ՀԱԿ-ի նախաձեռնությունն ու Քոչարյանի ակտիվությունը

 

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: Այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, Ոստիկանության աշխատակիցներին և զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:

Որոշման նախագծով հանձնաժողովին վերապահվում են բավական լայն լիազորություններ. ծանոթանալ քրեական գործի նյութերին, հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց՝ բացի դատավորներից, հանրային ծառայողների, քաղաքացիների, այցելել ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրեր, հանդիպել ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց հետ: Նախատեսվում է, որ հանձնաժողովը կազմված է լինելու 7 պատգամավորից, որոնցից 2-ը լինելու են ՀՀԿ անդամներ, իսկ մյուս հինգ խմբակցությունները ներկայացված են լինելու մեկական պատգամավորով:
Սա այն նույն նախագիծն է, որ մեկ տարի առաջ ներկայացվել էր ՀԱԿ-ի կողմից և մերժվել քվեարկության արդյունքում: Հիմա ՀԱԿ խմբակցությունն այն նույնությամբ դրել է շրջանառության մեջ:

Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, որ ՀԱԿ անդամ պատգամավորները որոշել են մեկ անգամ մերժված նախագիծը կրկին բերել խորհրդարան: Մեկ տարի առաջ այն ընդունելու համար իրավիճակն ավելի նպաստավոր էր, քան հիմա, քանի որ կար պայմանավորվածություն, որ ՀՀԿ-ն պետք է քվեարկի այս որոշման նախագծի օգտին:

2012թ. աշնանն ԱԺ-ում առաջին անգամ ՀԱԿ-ը հանդես եկավ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Բայց այդ որոշման նախագիծը չմտավ օրակարգ, քանի որ ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանձնաժողովը կստեղծվի 2013թ. նախագահական ընտրություններից հետո:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Դավիթ Հարությունյանը խոստացավ, որ եթե ՀԱԿ-ը համաձայնվի հարցը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո, ապա ՀՀԿ-ն կողմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծման որոշմանը:

ՀԱԿ-ը գնաց նման զիջման, բայց նախագահական ընտրություններից հետո ներկայացված նախագիծը մերժվեց, որովհետև ՀՀԿ-ն դեմ էր հանձնաժողովի ձևավորման նման համամասնությանը և չէր կարող թույլ տալ, որ կառավարող մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, հանձնաժողովում լինեն փոքրամասնության մեջ: Դա կնշանակեր՝ հանձնաժողովը հանձնել ոչ իշխանական ուժերին և թույլ տալ, որ հանձնաժողովի եզրակացությունը կազմվի նրանց կողմից:

Մեկ տարի հետո խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը չի փոխվել, և ՀՀԿ-ականները շարունակում են մեծամասնություն ունենալ, ինչպես մեկ տարի առաջ, և կարելի է կանխատեսել, որ այս նախաձեռնությունը ևս կարժանանա նախորդի ճակատագրին: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այս նախաձեռնությունը, ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում:

Միակ ակնհայտ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ հրապարակային գործունեությունն է: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, քննադատում գործող իշխանությանը՝ փորձելով զբաղեցնել ընդդիմության առաջնորդի թափուր տեղը: Նրա ռեաբիլիտացիային և վերադարձին խանգարող կարևոր հանգամանքներից մեկը Մարտի 1-ն է:

Հենց նրա նախագահության օրոք են սպանվել ՀՀ 10 քաղաքացիները, նա էր այդ ժամանակ զբաղեցնում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, և նրա հրամանի տակ էին ինչպես՝ բանակը, այնպես էլ՝ ոստիկանական զորքերը: Հիմա նրա վերադարձին աջակցող քաղաքական ուժերի, այդ թվում և՝ ՀԱԿ-ի խնդիրն է՝ նրան մաքրել Մարտի 1-ի պատասխանատվությունից:

Դա հնարավոր է միայն մի ձևով, եթե դրա ամբողջական պատասխանատվությունը դրվի այլ անձի կամ անձանց վրա: ՀԱԿ-ը կարծես թե գտել է դրա լուծման բանալին: Երբ խորհրդարանում քննարկվի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, ՀԱԿ-ի ներկայիս դաշնակիցներ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները հանդես են գալու բոցաշունչ ելույթներով և պաշտպանելու են այս նախաձեռնությունը: Նրանք, ովքեր Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իշխանական կոալիցիայի անդամ էին ու պատասխանատվություն են կրում այդ իրադարձությունների համար, հանդես են գալու արդարադատության պահանջատիրոջ դիրքերից:

ՀԱԿ անդամները հայտարարելու են, որ Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման և սպանությունների բացահայտմանը դեմ հանդես եկողները ցույց են տալիս, թե իրականում ով է այդ դեպքերի պատասխանատուն: Քվեարկության ժամանակ հանձնաժողով ստեղծելուն դեմ են քվեարկելու ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական պատգամավորները և մեխանիկորեն հռչակվելու են Մարտի 1-ի դեպքերի քաղաքական պատասխանատուներ և այդ դեպքերի բացահայտմանը դեմ հանդես եկող քաղաքական ուժեր:

Ստացվելու է, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ուզում են ամեն գնով բացահայտել Մարտի 1-ի սպանությունների հեղինակներին, բայց ՀՀԿ-ն խոչընդոտում է: Ով դեմ է, նա էլ շահագրգիռ է չբացահայտման մեջ, ով չի ուզում, որ հացագործությունը բացահայտվի, նա էլ համարվում է հանցագործության կազմակերպիչն ու իրականացնողը: Այսպիսով, Մարտի 1-ի պատասխանատուն հենց ՀՀԿ-ն է, և ոչ թե որևէ այլ ուժ կամ անձ:

Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ իրատեսական սցենար չէ, որ սրանով հնարավոր չէ մեկին արդարացնել, իսկ մյուսին՝ մեղադրել: Բայց չէ՞ որ ՀԱԿ-ին արդեն հաջողվել է Մարտի 1-ի օպերացիան ղեկավարող՝ ներքին Զորքերի հրամանատար, այժմ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին, 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող և իշխանությունների գործողությունները արդարացնող Վարդան Օսկանյանին դարձնել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար պայքարող առաջամարտիկներ: 6 տարի առաջ դրա մասին մտածելն անգամ սրբապղծություն կլիներ, իսկ այժմ դա իրականություն է:

Տեսանյութեր

Լրահոս