Բաժիններ՝

Հայաստանը արհեստավարժ ծրագրավորողների պահանջարկ ունի

Հայաստանում ծրագրավորողների պահանջը զգալիորեն աճում է, սակայն արհեստավարժ մասնագետներ քիչ կան: Սա պայմանավորված է հիմնականում այն կրթությամբ, որն ուսանողները ստանում են կրթական հաստատություններում. ուսանողներին տված գիտելիքը չի համապատասխանում նորագույն տեխնոլոգիաների պահանջներին, որի արդյունքում էլ նույնիսկ մագիստրոսի կոչում ստացածները չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ:

Այս թեմայով «Մեր Սոֆթ»  ծրագրային ապահովում ստեղծող ընկերության չորս հիմնադիրներից Գարեգին Սարգսյանը նշեց, որ այս ոլորտում ամենամեծ խնդիրը աշխատուժն է, քանի որ շրջանավարտները չեն տիրապետում այնպիսի ծրագրերի, ինպիսիք են C Sharp, Java և այլ ծրագրավորման լեզուներն են, որոնք անհրաժեշտ են, օրինակ, «Մեր Սոֆթ»-ում աշխատելու համար: «Ուսանողն ընդունվում է համալսարան, որպեսզի դառնա ծրագրավորող:

Փիլիսոփայություն են սովորում, որովհետև դրա մասնագետն ունենք, սովորում են տնտեսագիտություն, լավ են անում. ընդհանուր զարգացվածության համար դրանք անհրաժեշտ են, բայց մարդը գնում է բուհ ոչ թե փիլիսոփայություն, այլ մասնագիտական կրթություն ստանալու համար: Լրագրողին լրագրություն են սովորեցնում, ուրեմն թող բարի լինեն ծրագրավորողին էլ ծրագրավորում սովորացնեն: Բայց դա տեղի չի ունենում  ոչ մայր բուհում, ոչ էլ Պոլիտեխնիկում»,-ասաց նա:

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի  «Ինֆորմատիկա  և հաշվողական տեխնիկա» բաժնի նախկին ուսանող Սվետա Եղիազարյանը ցավով  է նշում, որ ներկայումս աշխատանք չունի, քանի որ մասնագիտական առումով չունի փորձ. «Գործնական աշխատանքները կատարվել են շատ թույլ հզորությամբ համակարգիչների կամ նույնիսկ առանց համակարգիչների, ծրագրերը եղել են հին կամ ընդհանրապես չեն եղել: Այսինքն` այն պահանջը, որը ներկայումս կա IT ոլորտի ընկերությունների կողմից, որը աշխատողը պետք է ունենա՝ ես չունեմ»:

Կարդացեք նաև

Սվետան նշում է, որ պրակտիկան անցել է  Internet provider iMax-ում, բայց, քանի որ ուսանողները շատ էին, բաժանվել են խմբերի: Եվ ստացվում է, որ մեկ ամսվա փոխարեն գործնական գիտելիքներ են ձեռք բերել ընդամենը 12-13 օրվա ընթացքում:  «Իսկ տեսական մասով հին տեղեկատվություն են տվել: Նշված է, որ գույություն ունեն օպերացիոն համակարգերի տեսակներ, բայց դրանց ինտերֆեյսը չենք տեսել, եթե հարցնեն՝ սա ո՞ր օպերացիոն համակարգն է, չենք կարող պատասխանել»,-ասում է նա:

«Մեր Սոֆթ» ընկերության համահիմնադիր Գարեգին Սարգսյանը հորդորում է բուհերի ռեկտորներին. «Սկսած Երևանի պետական համալսարանի ռեկտորից վերջացրած Պոլիտեխնիկի ռեկտորով՝թող սթափվեն և ուշքի գան: Դեռ ուշ չէ: Այս սեկտորը, որը մեծ ծավալով արտահանվում է և բավականին արդիական է, պետք է զարգացնեն»:

«Մեր Սոֆթ» ՍՊԸ-ն, ուսումնասիրելով արևմտյան փորձը և խորհուրդներ ստանալով խորհրդատվական ընկերություններից, այսօր արդեն նորարական մեթոդներ է կիրառում, որն էլ իր հերթին արդեն գրավել է մի շարք երկրների  ուշադրությունը: Օրինակ, Վրաստանից և Ռուսաստանից արդեն կան հեռանկարային գնորդներ, ովքեր հետաքրքրված են ընկերության նորորարություններով: Ընկերությունը ունի ավելի քան հարյուր հաճախորդ և ներկայացնում է 12 տարբեր ծրագրեր:

Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի  մեկ այլ ուսանող հավելեց, որ պրակտիկայի ձեռքբերումը ամբողջովին կեղծ է, որովհետև  ժամանակահատվածը տրված է միայն դիպլոմային և պետական քննությունները պարապելու համար. «Մասնագիտական ոչ մի աշխատանք չենք կատարում: Ուսանողները հիմնականում պատրաստում են իրենց դիպլոմային աշխատանքները: Իսկ համալսարանը ի վիճակի չէ ամեն մեկին ուղարկել ըստ իր թեմայի: Ոչ միայն բակալավր, այլև մագիստրատուրան ավարտած ուսանողը համաձայն իր կրթության միանգամից չի կարող ընդունվել  աշխատանքի»,-ասաց նա:

Մեր զրուցակից Գարեգին Սարգսյանը նշում է, որ այսօր «Մեր Սոֆթ»-ում աշխատում է ընդամենը մեկ ուսանող, բայց իրենք տասնյակ ուսանողների տեղ ունեն: «Մենք ամբողջ մեկ հարկ մասնագետներ չունենալու պատճառով փակել ենք»,- ասում է նա և կրկին շեշտում, որ արդիական գիտելիք այսօր չի տրվում ուսանողներին:

Հ.Գ. Ուսանողների անունները, հասկանալի պատճառներով՝  պայմանական անուններ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս