
Ադրբեջանում գրանցվել է հերթական ինքնահրկիզումը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջանում իրականացվել է հերթական ինքնահրկիզումը: Երեկ Բաքվի հիվանդանոցներից մեկի մոտ ցուցադրաբար ինքնահրկիզվել է մի կին: Խոսքը գնում է Լենքորանի շրջանի բնակիչ, 21-ամյա Մալեյկա Բայրամլիի մասին:
Վերջինս իր վրա բենզին է լցրել ու այրել իրեն: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ծանր աստիճանի այրվածքներ ունեցող կնոջը տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Կնոջ առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այրվել է նրա մաշկի 65 տոկոսը: Նշվում է, որ դա վերջին գրեթե մեկ ամսում Ադրբեջանում իրականացված ինքնահրկիզման չորրորդ դեպքն է: Ինքնահրկիզման նախորդ երեք դեպքերը գրանցվել են 2013 թվականի դեկտեմբերի 25-ին, 2014 թվականի հունվարի 27-ին և 28-ին: