
Մեգ Ռայանը ֆիլմ կնկարահանի Սարոյանի վեպի հիման վրա

The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ դերասանուհի ու կինոպրոդյուսեր Մեգ Ռայանը որոշել է իր ուժերը փորձել ռեժիսուրայում: Նա որոշել է նկարահանել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը, ինչը կլինի տվյալ ճանապարհին նրա առաջին քայլը: Ֆիլմն անվանվելու է «Իթակա» (Ithaca):
Վեպի գործողությունները զարգանում են կալիֆոռնիական Իթակա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հերոսների դերում հանդես է գալիս ներգաղթյալների երկրորդ սերունդ հանդիսացող Մաքքոուլի ընտանիքը:
Սարոյանն այդ վեպը գրել է 1942 թվականին, դրանում պատմվում է 14-ամյա Հոմերի մասին, որի հայրը մեկնում է ռազմաճակատ, և դեռահասը ստիպված է լինում կատարել ընտանիքի ղեկավարի գործառույթներ՝ հոգ տանելով մոր, քրոջ ու եղբոր մասին:
Նա որոշում է դառնալ Արևմուտքի ամենաարագ սուրհանդակը, և, տեղ հասցնելով պատերազմի ժամանակվա հաղորդագրությունները, շարունակ բախվում է մարդկային ամենատարբեր զգացմունքների դրսևորման: Հեռագրերից մեկը վերջնականապես փոխում է նրա կյանքը:
Նախագծի պրոդյուսերի դերում հանդես է գալիս Թոմ Հենքսի Playtone ընկերությունը, սցենարի հեղինակը Էրիկ Յենդերսենն է: Մեգ Ռայանը խաղալու է նաև ֆիլմի գլխավոր դերերից մեկը:
Նախագծի իրագործման մեջ ներգրավված են նաև Սեմ Շեպարդը, Մելանի Գրիֆիտը, Ջեկ Կուեյդը, Մեգ Ռայանի որդին և Դենիս Կուեյդը: Հայտնի չէ, թե երբ Ռայանը ձեռնամուխ կլինի ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա այս տարի: