Հարություն Մեսրոբյան. Մենք գնում ենք ռուսական ասացվածքի սկզբունքով

Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպվել էր սեմինար-քննարկում` «Արևելյան գործընկերություն և Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն» թեմայով, որին մասնակցում էին մի շարք մասնագետներ և քաղաքական գործիչներ: Զեկույցներով հանդես եկան կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Կլոր սեղանի շուրջ քննարկման սկզբում ելույթ ունեցավ ՌԱՀՀԿ-ի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշեց, որ այս քննարկումով կենտրոնը մեկնարկում է ՌԱՀՀԿ-ի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումները:

«Որպես Ռազմավարական կենտրոնի հիմնադիր տնօրեն ուզում եմ ասել՝ բարի գալուստ, մեր նվիրումը մեր երկրի պետականությանը, ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանը շարունակվում է… Ձեզ մաղթում եմ բարի քննարկում, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանը գտնվում է կարևոր որոշումների նախաշեմին, և այդ որոշումները ենթադրում են թե´ քաղաքացիական շարժ, թե´ քաղաքական կողմնորոշում, թե´ նաև վերլուծական մտքի նորովի կիրառում»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բացման խոսքում ՌԱՀՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նկատեց, որ քննարկումը կազմակերպվել է ամենահրատապ պահին, երբ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված` բավական սրվել է աշխարհաքաղաքական իրադրությունը:

Կարդացեք նաև

«Այն հանգամանքը, որ ժողովուրդը արհամարհեց անգամ Կիևում դիպուկահարներին, թքեց նրանց վրա և ասաց` մեր ճշմարտությունը սա է, արհամարհեց ցանկացած կուսակցության, ամեն ինչ և ստիպեց, որ այդ քրեական ռեժիմի պարագլուխը հեռանա: Այս առումով ինքնին շատ հետաքրքիր է, թե ինչպես այս ամենը կանդրադառնա թե´ Ուկրաինայի, թե´ այն երկրների վրա, որոնք տարբեր դիրքորոշումներ ունեն Ուկրաինայի շուրջ, առաջին հերթին` խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ի՞նչ կկատարվի Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով` Ուկրաինան ընդամենը շղթայի մի մասն է` ոչ ամենակարևոր»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հիմնականում խոսելով Եվրամիության և Մաքսային/Եվրասիական միությունների նախագծերի մասին, նշեց, թե ցանկացած պետություն, որը որոշում է կայացնում մտնել որևէ միության մեջ, պետք է ունենա պարզ հարցի պատասխան` ինչը ինչի դիմաց:

Փորձագետի խոսքերով` «ինչը», որպես կանոն,  լինում է ինքնիշխանության բաղադրիչների զիջումը` քաղաքական որոշումներից մինչև ռազմավարական և տնտեսական որոշումները: Իսկ միությունից ակնկալվող օգուտներն ավելի ուշ են լինում:

Հ. Մեսրոբյանը ԵՄ-ի վերաբերյալ կարծիք հայտնեց, թե այն կառավարման իմաստով կոպիտ սխալ է գործել, որը կոչվում է «արագ զարգացման ռիսկ», ինչի հետևանքով ԵՄ-ն մխրճվել է ներքին խնդիրների մեջ և մոտական ժամանակներում չի կարող նոր անդամներ ընդգրկել: Բացի այդ, փորձագետի կարծիքով, ԵՄ-ում խախտվել է սինխրոնիզացիան, և այնտեղ ամեն ինչ փորձում են բարդել Գերմանիայի վրա, որն էլ օբյեկտիվորեն պարզ հարց է առաջ քաշում` «եթե գցում եք ինձ վրա, ես դառնում եմ միայնակ լիդեր»: Այս իմաստով Հարություն Մեսրոբյանը Եվրոպայում տեսնում է բրիտանա-գերմանական ավանդական մրցակցության հնարավոր սրում:

«Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, դրա մասին մենք ընդհանրապես չենք կարող կառավարման իմաստով խոսել, որովհետև այն դեռ ձևավորման փուլում է և ավելի մշուշոտ է: Հետևաբար, երբ Հայաստանը խնդիր է դնում գնալ դեպի մի կոնգլոմերացիա, խոսքը վերաբերում է ԵՄ-ին, որը հիմա բավական անկանխատեսելի տատանումների մեջ է, և մյուս կողմից` Մաքսային միություն, որը դեռ ձևավորված չէ… ցավով եմ ասում` մենք գնում ենք ռուսական ասացվածքի սկզբունքով. ռուսներն ասում են` «երկու չարիքից ընտրում են փոքրագույնը»:

Իսկ աշխարհում ամենաուժեղ կառավարման դպրոցը անգլո-սաքսոնականն է, և անգլո-սաքսերը միշտ ասել են` «երկու չարիքից չեն ընտրում ոչ մեկը»»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս