Բաժիններ՝

Լևոն Խեչոյան. «Կարմիրն է իմ գրականությունը»

Փետրվարի 28-ին Երևանում տեղի կունենա արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Ըստ «Անտարես» հրատարակչության՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղից վերջին հրաժեշտը տվեցին գրողին:

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է հրատարակչության հաղորդագրության մեջ։

Լևոն Խեչոյանը կյանքից հեռացավ այս տարի՝ հունվարի 8-ին: Արձակագիրը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա աշխատել է մոտ 13 տարի: «Ժամանակը կարևոր չէ, որովհետև դա մարդկային ժամանակին է վերաբերում: Գործ կա, որ հրաշալի գործ է, մի ամսում է ստեղծվել: Հեղինակ էլ կա, որ 25 տարում է գրել, դա չի արդարացնում գործը:

Երկար տևեց, որովհետև դա Սասունցի Դավիթն է, Սասունցի Դավթի 4 ճյուղն է, և պատկերացրեք՝ հայ ժողովրդի 3000 տարվա պատմությունն է: Եթե ես դա գրել եմ 13 տարում, նույնիսկ ամաչում ես, որ դա դու 13 տարում ես գրել: Կարծում եմ՝ գրականության համար ուզում ես մեկ օր աշխատի, ուզում ես՝ 13, ուզում ես՝ 20, գործը պիտի ստացված լինի, ժամանակը ոչ մի նշանակություն չունի:

Կարդացեք նաև

Կարևորը սպասենք, տեսնենք՝ լավ է, թե չէ: Արդեն պատրաստ է տպագրության: Շուտով, հավանաբար, «Անտարես» հրատարակչությունը պայմանագիր կկնքի և գիրքը կտանի տպագրության»,-hetq.am-ի հետ ունեցած հարցազրույցում ասել էր Լ. Խեչոյանը:
Նրա կյանքի վերջին օրերին վեպը տպագրության էր պատրաստվում «Անտարես» հրատարակչությունում: Գրական ընկերների շնորհիվ գրողը դեկտեմբերի 31-ին կարողացավ տեսնել և ձեռքով շոշափել հենց իր համար տպված ազդօրինակը տեսնում: Վեպը Լ. Խեչոյանի համար չափազանց կարևոր էր, նա երկար տարիներ աշխատել էր այդ վեպի վրա: Գրքի առաջաբանը Հակոբ Մովսեսն է գրել:

«Երբ խոսում էինք վեպի մասին, ասում էի` պարոն Խեչոյան, Ձեր վեպերում, պատմվածքներում կիսատության զգացողություն կա, ամեն ինչ մինչև վերջ չեք ասում, Ձեր հերոսները գնում են, անհետանում են, չեն գալիս: Ինչ-որ առեղծվածային բան կա միշտ, և առաջին գործն է, որ չորս հերոսի մասին պատմում եք, չորսի մահն էլ նկարագրում եք»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը: Ի դեպ, Լևոն Խեչոյանը ցանկացել է, որ գրքի շապիկը կարմիր լինի: «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հարցրել է. «Քո գրականությունն ի՞նչ գույն է»։ «Կարմիրն է իմ գրականությունը»,- ասել է Լևոն Խեչոյանը:

16680_687893457929169_141308107_n

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս