Նեյրովիրաբույժ. «Մենք 100 անգամ երկար ապրելու շանսեր ունենք» (տեսանյութ)
«Երիտասարդացում հասկացողության տակ մենք պետք է հասկանանք՝ անմիջապես երիտասարդացում, այսինքն՝ իմ տարիքի կամ ավելի մեծ տարիքի անձնավորությունն արտաքնապես և ֆիզիկապես փոխվում է և դառնում է այն, ինչ եղել է երիտասարդ տարիքում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը: Երիտասարդանալու հավանականությունները հասկանալու համար պարոն Խաչատրյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե մեր և, ընդհանրապես, կենդանի օրգանիզմներն ինչ են իրենցից ներկայացնում, ինչ մեխանիզմներ են դրանց շարժիչ ուժերը, և ինչպես կարելի է այդ ուժերի վրա ազդել. «Այս հիպոթեզն առաջին անգամ ասել է Պավլովը՝ 1931 թվականին, 81 տարեկան հասակում, երբ նա հերքեց իր ռեֆլեքսիվ ուսմունքը և հայտարարեց, որ ենթակեղևն ակումուլյատոր է կեղևի համար: Այն ժամանակ Պավլովին համարեցին արդեն տարիքն առած մարդ, որն իր ամբողջ 60 տարվա աշխատանքը կարողացավ հերքել: Բայց, դժբախտաբար, նրա հետնորդները դա չընդունեցին և որոշեցին, որ ուղեղն ակումուլյատոր ունենալ չի կարող, այն ինքն իրեն աշխատում է՝ չգիտեմ ինչ էներգիայով, դրա համար մենք փնտրում ենք տարբեր էներգիաներ»: Նեյրովիրաբույժն ասաց, որ, եթե ելնենք այն բանից, որ ենթակեղևում կա ակումուլյատոր (որն իրենից ներկայացում է ռեդիկուլյար, ցանցանման մի գոյացություն, բջիջների խումբ), այն համարվում է ուղեղն ակտիվացնող համակարգ. «Իրականում այդ համակարգը մի ակումուլյատոր է, որը լիցքավորվում է քնած ժամանակ, և ցերեկը, երբ որ մարդ ակտիվ է լինում, ծախսվում է այդ էլեկտրական հոսանքը ոչ միայն նյարդային համակարգի, այլև մեր ցանկացած` նույնիսկ մազն աճեցնող բջջի վրա: Մեր ցանկացած բջիջ գտնվում է շղթայի մեջ, և այդ շղթայի սկիզբը ցանցանման գոյացության բջիջն է` հոսանքի աղբյուրը, որը լիցքավորվում է գիշերը՝ քնած ժամանակ»: Նա նշեց, որ իր հաջորդ փորձը, որն ինքը մտադիր է անել, նրա համար է, որ կարողանա ապացուցել, որ գիշերը մկանն արտադրում է էլեկտրաէներգիա. «Պետք է էլեկտրոդները մտցվեն մկանի մեջ, և կոնդենսատորները որոշեն` գիշերը լիցքավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե լիցքավորվում է, ուրեմն այն, ինչ որ ասում ենք, ճիշտ է: Իսկ եթե ճիշտ է, ի՞նչ է սա նշանակում: Փաստորեն, մարդը հեռախոսի և մեր բոլոր էլեկտրական սարքերի նման՝ մի սկզբունքով աշխատող սարք է, իհարկե, ավելի բարդ: Երբ խոսում ենք հեռախոսով, և այն լիցքաթափվում է, դնում ենք լիցքավորման (քնում է հեռախոսը), շարունակում ենք օգտագործել, մինչև ակումուլյատորը փչանա: Երբ ակումուլյատորը փչանում է, հեռախոսը մեռնում է: Նույն ձևով էլ ծերացումն է. մահը գալիս է այն բանից հետո (եթե չկան այլ հանգամանքներ), երբ ակումուլյատորները սպառվում են: Այսինքն՝ կարելի է նորից դնել ակումուլյատորներ և այդ հարցը լուծել»: Պարոն Խաչատրյանի խոսքերով, ըստ այդ հիպոթեզների՝ մարդը կարող է ապրել այնքան, ինչքան ինքը ցանկանում է. «Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, ես չեմ կարծում, որ մարդիկ կցանկանան շատ երկար ապրել, մարդիկ կան, կարող է ասեն` ես հոգնել եմ: Մեր ուղեղում կա 100 միլիարդ բջիջ, որից աշխատում է միայն մեկ միլիարդը, կյանքի ընթացքում ոչնչանում է միայն կես միլիարդը: Այսինքն՝ մենք 100 անգամ երկար ապրելու շանսեր ունենք»:
Անի Քեշիշյան