Իրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են Մոսկվա
Ռուսաստանի Դաշնությունն Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել է իր քաղաքացի ևս 175 աշխատակցի: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին:
«Ապրիլի 6-ին ևս 175 ՌԴ քաղաքացի, որոնք «Բուշեր» ատոմակայանից տարհանվելով, Իրանից Հայաստան էին ժամանել Նուրդուզ-Ագարակ հսկիչ անցագրային կետով, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը նշել է, որ շնորհիվ ռուսաստանցի դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների դժվարին գործողությունների՝ հակամարտության սկզբից ի վեր Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել 509 քաղաքացի:
«Խորը երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական ընկերության աշխատակիցների նկատմամբ բարի վերաբերմունքի և նրանց մուտքի օպերատիվ ձևակերպման համար»:




