Երբ պաշտոնանկ կարվեն Տիգրան Սարգսյանն ու Շավարշ Քոչարյանը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մոտ ժամանակներս պաշտոնանկ կանի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր պատրաստել են Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը: «Նրանք չեն աշխատի, նրանց չի կարելի վստահել: Նրանք պատրաստել են, կարելի է ասել, գերեզման մեզ համար»,- ասել է Յանուկովիչը՝ ավելացնելով, որ այդ պաշտոնյաները չեն վերլուծել Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները, խորհրդակցություններ չեն անցկացրել ուկրաինացի արտադրողների հետ:

Ըստ Յանուկովիչի, «գլուխ ունեցող» այլ փորձագետներ ու պաշտոնյաներ իրեն հուշել են ստորագրման դեպքում հնարավոր խնդիրների մասին, որից հետո գործընթացը դադարեցվել է:

Ինչո՞ւ է Յանուկովիչը նման հայտարարություն արել այն օրերին, երբ Կիևում ու երկրի բազմաթիվ քաղաքներում տասնյակ-հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ակցիաների պատճառը, գոնե ֆորմալ առումով, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն է: Թվում է՝ այս իրավիճակում Յանուկովիչը պետք է հակառակն աներ՝ գոնե հայտարարությունների մակարդակում ցույց տար, որ ուղիներ է փնտրում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու, քաղաքացիներին ընդառաջ գնալու ու այդպիսով՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար:

Ավելին՝ նա կարող էր անգամ Ասոցացման համաձայնագիրը պատրաստած պաշտոնյաներին ցուցադրաբար առաջ քաշել, նշանակել այն պաշտոնյաների փոխարեն, ում այս օրերին ազատում է Եվրամայդանի դեմ կատարված բռնի գործողությունների կազմակերպմանը մասնակցելու համար: Սակայն Յանուկովիչը ճիշտ հակառակ հայտարարությունն է անում՝ ավելացնելով քաղաքացիների ատելությունն իր ու իր վարչակարգի դեմ: Անշուշտ, այս քայլը բացատրություն ունի և, ըստ ամենայնի, կամ թելադրված է Մոսկվայի կողմից, կամ Յանուկովիչի նախաձեռնությունն է՝ Ռուսաստանին հաճոյանալու և օր օրի սրվող ճգնաժամում նաև ռուսական աջակցությունից չզրկվելու համար:

Հետաքրքիր է՝ իսկ կարո՞ղ են նույն ճակատագրին արժանանալ, պաշտոնանկ արվել Հայաստանի այն պաշտոնյաները, ովքեր պատրաստել են ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը: Թվում է՝ նրանք իրենց ապահովագրել են՝ սեպտեմբերի 3-ից հետո բոլոր հնարավոր միջոցներով իրենց ոգևորությունն արտահայտելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ: Խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է նրանց, ովքեր մինչև սեպտեմբերի 3-ը համարվում էին Ասոցացման համաձայնագրի  ու ընդհանրապես եվրաինտեգրման ակտիվ ջատագովներ՝ Տիգրան Սարգսյան, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, վարչապետական թիմի այլ անդամներ:

Այս և մի շարք այլ պաշտոնյաներ, ինչպես նշեցինք, ոչ միայն հասցրել են բազմիցս իրենց հիացմունքն արտահայտել Մաքսային միությանն անդամակցելու որոշման առթիվ, այլև անձամբ ղեկավարում են ՄՄ-ին անդամակցության ուղղությամբ աշխատող առանձին հանձնաժողովներ, իսկ Տիգրան Սարգսյանը համակարգում է անդամակցության ամբողջ գործընթացը՝ առիթը բաց չթողնելով հայտարարելու, թե որքան կարևոր է դա Հայաստանի ու հայ-ռուսական հարաբերությունների համար: Այսինքն՝ թվում է, թե նրանք ապահովագրված են նախկինում եվրաինտեգրման կողմնակիցներ լինելու պատճառով պաշտոնանկ արվելու վտանգից: Դրան գումարած նաև այն հանգամանքը, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից հետո Սերժ Սարգսյանը հավելյալ շարժառիթներ է ստացել վարչապետին ու նրա թիմին պաշտոնանկ չանելու համար:

Բայց այդ «ապահովագրության կտրոնն» ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվայում չեն որոշել, որ Հայաստանում ևս պետք է պաշտոնանկ արվեն այն պաշտոնյաները, ովքեր չէին հաշվարկել ԵՄ-ի հետ Ասոցացման «վտանգներն» ու պատրաստում էին այդ համաձայնագիրը: Իսկ այն մասին, որ ռուսները ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը համարում են «կործանարար» Հայաստանի համար, բազմիցս արտահայտվել են ՌԴ պաշտոնյաներն ու Կրեմլի տեսակետները ներկայացնող փորձագետները: ՌԴ նախագահի խորհրդական, Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, տխրահռչակ Սերգեյ Գլազևն, օրինակ, դեռևս անցած աշնանը հայտարարել էր.

«Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առևտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ՝ նա կվերանայեր իր մոտեցումները»:

Նույն Գլազևն ընդամենը մի քանի օր առաջ հրապարակած իր հոդվածում ներկայացրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները: ««Արևելյան գործընկերություն» նախագծի մասնակից Մոլդովային ԵՄ-ի հետ ասոցիացումից սպասվում է ոչ միայն տնտեսական վիճակի վատթարացում, որն առանց այն էլ գտնվում է անմխիթար վիճակում, այլև դա անխուսափելիորեն հանգեցնելու է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հետ հակամարտության սրմանը: Մինչ վերջերս այդպիսի քաղաքական ընտրություն փաթաթել էին Հայաստանի վզին, որը ԵՄ-ի հետ ասոցիացումից կստանար ոչ միայն տնտեսական կորուստներ, այլև կվատթարացներ իր արտաքին քաղաքական դրությունը, և կնվազեր նրա անվտանգության մակարդակը»,- գրել էր Գլազևը:

Այսինքն՝ Ռուսաստանի  իշխանության համար անգամ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից ու գրեթե վերջնական կապիտուլյացիայից հետո կարևոր է համարվում քարոզչական մակարդակում շարունակել եվրաինտեգրման վարկաբեկումը: Իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին զբաղվել են այդ «կործանարար» փաստաթուղթը Հայաստանի «վզին փաթաթելու» գործով, բնականաբար, պետք է պատժվեն:

Այնպես որ, պետք չէ բացառել, որ ոչ հեռավոր ապագայում Հայաստանում ևս աշխատանքից ազատվեն այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին զբաղվել են Ասոցացման համաձայնագրի պատրաստմամբ: Անգամ այն պարագայում, երբ նրանց պաշտոնավարումը կենսական կարևորություն ունի Սերժ Սարգսյանի համար:

Տեսանյութեր

Լրահոս