Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ուկրաինական իրադարձությունների մասին. «Այս ամենի ետևում երևում է հյուսերով աղջկա ստվերը»
«Մայդանը» թևակոխել է մոտավորապես Հայաստանում 2008 թվականի փետրվարի 23-24-ի ժամանակը. մարդիկ երգում և պարում են հրապարակում: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը` խոսելով Ուկրաինայում շարունակվող բողոքի ցույցերի մասին:
Նրա խոսքերով` Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը ժամանակ է ձգում` մինչև Սոչիի օլիմպիական խաղերի ավարտը: Ըստ Սեդրակյանի` «Մայդանը» ցրելու ժամկետների մասին ակնարկել է նաև Ռուսաստանի «ներքին քաղաքականության խոսնակը»` Վլադիմիր Ժիրինովսկին, ով պետական «Ռոսիա» հեռուստաալիքով 20 րոպեանոց ելույթ է ունեցել և հայտարարել, թե «ժամանակն է ջարդել ուկրաինական «Մայդանը»»:
«Եվ ուկրաինացիներն էլ են քաջատեղյակ, որ «Մայդանը» ճնշելու միջոցառումները կսկսվեն օլիմպիադայից հետո»,- նշեց Ա. Սեդրակյանը: Իսկ զարգացումներ կլինեն հետագայում, թե ոչ՝ Անուշ Սեդրակյանը դժվարանում է կանխատեսել. «Բոլոր պարագաներում`ճնշման արդյունքում Յանուկովիչը չի պահպանի իր բոլոր լիազորությունները, կստեղծվի ազգային համաձայնության կառավարություն կամ նման մի բան` մինչև 2015 թիվը, իսկ 2015-ին Ուկրաինան կորոշի իր ազգային-անկախական, ինքնիշխան կարգավիճակը»:
Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին ասաց, թե ընդհանրապես չի կարևորում հարցը` կցրե՞ն «Մայդանը», թե՞ ոչ, քանի որ այժմ Ուկրաինայի գլխավոր խնդիրը երկրի հնարավոր փլուզումն է: «Ուկրաինայում արդեն վաղուց մոռացել են եվրոպական ընտրության մասին»,- ասաց նա:
«Կովկասի» ինստիտուտի տնօրենը նշեց, թե որպես քաղաքագետ` մեծ ուշադրությամբ է հետևում Ուկրաինայում շարունակվող հակաիշխանական ցույցերին, զարգացումներին, քանի որ «մայդաններում» կան բաներ, որոնք ` քաղաքագիտական տեսանկյունից չափազանց հետաքրքիր են և իրականում օրինաչափություններ են հանդիսանում հետխորհրդային պետությունների համար:
«Իշխանությունը չի կարողանում իրականացնել իր ֆունկցիաները, և շրջանային քաղաքներում մարդիկ մեկը մյուսի հետևից մտնում են պետական հաստատություններ ու այնտեղից դուրս են շպրտում ղեկավարներին, հետո ղեկավարները կրկին վերադառնում են և այդպես շարունակ…
Ըստ էության` ընդդիմությանն առաջարկվել է իշխանությունը, բայց ընդդիմությունը չի ընդունել այն, իսկ ընդդիմությունն ակնհայտորեն չի կարող միավորվել. Յացենյուկը, Տյագնիբոկը և Կլիչկոն սկզբունքորեն անհամատեղելի են: Ո´չ Արևմուտքը, ո´չ էլ Ռուսաստանը չեն կարող նրանց հետ աշխատել: Եվ այս ամենի ետևում երևում է հյուսերով աղջկա ստվերը, որովհետև եթե լինի այն զարգացումը, որը կանխատեսում է տիկին Սեդրակյանը, ապա այդ դեպքում ո´չ Յացենյուկը, ո´չ էլ Տյագնիբոկը չեն կարող պահել իշխանությունը, և հենց որ ու եթե տիկին Տիմոշենկոն դուրս գա բանտից, պարզ է, թե հետո ինչ կլինի: Ով-ով, բայց Ռուսաստանը կարող է լեզու գտնել տիկին Տիմոշենկոյի հետ,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:- Ինչ վերաբերում է իշխանությանը, նա չի կարող վերահսկել իրավիճակը, նա մարգինալիզացված է, սա Ուկրաինայի բնորոշ առանձնահատկությունն է, Ուկրաինան մի երկիր է, որը չի կարող ընտրություն կատարել… Կցրե՞ն «Մայդանը», թե՞ ոչ, քաղաքագիտական իմաստով սա այնքան էլ կարևոր չէ: Երկիրը կփլուզվի՞, թե՞ ոչ, կկարողանա՞ պետությունը հավաքվել այնպես, որ Ուկրաինայի տարբեր հատվածները կարողանան փոխգործակցել միմյանց հետ, թե՞ ոչ: Սա է խնդիրը: Կմնա՞, թե՞ չի մնա Յանուկովիչը, դե, ամենայն հավանականությամբ չի մնա` առնվազն 2015 թվականից հետո»: