Պապաս 41 տարվա ընթացքում այնպիսի կյանք ապրեց…Փարաքարի սպանված քաղաքապետն այսօր կդառնար 42 տարեկան

Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ծննդյան օրն է: Համայնքի բնակիչները, նրա գործընկերները, նրան պարզապես ճանաչողները, այսօր նաև համացանցային տարբեր գրառումներով են հիշել «բոլորի համայնքապետ»-ին:

«Ինչպես ինքն էր ասել ու տղամարդավարի տեր կանգնեց իր խոսքին, նա դարձավ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ու իր ապրած ամեն մի օրը նվիրելով համայնքին, ժողովրդին , ընտանիքին ու ընկերներին, վաստակեց իր անսահման սերն ու հարգանքը բոլորիս կողմից», «Քո գործը կիսատ չի մնա, արվում և արվելու է ամեն ինչ, Ձեր պատիվը էլ ավելի բարձր պահելու համար, քաջ ՀԱՅՈՐԴԻ, Հայի յուրահատուկ տեսակ, չըկրկնվող տեսակ». Այսպիսի գրառումներով են քաղաքացիները հիշել Վալոդյա Գրիգորյանին:

Նրա դուստրը` Մարինե Գրիգորյանը, գրում է. «Ես շատ կուզեի այս խոսքերը ասել Քեզ բարձրաձայն, կուզեի գրկել Քեզ ամու՜ր, ամու՜ր, բայց այս խոսքերը գրում եմ և ուղարկում երկինք, որտեղ Դու ապրում ես Աստծո կողքին…

Շնորհավոր ծնունդդ, Պապ ջան,մեր տունն ու տեղն ես, մեր կյանքն ու լույսն ես, արևն ու լուսինը, հպարտությունն : Դու մեր ուժն ու հավատն ես, ու հարուստությունը, սերը և երջանկությունը։ Դու մեր բոլորիս առաջնորդն էիր, քո լույսի հետևից էինք մենք գալիս, քո գաղափարներով էինք առաջ շարժվում, քո ստեղծած իդեալական կյանքով էինք ապրում, և ես շնորհակալ եմ քեզանից այս ամենի համար։ Քո շնորհիվ, Պապ, մենք ունենք այն ամենը` ինչ պետք է մարդուն երջանիկ լինելու համար։
Քո ծննդյան օրը Դու նաև ստեղծեցիր ընտանիք, և այսօր քո 42-րդ ամյակի հետ լրացավ նաև մեր ընտանիքի 23-րդ տարին: Պապաս ու Մամաս ծանոթացել են դպրոցում և Պապաս պատմում էր, որ դա սեր էր առաջին հայացքից։ Որոշ ժամանակ անց Պապաս սիրո խոստովանություն է արել մայրիկիս՝ ասելով. «Աստված ասումա, որ մենք իրար հետ պետքա լինենք» և ևս մեկ ապացույց, որ Աստված Պապայիս ողջ կյանքի ընթացքում ուղեկից էր։

Պապաս ընդամենը 41 տարվա ընթացքում այնպիսի կյանք ապրեց, որ շատ-շատերը դարեր անգամ ապրեն՝ կեսի կես չեն կարողանա ապրել։ Եվ իրոք՝ ինչ էլ որ լինի իմ Հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ և չունի ոչ ոք…:

Պապ ջան, Մամ ջան, շնորհակալ եմ, որ մեր համար եղաք ամենամեծ սիրո օրինակ, և Պապաս ասում էր. «Մառ` ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, մենակ փեսեքս սիրեն աղջիկներիս նենց, ոնց ես եմ քեզ սիրում» :

Ամեն տարի այս օրը միասին, բայց այսօր առանց Քեզ Պապ ջան»:

Այսօր Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Վալոդյա Գրիգորյանի, իսկ 13:30-ին Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում նախատեսված է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալոդյա Գրիգորյանի ծննդյան 42-ամյակին:

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը շատերն են որակել քաղաքական, ու անգամ պաշտոնական ինչ-ինչ բացահայտումներից հետո այն համարում են մինչև այժմ չբացահայտված:

«Իմ տղային սպանեցին իր սկզբունքների համար»,- ասել էր Վալոդյա Գրիգորյանի մայրը:

Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:

1991-2001 թթ. հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը:
2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» մասնագիտությամբ, ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կարատեդոյի մարզչի» որակավորում:
2016-2018թթ. ստացել է Կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կառավարում մասնագիտությամբ:

2022թ.-ին ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։
2004թ. աշխատել է Մերձավանի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ:

2005-2007թթ. աշխատել է Մերձավանի գյուղապետարանում:

2007-2011թթ. աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2011-2016 թթ․ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:

2016թ-2021թ.եղել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:

2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

2021-2025թ․ Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։

2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։
Նա չորս երեխա ունի:

Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 24-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արթուր Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս