Վատիկանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի միլիարդատիրոջ և նեռի մասին նրա դասախոսությունների

Մարտի կեսերին PayPal-ի և PalantirTechnologies-ի համահիմնադիր ամերիկացի միլիարդատեր Փիթեր Թիլը հայտնվել էր անսովոր և հակասական իրադարձության կենտրոնում: Նա ժամանել էր Հռոմ` անցկացնելու փակ սեմինարներ` նվիրված «աստվածաշնչյան նեռի (հակաքրիստոս)» թեմային, որն անվանում է «արևմտյան քաղաքակրթության գլխավոր դրամա»։

Փակ սեմինարները տեղի են ունեցել մարտի 15-18-ը: Առաջին միջոցառումը տեղի է ունեցել պատմական Palazzo Tavern շենքում: Սեմինարին մասնակցել են շուրջ 100-160 հրավիրված հյուրեր` կաթոլիկ շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և գործարարներ: Հանդիպման ձևաչափերն ընդգծում են դրանց փակ բնույթը։ Սահմանվել է բջջային հեռախոսների օգտագործման արգելք, տեղեկությունների բացահայտումը ենթադրվում է «Չաթեմ Հաուսի կանոնի» պայմաններով, գաղտնիության պարտավորության խախտման համար սահմանվել է մինչև 10 հազար եվրո տուգանք:

Թիլի դասախոսությունից առաջ ելույթ է ունեցել Ռոնալդ Ռեյգանի նախկին խոսնակ Փիթեր Ռոբինսոնը: Ծրագրում ներառվել է նաև լատինական պատարագ Սան Ջովաննի Դեյ Ֆիորենտինիի բազիլիկայում։

Կազմակերպիչն էր «Վինչենցո Ջոբերտի» մշակութային ասոցիացիան, որը բացահայտ շնորհակալություն է հայտնել միլիարդատիրոջը` որպես Դոնալդ Թրամփի առանցքային հովանավորներից մեկին և ներկայիս փոխնախագահ Ջեյմս Վենսի դաշնակցին:

Կարդացեք նաև

Թիլի այցն ընթացել է լարված քաղաքական խորապատկերին։ Ջորջ Մելոնիի կառավարությունը պաշտոնապես հերքում է միլիարդատիրոջ հետ ցանկացած հանդիպում, սակայն հայտնի է՝ Իտալիայի պաշտպանության նախարարությունը PalantirTechnologies-ի հետ բանակցություններ է վարում 2024-ից:

Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն արդեն խորհրդարանական հարցում է ուղարկել` հարցնելով. Արդյո՞ք «արհեստական ինտելեկտի արքա» Թիլը չի դառնա իտալական իշխանության ոչ պաշտոնական գործընկերը:

Քննադատները նրան նկարագրում են՝ որպես «տեխնոկապիտալիզմի» գաղափարախոս, իսկ նրա ընկերությունները` որպես թվային վերահսկողության գործիք, որն օգտագործվում է պետությունների կողմից։ Դասախոսությունների թեման ինքնին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում: Թիլը վերջին ամիսներին ակտիվորեն հանդես է գալիս կրոնական և փիլիսոփայական դատողություններով։

Նրա մեկնաբանության մեջ «նեռը» ոչ թե առեղծվածային կերպար է, այլ ժամանակակից «առաջադեմ» կամ պետական կարգավորիչ, որը կլիմայական ճգնաժամերի կամ համաճարակների դեմ պայքարի պատրվակով ընդլայնում է հասարակության վերահսկողությունը:

Նման հայացքները կտրուկ արձագանք են առաջացրել կաթոլիկ շրջանակներում։ Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել էր «տեխնոկրատական պարադիգմի» վտանգի մասին, որում ԱԻ-ն կարող է սահմանափակել իրականության մարդկային ընկալումը և պարտադրել մտածողության միասնական մոդելներ:

Այս մոտեցումն ուղղակիորեն հակասում է Թիլի տեսակետներին, որոնց ընկերությունները մասնագիտանում են տվյալների վերլուծության և զանգվածային պրոֆիլավորման ալգորիթմների մեջ: Կաթոլիկ պարբերականները միլիարդատիրոջը մեղադրում են «նիհիլիստական» աշխարհայացքի մեջ, իսկ PalantirTechnologies-ին` «լրտեսության կեղծ աստվածաբանություն» ստեղծելու մեջ։

Դիտորդները նշում են, որ Թիլի այցը հավերժական քաղաք գուցե «պատահական է»՝ ներկայիս Հռոմի Պապ Լեո XIV-ի ԱԻ-ին և դրա ռիսկերին նվիրված հանրագրքի հրապարակման նախօրեին:

Զարմանալի չէ, որ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Սուրբ Թոմաս Աքվինացու Պապական համալսարանը և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանը, որոնք նշվել են Թիլի դասախոսությունների հնարավոր հարթակներ, հեռու են մնացել միջոցառումներին մասնակցելուց: Ըստ լուրերի` դա պնդել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարությունը։

Հետաքրքրություն առաջացնող հարցերից մեկը հետևյալն է. Ինչո՞ւ Հռոմ։ Հավերժական քաղաքի ընտրությունը որպես նեռի քննարկման վայր՝ չափազանց խորհրդանշական է թվում: Սա ոչ միայն բնակավայր է, այլև կաթոլիկ աշխարհի կենտրոն, որտեղ խաչվում են կրոնը, քաղաքականությունը և պատմությունը:

Թիլի սեմինարները մնում են փակ, և դրանց ճշգրիտ վայրերը չեն բացահայտվում: Բայց արդեն պարզ է. խոսքը միայն աստվածաբանության մասին չէ։ Հռոմ կատարած նրա այցի պատմությունը երկու աշխարհայացքների բախում է` տեխնոլոգիական (վերահսկողության և տվյալների վրա հիմնված) և հումանիստական (Վատիկանի կողմից պաշտպանված):

Նեռի մասին բանավեճի հետևում ավելի աշխարհիկ հարցեր են` իշխանություն, ազդեցություն և թվային հասարակության ապագա: Եվ դա է պատճառը, որ այս փակ հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելին է, քան կրոնական թեման:

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ

iarex.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930