800 անուն ապրանքների մաքսատուրքերի հնարավոր բարձացումը խնդրահարույց է. Գարեգին Մելքոնյան
Մաքսային միությանն անդամակցող երկրները պետք է երրորդ երկրների նկատմամբ կիրառեն ՄՄ-ի սահմանած մաքսատուրքերը և դրույքաչափերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սա հիմնական դրույթներից մեկն է:
«Մեր երկրում գործող և ՄՄ-ում ներկայումս գործող համակարգի տարբերությունն այն է, որ դեռևս տարիներ առաջ մենք պարզեցրել, հստակեցրել ու խմբավորել ենք, ունենք 0% կամ 10% մաքսատուրք, այսինքն՝ քվոտավորում չկա: ՄՄ մաքսային օրենսգիրքն ունի տարբերակված մոտեցում»,- ասաց Գ.Մելքոնյանը:
Ըստ նրա՝ բավականին մեծ թվով՝ 60%, ապրանքների դեպքում դրույքաչափերը բավականին բարձր են, քիչ քանակ կա՝ 14%, որ դրույքաչափերը ավելի ցածր են, քան՝ ՀՀ-ում. «Հարց է առաջանում՝ այս ապրանքների դեպքում ՀՀ համար շահավե՞տ է արդյոք դրույքաչափերի բարձրացումը և ինչի դա կարող է բերել: Կան ապրանքներ, որոնց մաքսատուրքի բարձրացման դեպքում խնդրներ կառաջանան սպառողների և արտադրողների համար: Դրա համար որոշ ապրանքների դեպքում պետք է բացառություններ արվեն և անդամակցությունից հետո էլ մաքսատուրքերը պետք է նույնը մնան»:
Փոխնախարարը նշեց, որ խնդրահարույց է 800 անուն ապրանքների մաքսատուրքերի հնարավոր բարձացումը: Մելքոնյանը նշեց, որ հայկական ՀԿ-ներին ներկայացվել են ապրանքների ցուցակները և մաքսային դրույքաչափերը, քնարկումների արդյունքում ձևավորվելիք ցանկը՝ որպես հնարավոր բացառությունների ցուցակ, առաջիկա օրերին պետք է ամփոփվի և ներկայացվի Եվրասիական տնտեսական կոմիտեի կառույցներին, որից հետո կսկսվեն բանակցությունները: Սակայն, շեշտեց նա, բացառություն կազմող ապրանքները ՄՄ տարածք արտահանելու դեպքում պետք է ենթակա լինեն հարկման. «Կան ապրանքներ, որոնք ավելի ցածր են և մեզ շահավետ չէ իջեցնել մինչև 0%, օրինակ՝ կարտոֆիլի դեպքում 10% մաքսատուրքը 0% իջեցնելը մեր գյուղացու համար նպատակահարմար չէ»:
ՄՄ օրենսգրքի հիմքում դրված է ՌԴ Մաքսային օրենսգիրքը: Մելքոնյանը նշեց, որ ՌԴ-ն ԱՀԿ անդամ է և համաձայն այնտեղ ստանձնած պարտավորությունների՝ մաքսային դրույքաչափերը փոփոխվելու են դեպի նվազում, որի վերջնական պատկերը կլինի 2020 թ-ին: