«Խնդիրը դարձյալ Հայաստանը, իբրև գործիք, օգտագործելն է»

Եթե Մերկելի և Էրդողանի միջև Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոսակցության մասին  թուրքական լրագրողների հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա իրականում վերաբերում է Թուրքիային, ոչ թե Հայաստանին: Այս մասին  այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:

«Սա Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների, միգուցե նաև ավելի լայն համատեքստում  է, և սա Թուրքիայի վերաբերյալ տիկին Մերկելի առաջին հայտարարությունը չէ: Որքան հիշում եմ` նախորդ անգամ Մերկելը նման խիստ հայտարարություն է արել Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարակից Գեզիի այգու հարցի առնչությամբ, այն նույնպես բավական խիստ էր, այս հայտարարությունը նույնպես բավական խիստ է, և դրա արձագանքը ևս բավական կտրուկ էր»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինիս կարծիքով` Մերկելի հայտարարությունը ցույց է տալիս Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:

«Եվրոպան հոգնել է Էրդողանից,- ավելացրեց Իսկանդարյանը:- Թուրքիայի ամենացավոտ հարցերից մեկը Հայոց ցեղասպանության խնդիրն է` 2015 թ. նախօրեին, և նաև հայ-թուրքական սահմանների խնդիրը: Եվ այն, որ հայ-թուրքական գործընթացը Արևմուտքի կողմից աջակցություն ստացած նախագիծ էր և, փաստորեն, ձախողվեց Թուրքիայի մեղքով, տեղիք է տալիս այսպիսի ձևով ցույց տալու Թուրքիային, որ իրենից դժգոհ են: Հենց սա էլ արեց Մերկելը»:

Կարդացեք նաև

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանն իր հերթին հարցը կապեց Գերմանիայի` Եվրոպայում գերիշխող դեր ստանձնելու ձգտման և Թուրքիայի` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նմանատիպ քաղաքականության հետ:

«Իհարկե, Թուրքիան, Արևմուտքի և Իրանի ջերմացող լույսի ներքո, ընդհանրապես չի կարող հաշտվել իր գերիշխող դիրքի կորստի հետ, որովհետև Թուրքիան բազմիցս փորձել է ինչ-որ միջնորդական գործունեություն ծավալել, ստանձնել միջնորդական առաքելություններ, որպեսզի կարողանա տարածաշրջանը պահել իր հոգածության ներքո: Լրացնելով պարոն Իսկանդարյանին` ասեմ, որ այդ հայտարարությունը նաև Թուրքիայի և Ռուսաստանի ջերմացող հարաբերությունների համատեքստում է դնում  որոշակի անջրպետ, որովհետև որքան էլ Գերմանիան փորձի Եվրամիության միջոցով Ռուսաստանի հետ պահպանել ջերմ հարաբերություններ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս` որքան Գերմանիան հոգնել է Թուրքիայից, նույնքան էլ հոգնել է ռուսական քաղաքականությունից: Եվ այստեղ խնդիրը դարձյալ Հայաստանը, իբրև գործիք, օգտագործելն է, որովհետև թե´ արևմտյան, թե´ ռուսական քաղաքականությունը Ցեղասպանության հարցը, որպես կանոն, օգտագործում են իբրև գործիք, որպեսզի ինչ-ինչ հարցեր կարգավորեն:

Եթե մենք դրանից շահենք դիվանագիտական որոշակի բոնուսներ` ներառյալ առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանների բացումը, ուրեմն նշանակում է` Հայաստանին գոնե այս անգամ հաջողվել է արդյունավետ քայլ կատարել, բայց դարձյալ ոչ իր կամքով»,- նշեց Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը, ըստ թուրքական «Հյուռիեթ» թերթի, համատեղ մամուլի ասուլիսում հանդիմանել էր Թուրքիայի վարչապետին` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակելու համար  և նրան կոչ արել «առերեսվել սեփական պատմության հետ» ու բացել հայ-թուրքական սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս