Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ազատություն»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: Այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, Ոստիկանության աշխատակիցներին և զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք որևէ կապ չկա՞ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման ֆոնին տարբեր շրջանակներից Կոնգրեսին ուղղվող մեղադրանքների և իրենց այս նախաձեռնության միջև, արդյո՞ք «Մարտի 1»-ի հարցը կրկին օրակարգ բերելը իրենց Քոչարյանից տարանջատելու փորձ չէ՞, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է.
«Այդպիսի որևէ ենթատեքստ այդտեղ չեմ էլ տեսնում։ Նախաձեռնությունը եղել է անցած տարի, մենք այս տարի փաստորեն կրկնել ենք Մարտի 1-ի նախօրեին, ինչը պարտավոր էինք անել, և այստեղ ես որևէ այլ քաղաքական ենթատեքստ ո’չ դրել եմ որպես այդ նախագծի հեղինակ, ո’չ էլ ցանկանում եմ դնել։ Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր մասնակից են եղել, մեղսակից են եղել մարտի 1-2-ի դեպքերին, սպանություններին, անմեղ մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելուն, բանակի ապօրինի կիրառմանը, հարյուրավոր անմեղ մարդկանց ձերբակալմանը, կալանավորմանն ու դատապարտմանը, անկախ նրանից՝ նրանք հիմա որ քաղաքական թիմի մեջ են, որտեղ են, բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ։ Մարտի 1-ի հրամանագիրը ստորագրել է Քոչարյանը, ինչպե՞ս կարող է մենք անտեսենք նրա մասնակցությունը այդ պրոցեսներին։ Բանակին ապօրինի ներգրավել է այդ հրամանագրով, հակասահմանադրական ձևով, էլ չեմ ասում, հազար ու մի ապօրինի զինված հանցավոր խմբեր են մասնակցել»: