Բաժիններ՝

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 22-ին

Փետրվարի 22-ին տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Այն կմեկնարկի 16:00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով: Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակության մեջ առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ներկայացրեցին այս տարվա ծրագրերը և փառատոնի նպատակը: Արևիկ Սարիբեկյանի խոսքերով` արդեն ավանդույթ է դարձել փառատոնի միջոցով այնպիսի հարցերի վերհանումը, որոնք հուզում և հետաքրքրում են հասարակությանը: Այն հրաշալի միջոց է՝ բրիտանական կինոարվեստը ներկայացնելու հայ հանդիսատեսին, բացահայտելու ոլորտի վերջին զարգացումները և ստեղծելու կապեր հայ և բրիտանական կինոարտադրողների միջև:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Յունիսեֆը»: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ինը ֆիլմեր՝ մայրաքաղաքում և մարզերում:

Փետրվարի 22-ից մարտի 5-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, իսկ փետրվարի 28-ին ողջ օրը ֆիլմերը կցուցադրվեն «Սինեմա Սթար» կինոթատրոնի սրահներից մեկում: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր «Նաիրի» կինոթատրոնում: Մարտի 7-16-ը ֆիլմերը կցուցադրվեն մարզերում, մասնավորապես՝ Գորիսում, Գյումրիում, Գավառում և Վանաձորում: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Լիլիթ Քալանթարյանի խոսքերով` մարզերում հետաքրքրությունը շատ ավելի մեծ է. մարդիկ սիրով գալիս են և դիտում բոլոր ֆիլմերը:

Կարդացեք նաև

Արդեն ավանդույթ է դարձել, որ փառատոնի շրջանակում անցկացվում են մրցույթներ, կազմակերպվում են դասընթացներ, հրավիրվում են հյուրեր: Այս տարի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը: Նրանք կհանդիպեն տարբեր փառատոնների ղեկավարների, մասնագետների հետ, կքննարկվեն բրիտանական կինոինդուստրիայում եղած վերջին նորարարությունները, հետագա համագործակցության թեմաները:

Հետաքրքիր դասընթաց կանցկացվի «Թումո» կենտրոնում ապագա մասնագետների հետ, կուսուցանվեն, թե ինչպես պետք է հաշմանդամության, ներառական և հաղորդակցության թեմաներն արտացոլվեն, լուսաբանվեն ֆիլմերում: Դասընթացի վերջում երիտասարդ մասնակիցները կպատրաստեն մեկրոպեանոց ֆիլմ, որտեղ կարծարծեն այս թեմաները, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով: Կանցկացվի նաև գրախոսության մրցույթ: Մասնակիցները պետք է ներկայացնեն գախոսություն փառատոնի ինը ֆիլմերի վերաբերյալ, իսկ գլխավոր մրցանակակիրը կարժանանա iPad Air-ի: Հաջորդ մրցույթը կանցկացվի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Մասնակիցները պետք է Բրիտանական Խորհրդի ֆեյսբուքյան էջին տեղադրեն մեկական լուսանկար` կրկին վերը նշված թեմաներով: Հաղթողը կստանա լուսանկարչական ապարատ:

Բանախոսները հույս հայտնեցին, որ մեկ ամիս տևող փառատոնը թե´ Երևանում, թե´ մարզերում կունենա բազմաթիվ կինոդիտողներ և կհասնի իր նպատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս