Թուրքիայի Հաքքարի նահանգի մի մասում ձմեռ է, մյուսում՝ գարուն
Թուրքիայի Հաքքարի նահանգում բնությունն օրինաչափություն է խախտում: Այս նահանգում բարձրադիր գոտիներում մետրերով ձյան առատ տեղումների ֆոնին ավելի ցածրադիր հատվածներում նկատվում են գարնան առաջին նշանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միևնույն օրը գրանցված կտրուկ ջերմաստիճանային տարբերությունը աչքի է ընկնում․ մի հատվածում շարունակվում է ձյան դեմ ինտենսիվ պայքարը, իսկ մյուսում կենդանիները դուրս են բերվում արոտավայրեր։
Հաքքարի նահանգի բարձրադիր շրջաններում և լեռնային գյուղերում վերջին օրերի առատ տեղումների հետևանքով ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասել է 3-4 մետրի։ Ձնամաքրման ծառայությունները շարունակում են ինտենսիվ աշխատանքները՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար:
Դուրանքայա բնակավայրի՝ մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվող Յենի Մահալլե թաղամասում մեկհարկանի տներն ու անասնագոմերը գրեթե ամբողջությամբ ծածկված են ձյունով։ Միևնույն ժամանակ, մոտ 1450 մետր բարձրության վրա գտնվող Դերեջիկ շրջանում պատկերը բոլորովին այլ է․ ջերմաստիճանի բարձրացման արդյունքում ծառերը ծաղկել են, արոտավայրերը կանաչել։ Ամիսներ շարունակ փակ տարածքներում պահվող կենդանիները կրկին դուրս են բերվել արոտավայրեր։
Դուրանքայա բնակավայրում օդի ջերմաստիճանը պահպանվում է շուրջ 3 աստիճանի սահմաններում, մինչդեռ Դերեջիկ շրջանում այն բարձրանում է մինչև 13 աստիճան։ Նույն նահանգի ներսում ձևավորված այս մոտ 10 աստիճան տարբերությունը ընդգծում է եղանակային կտրուկ հակադրությունը՝ ստեղծելով «մի հատվածում դեռ ձմեռ է, մյուսում՝ արդեն լիարժեք գարուն» տպավորիչ պատկեր։



