Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն=ապրել ծովի ափի՞ն, թե՞ տափաստանում

«Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային/Եվրասիական միություն» հարցադրումը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, նման է այն հարցադրմանը, թե որտեղ է մարդ ուզում ապրել` «ծովի ափի՞ն, թե՞ տափաստանում»: Այս տեսակետը նա արտահայտեց այսօր ՌԱՀՀԿ-ում տեղի ունեցած սեմինար-քննարկմանը:

Թաթուլ Մանասերյանն ընգծեց` Եվրամիություն-Մաքսային միություն համեմատություն այնքան էլ տեղին չէ, որովհետև ակնհայտ է, որ բարձր չափորոշիչների, որակի, մրցունակության և այլ առումներով Եվրամիությունը և եվրոպական չափորոշիչները մեզ համար շատ ավելի ընդունելի են:

«Ստացվում է նույն հարցադրումը, թե որտե՞ղ է ուզում մարդ ապրել` ծովի ափի՞ն, գեղատեսիլ վայրո՞ւմ, թե՞ տափաստանում, բնական է, որ ամեն մի քաղաքացի ուզում է բարելավել իր կենսապայմանները, և Հայաստանը, որպես պետություն, պետք է լավին, կատարյալին ձգտի, ոչ թե հետընթաց արձանագրի»,- ասաց տնտեսագետը:

Խոսելով Մաքսային միության մինուսների և պլյուսների մասին` Մանասերյանը նշեց, որ ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին կան բավական լուրջ խնդիրներ, և գնահատականը միակողմանի չէ:

Կարդացեք նաև

«Իմ համոզմամբ` ամեն ինչ հենց մեզնից է կախված: Հարգելով իմ գործընկերոջը` շատ չեմ կիսում այն կարծիքը, թե բանալին մեր ձեռքում չէ: Ո´չ, բանալիները նաև մեր ձեռքում են, միգուցե փորձեն մեր փոխարեն որոշումներ կայացնել, բայց մենք պետք է արժանապատիվ ձևով այդ որոշումները ծառայեցնենք մեր ազգային և պետական շահերին: Ես վստահ չեմ, որ մինչ օրս թե´ Եվրամիության, թե´ Մաքսային միության հետ բանակցություններում առաջին պլան են դրվել ազգային-պետական շահերը, վստահ չեմ»,- ասաց բանախոսը:

Նշենք, որ քննարկման զեկուցողներից կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք էր հայտնել, թե այսպիսի միություններին անդամակցելու դեպքում պետությունը մտնում է օտար շահերի փորձադաշտ, և «բանալին գտնվում է ուրիշ ձեռքում»:

Նրա խոսքով` Եվրամիության և Մաքսային/Եվրասիական միության միջև ընտրություն կատարելիս` Հայաստանի իշխանությունն առաջնորդվել է ռուսական ասացվածքի սկզբունքով` «երկու չարիքից ընտրում են փոքրագույնը», մինչդեռ անգլիացիները «երկու չարիքից չեն ընտրում ոչ մեկը»:

Անդրադառնալով դրական կողմերին` Թաթուլ Մանասերյանն ասաց, թե, անշուշտ, ավելի նախընտրելի է լինել Եվրասիական միության համահիմնադիր, բայց դա ևս միանշանակ չէ, որովհետև Մաքսային միությունը կայացած կառույց չէ:

Տնտեսագետի խոսքով` խնդիրն այն է, որ Մաքսային միություն հնարավոր չէ ձևավորել, առանց տնտեսական ինտեգրացիայի նախորդ ձևի կայացման: «Չորս դասական ձևեր կան` ազատ առևտրի գոտի, մաքսային միություն, ընդհանուր շուկա և տնտեսական-քաղաքական միություն, ինչպիսին Եվրամիությունն է: Երբ համեմատում եմ ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա ազատ առևտրի գոտու (NAFTA) հետ (ընդ որում անհամեմատելի բաներ ենք համեմատում), որը շուրջ 20 տարի է գործում… և միանգամից այսպիսի թռիչք` առանց ազատ առևտրի գոտու, կյանքը ցույց տվեց, որ այս երկրները, դա գիտակցելով, հետ գնացին` երկու տարի առաջ ստորագրելով ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:

Հաջորդող քայլերը դարձյալ ցույց տվեցին, որ (Մաքսային միությունում,-Ա.Ս.) այդքան շատ չեն գիտակցել իրողությունները, որովհետև անմիջապես խնդիր դրվեց, առանց ընհանուր շուկայի ձևավորման, ստեղծել Եվրասիական միություն, որը տնտեսական ինտեգրացիայի բարձրագույն ձևն է, ինչի հանդեպ ևս կասկածանքներ ունեմ: Եվ այստեղից բնական հարց է առաջանում` արդյոք կա՞ այն տնտեսական գրավիչ մեխանիզմը, որը կա Եվրոպայում և ձգում է մյուս երկրներին, կամովին ձգտելու դառնալ Մաքսային միության անդամ երկիր: Իմ պատասխանը ոչ է, միգուցե սխալվում եմ, բայց առանձնակի գրավչություն չեմ տեսնում: Դրա ապացույցներից մեկն այն է, որ ՄՄ անդամ բոլոր երկրներն իրար հետ լուրջ խնդիրներ ունեն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տեսանյութեր

Լրահոս