վրաստանը և Մոլդովան այլևս մեկուսացված և միայնակ չեն լինի… Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կլինի ռազմավարական նշանակության և կիզակետի փոփոխություն: Փաստորեն, Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվելու են Եվրոպական խորհրդարանի ընտրությունների օրը` մայիսի 25»,- ասաց նա:
Մայդանի` Ռուսաստանի վրա ազդեցության մասին Ռ. Կիրակոսյանն ասաց, թե դա ցույց է տալիս Ռուսաստանի ազդեցության սահմանափակ լինելը, քանի որ Ռուսաստանը երբեք էլ չի կարողացել Ուկրաինայում դառնալ իրական միջնորդ: «Ռուսաստանը կորցրեց Ուկրաինային` որպես Մաքսային/Եվրասիական ծրագրի պոտենցիալ անդամ: Երրորդ բացասական ազդեցությունը Վլադիմիր Պուտինի անձնական շփոթությունն էր, լավ է թե վատ, բայց այս իրավիճակը բացահայտեց Պուտինի թույլ դիրքերը: Սա ցույց տվեց նախկին խորհրդային պետություններին, որ նրանք ևս կարող են «ոչ» ասել Մոսկվային… Մենք նաև տեսնում ենք, որ ապագա Ուկրաինայի հեռանկարը կարող է վտանգել ռուսական շահերը` Ղրիմում ռուսական ռազմաբազայի, Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական գազատարների և Ուկրաինայում ռուս օլիգարխների դիրքերի վտանգման առումով: Վերջին բացասական ազդեցությունն այն է, որ ժողովրդավարական Ուկրաինայի տեսլականը լուրջ վտանգ է լինելու Ռուսաստանում Պուտինի իշխանության համար»,- կարծիք հայտնեց Կիրակոսյանը:
Մենք հետաքրքրվեցինք` արդյոք Ղրիմը և Ուկրաինայի տարածքային պառակտման վտանգն այն գի՞նն են, որը Ուկրաինան կարող է վճարել՝ «Մոսկվային ոչ ասելու» դիմաց: Ի պատասխան` Ռ. Կիրակոսյանն ասաց, թե չի կարծում, որ Ուկրաինան կպառակտվի:
«Իմ կարծիքով` Ուկրաինայի համար լուծումը դաշնային պետությունն է, նույնիսկ Ռուսաստանի համար ավելի լավ է Ղրիմը և Արևելյան Ուկրաինան պահել նոր Ուկրաինայի կազմի մեջ, որովհետև, եթե Ուկրաինայում բնակվող ռուսները կամ ռուսամետ ուժերը մնան Ուկրաինայի կազմում, դա կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունն այդ երկրի վրա: Վճարելիք գինն ավելի շատ վերաբերում է տնտեսական ճնշմանը և Ռուսաստանից մատակարարվող գազի գնի հնարավոր փոփոխությանը»,- նշեց քաղաքագետը:
«Մենք պետք է ազնիվ լինենք և խոստովանենք, որ Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից,- անցնելով Հայաստանի դասերին` նշեց Ռ. Կիրակոսյանը: -Թեպետ կան շատ նմանություններ, օրինակ` սոցիալական անհավասարությունը և հասարակական դժգոհությունը, բայց Հայաստանի կառավարման փակ համակարգը տարբերվում է Ուկրաինայից, իսկ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի քիչ կազմակերպված է, քան Ուկրաինայում»:
Ըստ քաղաքագետի` Ուկրաինայից դասեր կան ինչպես՝ Հայաստանի իշխանությունների, այնպես էլ` ընդդիմության համար:
«Հայաստանի իշխանության համար դասն այն է, որ Ուկրաինան ցույց տվեց, թե որքան վտանգավոր է փողոցի ուժը թերագնահատելը և ուժի կիրառումը գերագնահատելը: Երկրորդ դասն այն է, թե որքան վտանգավոր է անտեսել ժողովրդի պահանջները` փոփոխության և բարեփոխումների վերաբերյալ: Հայաստանի իշխանության և հայ օլիգարխների համար երրորդ դասն այն է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Յանուկովիչը փախավ: Չի կարելի անտեսել այն հետադարձ հարվածը, որն Ուկրաինան կրեց իշխանության գոռոզության և կոռումպացված լինելու արդյունքում` այն իմաստով, թե ինչպես էր նախկին նախագահն ապրում:
Եկեք նայենք նաև Հայաստանի ընդդիմության համար դասերին: Առաջինը վերաբերում է շարժիչ ուժին. Ուկրաինան ցույց տվեց, որ հաշվի առնելով հասարակական դժգոհությունը և դրանք դնելով ինքնաբուխ կազմակերպման հիմքում` կարելի է առանձնացնել երեք հստակ պահանջ, որպեսզի ընդդիմությունը կարողանա օգտագործել այսպիսի հզոր ժողովրդական շարժումները: Առաջինն առաջնորդությունն է, երկրորդը կազմակերպվածությունն է, երրորդը` ռազմավարական տեսլականը կամ այլընտրանքը: Իմ կարծիքով` Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվել է այս երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում: Եթե Հայաստանի ընդդիմությունն ուզում է լսել և սովորել, ապա երկրորդ դասն այն է, որ էական նշանակություն ունեն նորամուծություններն ու նոր մարտավարությունը: Երրորդը` աշխարհագրության կարևորությունն է, այլ կերպ ասած` ակտիվությունը շրջաններում, ոչ թե միայն մայրաքաղաքում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մենք պետք է հարգենք Ուկրաինայի ժողովրդին, որը դուրս եկավ փողոց և պաշտպանեց իրենց երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը,- ասաց քաղաքագետը` ավելացնելով,- Բայց այն հարցը, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, ինչպիսին կլինի նրա ապագան, դեռևս չունի պատասխան, դեռևս վաղ է»: