Էրդողանի կուսակցությունը խորհրդարանին ներկայացրել է հետախուզության «ձեռքերն արձակող» օրինագիծ
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանական արձակուրդներից ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի կառավարությունն առաջարկել է հերթական ապշեցուցիչ օրինագիծը, որն էականորեն կընդլայնի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լիազորությունները:
Օրինագիծը նախատեսում է լուրջ փոփոխություններ անել պետանվտանգության ծառայության կառուցվածքում: Օրինագծի հեղինակներն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորներ Ալփարսլան Քավաքօղլուն և Իդրիս Շահինն են:
Ակնկալվում է, որ օրինագիծը կքննարկվի մեկ շաբաթ անց: Դրա համաձայն, MIT-ը կստանա հավելյալ իրավունքներ, բացի այդ, կբարդացվի MIT-ի աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելը:
Օրինագծի ընդունվելու դեպքում MIT-ի ներկայացուցիչներին անհնար կլինի նույն գործով երկու անգամ դատելը` անգամ հավելյալ հանցանշանների կամ վկաների առկայության դեպքում: MIT-ի անձնակազմի գործերի դիտարկման իրավունք կունենա միայն ծանր հանցագործությունները քննող հատուկ դատարանը, որը հատուկ այդ նպատակով ստեղծվելու է Անկարայում:
Ինչ վերաբերում է MIT-ի ղեկավարին, ապա նրան դատելու իրավունք կստանա միայն Թուրքիայի Վճռաբեկ դատարանը: Թուրք իրավապաշտպաններին անհանգստացրել է այս օրինագիծը: Նրանք կարծում են, որ օրինագիծը հակասում է Թուրքիայի Սահմանադրության 2-րդ հոդվածին, որում գրված է, որ Թուրքիան իրավական պետություն է:
Նրանք օրինագիծը համեմատում են 1982 թվականի Սահմանադրության 15-րդ հոդվածի հետ, որը հեղաշրջման կազմակերպիչներին ազատում է կատարած հանցանքների համար հետապնդումներից (2010 թվականի սեպտեմբերի 12-ին` 1980 թվականի հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց, Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեով վերացվեց այդ հոդվածը – 168.am)
Օրինագծի համաձայն, MIT-ի ներքին փաստաթղթերն այժմ հնարավոր չի լինի ներկայացնել դատարանում` որպես ապացույց, իսկ MIT-ի աշխատակցին հարցաքննելու համար պահանջվում է MIT-ի ղեկավարի թույլտվությունը: MIT-ի ղեկավարն ինքը կարող է ցուցմունքներ տալ միայն երկրի վարչապետի թույլտվությունից հետո:
Հիշեցնենք, որ MIT-ի ներկայիս ղեկավար Հաքան Ֆիդանը MIT-ի փոխտնօրեն հանդիսացած ժամանակ (2009-2010) եղել է նաև արտաքին քաղաքականության գծով ներկայիս վարրչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը և համարվում է նրա վստահելի մարդկանցից մեկը:
Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավար է նշանակվել 2010 թվականի մայիսի 25-ին: Թուրքական մամուլը քանիցս ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ֆիդանն ամենուրեք ուղեկցում է Էրդողանին` չբացառելով, որ հենց նա կարող է դառնալ երկրի հաջորդ վարչապետը:
Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործողություններից օրեր անց թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը կարող է ներքին գործերի նախարար նշանակել հետախուզության ղեկավարին: