«Մինսկի խումբն իր գաղտնապահությամբ ավելի շատ նմանվում է Մինսկին, քան խմբի»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունները:

– Ադրբեջանի կողմից վերջին հարձակումներն անակնկալ էին և միաժամանակ` սադրիչ: Սա Ադրբեջանի դժգոհության ցուցադրումն էր` դիվանագիտության առումով, միևնույն ժամանակ, հարձակման նպատակը Հայաստանի պատասխանը ստուգելն էր: Սա ներկա դիվանագիտական գործընթացը դարձնում է շատ ավելի դժվար և մարտահրավերներով լի: Ադրբեջանը սրանով իր դժգոհությունն էր հայտնում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Մինսկի խմբին:

– Չնայած այս միջադեպին` Հայաստանի արտգործնախարարը մի քանի օր անց, այնուամենայնիվ, մեկնեց Փարիզ և հանդիպեց իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, թեև Հայաստանում շատերը գտնում էին, որ այդ հանդիպումը պետք էր բոյկոտել: Ըստ Ձեզ` ճի՞շտ էր դեմարշի գնալը:

– Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ պետք էր դեմարշի ենթարկել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը: Կարծում եմ` Հայաստանի արտգործնախարարը ճիշտ վարվեց, որ գնաց Փարիզ: Հայաստանի կառավարությունը մնում է դիվանագիտությանը հանձնառու, և եթե հանկարծ դիվանագիտական շփումների հերթական ռաունդը չեղյալ համարվեր, այդ դեպքում Ադրբեջանը կստանար այն, ինչ ուզում է: Հայաստանի համար սխալ կլիներ Ադրբեջանի մարտավարությանն օգնելը:

– Այդուհանդերձ, Ադրբեջանի սադրանքները` բարձր մակարդակով նման հանդիպումներից առաջ, արդեն դարձել են օրինաչափություն: Հետևաբար` որքանո՞վ է արդարացված այդ քաղաքականությունը, թե՞ զինվորի կյանքն այլևս արժեք չունի:

– Ես կրկին համաձայն չեմ: Մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական վիրավորանք հասցրեց դիվանագիտությանը, և Հայաստանն իր հերթին` պատասխանեց դրան ռազմական հակահարվածով: Հայաստանի դիվանագիտական պատասխանը ևս ճիշտ և ակտիվ էր, բայց իրականում Ադրբեջանի հարձակումները, ագրեսիան և սպառնալիքներն առաջին հերթին` վնասում են Մինսկի խմբին, հետո` Ադրբեջանին: Քննադատությունը պետք է ուղղված լինի ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե ինչու նրանք պատշաճ արձագանք չեն տալիս այս հարցին:

– Ի դեպ, փետրվարի 5-ին Մինսկի խմբի քաղաքականության դեմ այդպիսի բողոքի ցույց եղավ:

– Այո՛, գիտեմ:

– Հնարավոր համարո՞ւմ եք այս վարկածը, որ Ադրբեջանն այսպիսի գործողություններով փորձում է որոշակիորեն կարևորել իր դերը տարածաշրջանում` Մինսկի խմբի անդամ երկրներից ակնկալելով ինչ-որ քաղաքական օգուտներ:

– Չեմ կարծում, որ դա ճիշտ է: Ադրբեջանի ռազմավարությունը ռազմավարություն չունենալն է: Այսինքն` նրա դիվանագիտական ռազմավարությունը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմավարական: Նմանատիպ միջադեպերը, հարձակումները և ուժի լեզուն թույլ չեն տալիս, որ Ադրբեջանը բարձրացնի իր դերը և դառնա տարածաշրջանային խաղացող, որովհետև, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանի պահվածքն անխոհեմ է, անկանխատեսելի և բխում է ոչ թե ուժից, այլ թուլությունից:

– Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահներից Իգոր Պոպովն ասաց, որ Բաքվում քննարկել են այժմ սեղանին դրված փաստաթուղթը, իսկ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում են քննարկել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, առաջարկել այն տարբերակները, որոնք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Փարիզում: Ո՞ր փաստաթղթի մասին է խոսքը:

– Կարճ պատասխանը` ես չգիտեմ, իսկ ավելի խորը պատասխանն այն է, որ տեղեկատվության պակասը շատ վտանգավոր զարգացում է, որովհետև տեղեկատվության պակասը նախադրյալներ է ստեղծում ապատեղեկատվության առաջացման համար: Սա նաև ցույց է տալիս, թե ինչն է սխալ խաղաղության այս գործընթացում, քանի որ ողջ աշխարհում ընդամենը 12 հոգուց պակաս մարդ կա, ով գիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եթե Հայաստանում կամ Ադրբեջանում որևէ վերլուծաբան կարող է գուշակություններ անել այս հարցի վերաբերյալ, ապա իրականում` որևէ մեկը չգիտի դրա պատասխանը: Մինսկի խումբն իր գաղտնապահությամբ ավելի շատ նմանվում է Մինսկին, քան խմբի:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք նույն միջադեպի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության արձագանքի մասին, այն բավական նման էր Մինսկի խմբի, այսպես ասած, համահավասարեցնող հայտարարությանը: Որքանո՞վ եք նորմալ համարում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ այս պահվածքը:

– Առաջին հերթին` սա բացահայտում է խնդիրը և Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կեղծավորությունը: Կեղծավորությունը կայանում է նրանում, որ շատ լավ է, որ Ռուսաստանն է մտահոգություն հայտնում, ահազանգում այս միջադեպի վտանգի մասին, բայց Ռուսաստանն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար մեկ զենքի մատակարարը, և այն զենքը, որն Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ, ռուսական է: Արդյո՞ք սա ռազմավարական գործընկերոջ պահվածք է:

– Այդպիսի քաղաքականությամբ Ռուսաստանն ուժեղացնո՞ւմ է իր վերահսկողությունը տարածաշրջանում:

– Մենք շատ բան կարող ենք ասել այդ կապակցությամբ, բայց պետք է նշել հատկապես այդ մեկը:

– Ի դեպ, Ռուսաստանի քաղաքականության մասին մեզ հետ հարցազրույցում վերջերս բավական ուշագրավ տեսակետ հայտնեց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Նրա խոսքերով` Ռուսաստանը, մի կողմից` որոշակի հաճույք է ստանում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվում է, բայց մյուս կողմից էլ, հասկանում է էսկալացիայի հնարավոր հետևանքները, դրա համար էլ փորձում է որոշակի զսպվածություն դրսևորել: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Ընդհանուր առմամբ` համաձայն եմ պարոն Դուբնովի հետ` հատկապես մեկ շատ կարևոր աշխարհագրական գործոնի պատճառով: Ռուսաստանի Դաշնությունը սահմանակից է Ադրբեջանին, բայց Ռուսաստանը` ոչ: Այլ կերպ ասած` Դաղստանը, անկայուն և վտանգավոր Կովկասն է Ադրբեջանի հարևանը: Ուստի, դեռ պետք է սպասենք անվտանգությանն ու կայունությանն ուղղված նոր մարտահրավերների, որոնք կհաստատեն ռուս վերլուծաբանի զգուշացումները:

– Այսինքն` Ադրբեջանը կարող է կարևոր լինել Ռուսաստանի համար` Հյուսիսային Կովկասում իսլամական շարժումների դեմ պայքարի առումով:

– Այո՛, և նաև` ճիշտ հակառակը: Իհարկե, Ադրբեջանը կարևոր է այն առումով, որ կովկասյան անվտանգության շղթայի մի մասնիկն է հանդիսանում, բայց միաժամանակ` Ադրբեջանն անհանգստանում է, որ անկարգությունները և ըմբոստությունները Դաղստանից կարող են տեղափոխվել Ադրբեջանի տարածք: Բարեբախտաբար, մեր հյուսիսային հարևանը Վրաստանն է, ոչ թե Դաղստանը:

– Իսկ ի՞նչ կարող է Հայաստանն այս առումով առաջարկել Ռուսաստանին:

– Կովկասի առումով՝ ոչինչ, բայց մենք պետք է փորձենք: Հայաստանն առաջարկում է երկու այլ կարևոր ասպեկտներ. Առաջինը` Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը չի վտանգում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, մենք պահում ենք ստատուս-քվոն, Երկրորդը` Հայաստանը շատ ավելի կայուն է, քան իր ցանկացած հարևան, այդ թվում` Իրանը, Թուրքիան և Վրաստանը, Ադրբեջանի մասին էլ չխոսենք:

Տեսանյութեր

Լրահոս