
Ուկրաինայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին ընդունված 12 օրենքից 9-ը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի այսօրվա արտահերթ նիստում քվեարկություն է իրականացվել 9 օրենքի շուրջ: Խմբակցությունների առաջնորդները պայմանավորվել են հունվարի 16-ին ընդունված օրենքների փաթեթի մեծ մասի չեղյալ հայտարարման շուրջ:
Դրա օգտին քվեարկել է խորհրդարանի նիստի դահլիճում գրանցված 412 պատգամավորից 361-ը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկած պատգամավորներից 167-ը ներկայացնում են «Ռեգիոնների» կուսակցությունը, 81-ը՝ «Բատկիվշչինան», 39-ը՝ «ՈՒԴԱՌ»-ը, 35-ը՝ «Սվոբոդան», 39-ը՝ անկախ պատգամավորներ: Ուկրաինայի Կոմկուսն իր ողջ կազմով չի մասնակցել քվեարկությանը:
Քվեարկությունից առաջ պատգամավորները որոշել են տվյալ հարցի շուրջ քվեարկություն իրականացնել առանց քննարկումներ անցկացնելու: Պատգամավորները չեղյալ են հայտարարել հունվարի 16-ին ընդունված 12 օրենքներից 9-ը, որոնք հասարակության շրջանում որակվել էին որպես «բռնապետական»:
Չեղյալ չեն հայտարարվել բյուջեի, բողոքի ակցիաների մասնակիցների համաներման և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը հետաքննելու համար ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծման մասին օրենքները, որոնք նույնպես ընդունվել էին հունվարի 16-ին: