Հայաստանը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը, քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին ՀԷԿ֊երի կառուցման մասին. Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը։
Ու դա չնայած նրան, որ դեռևս խորհրդային տարիներին ընդունված կոնվենցիայի համաձայն` կողմերը պարտավորվում են ընդամենը տեղեկացնել միմյանց նման նախագծեր իրականացնելիս։
Այժմ հարց. քանի՞ անգամ է Անկարան տեղեկացրել Երևանին Արաքսի վրա ջրամբարների, ՀԷԿ֊երի և այլ հիդրոօբյելտների կառուցման մասին։
Պատասխան` ոչ մի անգամ։
Բնականաբար, համաձայնեցման մասին առհասարակ խոսք լինել չի կարող։
Ընդ որում Արաքսի վրա թուրքական օբյեկտների կառուցումը լրջագույն ռիսկեր է ստեղծել և ստեղծում Հայաստանի ջրային անվտանգության համար։ Մասնավորապես, 2012 թ.-ից ի վեր Արաքսի վրա Անկարայի կողմից տարատեսակ օբյեկտների կառուցման արդյունքում գետի ջրային ռեսուրսները նվազել են 35֊40%֊ով։
Միջպետական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը պետք է ապահովվի հայելային քայլերի ու որոշումների միջոցով` հատկապես երբ խոսքը գնում է ազգային անվտանգության կենսական նշանակության ռեսուրսի` ջրի մասին»:

