Վլադիմիր Գասպարյանի հաղորդումը՝ խմբակային հանցագործության վերաբերյալ

Ուրբաթ օրը Գյումրի կատարած այցելություն ժամանակ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ի թիվս բազմաթիվ թեմաների, անդրադառնալով այս օրերին Կիևում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ընթացքում ուկրաինական հատուկջոկատայինների՝ «Բերկուտի» գործողություններին, սենսացիոն հայտարարություն է արել. «Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն… ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին: Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը… Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք Ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»:

Առաջին հայացքից՝ Վլադիմիր Գասպարյանի ասածը որևէ նորություն չի պարունակում: Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում, ինչպես ռուսական ազդեցության տակ մնացած հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, Ոստիկանությունը քաղաքացիներին ծեծում, ջարդում և ստորացնում է: Գասպարյանն, իհարկե, այդ մասին խոսում է անցյալ ժամանակով՝ բնականաբար, ցանկանալով ցույց տալ, թե հիմա որքան «հանդուրժող» է դարձել Ոստիկանությունը:

Բայց նա այնքան է տարվել այսօրվա Ոստիկանության «հրեշտակային» կերպարի գովազդով՝  չզգալով, որ իր հայտարարությամբ, ըստ էության, հաղորդում է ներկայացրել նախկինում կատարված հանցագործության մասին: Ընդ որում, խմբակային հանցագործության մասին: Ծեծելը, ջարդելը և ստորացնելն օրենքով արգելված գործողություններ են՝ անգամ Ոստիկանության համար, հետևաբար՝ Գասպարյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խոստովանություն այն մասին, որ նախկինում տեղի են ունեցել նման գործողություններ, ընդ որում, նաև իր մասնակցությամբ:

Թե կոնկրետ երբ, որ ոստիկանապետի կամ ոստիկանապետերի կարգադրությամբ ու մասնակցությամբ է իրականացվել «ծեծը, ջարդը ու ստորացումը», ինչպես ասում են, կպարզի քննությունը: Իհա՛րկե, այս հայտարարության հիման վրա քննություն կարող է ընթանալ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվի այնպիսի իշխանություն, որը կապ չի ունենա Վ. Գասպարյանի «մենք»-ի հետ: Թե երբ դա տեղի կունենա, դժվար է ասել: Գուցե Վ. Գասպարյանը գիտի կամ հույս ունի, որ Հայաստանում իշխանափոխությունն այնքան հեռավոր ապագայի հարց է, որ իր հայտարարության մեջ նշված հանցագործությունները կորցրած կլինեն վաղեմության ժամկետը: Գուցե: Բայց դրանից այդ հայտարարության «ծանրությունն» ամենևին չի մեղմանում:

Իհարկե, ոմանք, այդ թվում՝ Վ. Գասպարյանը, կարող են ասել, թե այդ հայտարարությունը փիլիսոփայական, փոխաբերական իմաստով է արվել: Սակայն դա հազիվ թե կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել, որովհետև Վլադիմիր Գասպարյանը ոչ թե Փիլիսոփայության ինստիտուտի ասիստենտ է, այլ Ոստիկանապետ: Բացի այդ, ինչպես ինքը հայտարարեց նույն Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, իրենց, այսինքն՝ ոստիկանների մասնագիտությունը «կոնկրետ մասնագիտություն» է:

Տեսանյութեր

Լրահոս