Նաիրա Զոհրաբյան. Այնպես չանենք, որ այս պատրաստակամությունն էլ կորցնենք…
Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է՝ շարունակելու հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցիացվեցին Եվրամիության հետ: Փաթեթի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ներառված դրույթներն օգնելու են վերականգնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը: 168.am-ն այս առնչութամբ զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
– Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո հնարավորություն ունի՞ այսուհետ Եվրոպայի հետ համագործակցել այլ ֆորմատներով:
– Մեզ համար խիստ անհրաժեշտություն է Եվրոպական միության, եվրոպական ընտանիքի հետ համագործակցության շարունակականությունը, և առաջին հերթին՝ դրանում շահագրգռված պետք է լինի Հայաստանը, որովհետև դա բխում է ՀՀ շահերից: Ես ողջունում եմ Եվրոպական միության պատրաստակամությունը «Եվրոպական փաթեթի» նախապատրաստման վերաբերյալ, որն արևելյան կոմպոնենտի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ինչը շատ կարևոր է, հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը: Մնում է, որ հայկական կողմից համապատասխան մեսիջներ, համապատասխան իմպուլս լինի, որպեսզի Եվրոպական միության համար տեսանելի լինի համագտործակցության հեռանկարը, երկխոսության ապագան:
– Այս պահին Հայաստանի կողմից տեսնո՞ւմ եք երկխոսությունը շարունակելու «իմպուլսներ»:
– Հայտարարությունների մակարդակով, այո, կան, բայց, ցավոք սրտի, գործնականում ես չեմ տեսնում որևէ հստակ մեսիջ, որ Հայաստանը պատրաստ է հստակ ուղղություններով Եվրոպական միության հետ շարունակել երկխոսությունը: Հայտարարությունների մակարդակով ինչ ասես կա, բայց գործնականում հայտարարություններից այն կողմ ես չեմ տեսնում իրական պատրաստակամություն:
– 3.5 տարի Եվրոպայի հետ բանակցելուց, բայց Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց հետո, փաստորեն, կարծում եք, որ Եվրոպան կվստահի՞ Հայաստանին, կփնտրի՞ համագործակցության նոր ձևաչափեր:
– Իհարկե, վստահության էական կորուստ եղավ, որպես վստահելի գործընկեր, Հայաստանն, իհարկե, կորցրեց իր իմիջը, բայց ես ինքս զրուցել եմ Եվրոպական միության ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և նրանց կողմից կա ցանկություն՝ աշխատել Հայաստանի հետ, ինչը շատ կարևոր է: Իհարկե, իրենց համար շոկ էր, անակնկալ էր սեպտեմբերի 3-ի որոշումը, որոշ շրջանակներում էլ կա լուրջ վերապահում Հայաստանի հանդեպ, բայց, այնուամենայնիվ, կա նաև պատրաստակամություն՝ Հայաստանը չկորցնել որպես գործընկեր, շարունակել Հայաստանի հետ երկխոսությունը: Այնպես չանենք, որ այս պատրաստակամությունն էլ կորցնենք…