«Նաիրիտը» լուծում է պահանջում
«Նաիրիտ» գործարանն արտադրանք չի տալիս 2010-ից, իսկ աշխատակիցներն էլ այս տարիների ընթացքում աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո:
Երեկ ՀՀ կառավարության շենքի, ապա` նախագահական նստավայրի առջև հերթական բողոքի ակցիան էր կազմակերպվել: Նաիրիտցիները պնդում են, որ ոչ թե գումար չկա, այլ, իրենց անհայտ պատճառներով` պարզապես չեն վճարում աշխատակիցներին: Օրինակ` ՀՀ իշխանությունները զգալի եկամուտ են ստանում 2010 թ. մայիսի 4-ին Չինաստանում բացված «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից, որտեղ հայկական կողմի մասնաբաժինը 40% է, և որի բացման արարողությանը ներկա էր անձամբ Սերժ Սարգսյանը: 2013 թ. դրությամբ «Շանսի-Նաիրիտն» արտադրում է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ, և դա՝ ընդամենը 9 ամսվա ընթացքում: Այսինքն՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 մլն դոլար է:
«Նաիրիտ» գործարանի մեկ ամսվա աշխատավարձի բյուջեն կազմում է 1 մլն դոլար. ի՞նչ է ստացվում` եթե այդ 16 մլն դոլարը հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց արդեն պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձերը:
ՀՀ իշխանությունները բազմիցս խոստացել են վերագործարկել «Նաիրիտը» և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քլորոպրենային կաուչուկի գինը միջազգային շուկայում բարձրանում է, գործարանը պետք է անհապաղ աշխատեր: Մինչդեռ, ըստ «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանի, այն ծառայում է` որպես «փողեր լվանալու միջոց ներկայիս կոռումպացված իշխանությունների համար», և «Նաիրիտի» հետ կատարված բոլոր մութ պատմությունների համար պատասխանատու են Սերժ և Տիգրան Սարգսյանները:
Երեկ բողոքավոր նաիրիտցիներին հերթական անգամ ընդունել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու հերթական անգամ խոստացել վճարել 1 ամսվա աշխատավարձը և վերագործարկել «Նաիրիտը»: Ընդ որում, նաիրիտցիների փոխանցմամբ, Մովսիսյանն ասել է, թե առաջիկայում «Ռոսնեֆտ» ընկերության ներկայացուցիչներն այցելելու են Հայաստան և շարունակելու բանակցությունները «Նաիրիտի» վերագործարկման շուրջ: Սակայն «168 Ժամի» հետ զրույցում Ա.Ավետիսյանը մատնանշեց նախարարի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքերի միջև եղած հակասությունը. մինչ նախարարը պնդում է, թե «Նաիրիտը» վերագործարկելու է «Ռոսնեֆտը», ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրերս հայտարարել է, որ «Ռոսնեֆտը» լրջորեն մշակում է Հայաստանում կաուչուկի գործարանի կառուցման հարցը, որը կզբաղվեր ավտոդողերի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ, դա արվում է «Պիրելի» ընկերության հետ համատեղ:
Դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ «Նաիրիտի» մասնագետները, ովքեր զբաղվել են գրեթե նույն աշխատանքով, պահանջված կլինեն նոր ձեռնարկությունում: Այսինքն՝ դեսպանը պարզ տեքստով ասել է, որ «Ռոսնեֆտը» «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն չի գնելու և չի վերագործարկելու: Սա հաստատում է մեր տեղեկությունները, որ ոչ մեկ անգամ արդեն հրապարակել ենք:
Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ նոր գործարանի կառուցման ծրագրերն էլ կյանքի չկոչվեն, քանի որ, եթե գործարանը պետք է կառուցվի զրոյից, հումքը բերվի Ռուսաստանից, և այստեղ օգտագործվի միայն բանվորական ու գիտական ներուժը, ապա ռուսների համար առավել շահավետ ու հեշտ լուծելի խնդիր կլինի նշված բանվորական ու գիտական ներուժը տանել Ռուսաստան:
Այդ դեպքում ՀՀ իշխանությունները կհայտնվեն կոտրած տաշտակի առջև՝ չկարողանալով իրենց ուսերից դեն նետել ֆիզիկապես ու բարոյապես մաշված հսկայական քիմիական գործարանը, որը, չաշխատելով հանդերձ, մեծ գումարներ է պահանջում անվտանգությունն ապահովելու համար, նաև ստիպված կլինեն պետական բյուջեից վճարել «Նաիրիտի» շուրջ 400 մլն դոլար պարտքը:
Մեր աղբյուրները պնդում են, որ «Նաիրիտի» հանդեպ ռուսների հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. որպես պայման` սեղանին է դրվել «Նաիրիտի» հետ իրենց վաճառել «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները, անձնական շահերից դրդված, ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը: Հետաքրքրականն այն է, թե ով է ստանձնելու ՀԷԿ-ի ղեկավարությունը. մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Որոտանի» արդեն նախկին գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, ով 15 տարի ղեկավարում էր այդ կառույցը, հանձնում է իր պարտավորությունները, իսկ պաշտոնը զբաղեցնելու է Արա Հովսեփյանը` նախկինում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը, ապա` «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը: Ընդ որում, ավելի վաղ մեզ հետ զրույցում Արա Հովսեփյանը չէր հերքել այս լուրը:
Մենք նաև գրել էինք, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են կրճատել գործարանի աշխատակիցներին և մարտից փակել «Նաիրիտը»: Երեկ մեզ հետ զրույցում նաիրիտցիները կրկին հաստատեցին այս լուրը՝ շեշտելով, որ բոլորը գիտակցում են իրավիճակի լրջությունը:
Գործարանի հսկայական պարտքերից ազատվելու լավագույն միջոցն այն սնանկ ճանաչելն է: Այդ խնդրով, հիշեցնենք, արդեն դատավարություն է ընթանում՝ իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Արա Կուբանյան): Տարօրինակ զուգադիպությամբ՝ որպես այս ընկերության հասցե` նշված է. Իրանի Հանրապետություն, Թավրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության` «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը` Esmaeil Motavalli Soufiani Traiding-ը:
«Նումարդ թրեյդինգն» իր հերթին` դիմել էր դատարան` գործարանից շուրջ 5 մլրդ դրամ գումար բռնագանձելու պահանջով: Ամենևին չի բացառվում, որ այս նորահայտ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությունը նույնպես օֆշորային լինի, և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»:
Ի դեպ, «Նումարդ թրեյդինգի» հետ դատական երկարատև քաշքշուկներից հետո Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.03.2013թ. տրված թիվ ԵՇԴ0913/02/09 կատարողական թերթի համաձայն` ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր 247,489,200 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 29.09.2011թ. վճարված պետական տուրքի գումարն է (այս խնդրին մենք անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում): Մինչ օրս Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի կարողացել կատարել դատարանի պահանջը: Ի պատասխան մեր հարցման` ԴԱՀԿ-ից տեղեկացրին, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 04.07.2013թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, և օրենքով սահմանված կարգով կատարողական գործողությունները շարունակվում են:
ԴԱՀԿ-ից նաև հայտնեցին, որ այս տարվա հունվարի 31-ի դրությամբ ծառայությունում «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ հարուցված է թվով 17 տարբեր բնույթի վարույթ:
Վերադառնալով «Նաիրիտի» աշխատակիցների պահանջին՝ նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանից նրանք պահանջել են պարտքի վճարման ժամանակացույց կազմել, թե ինչքան ժամանակը մեկ են աշխատակիցներին վճարելու, անվստահություն են հայտնել նախարար Արմեն Մովսիսյանին և խնդրել են, որ անձամբ Սերժ Սարգսյանը պարզաբանի գործարանի ճակատագրի վերաբերյալ իրավիճակը: Այսօր առավոտյան գործարանի աշխատակիցները հավաքվելու են «Նաիրիտում» և սպասելու են նախագահի պատասխանին, իսկ այն չստանալու դեպքում` կրկին բողոքի ակցիա են անցկացնելու: