Բողկ, բուժում է հյութը
Տարեկան բողկի օգտակարության մասին, ըստ առասպելի` կարծիք է հայտնել ինքը` Ապոլոնը. «Բողկն այնքան ոսկի արժե, որքան, ինքը կշռում է»։ Հույն բժիշկները տարեկան բողկով բուժում էին աչքի և մարսողական օրգանների հիվանդությունները, իսկ հայտնի պատմաբան Պլինիուսը և գիտնական Գալենը տարեկան բողկը խորհուրդ էին տալիս` որպես ախորժակը գրգռող ուտեստ, երիկամների հիվանդությունները բուժող միջոց և արյունահոսության դեմ։
Աշխարհում հայտնի տարեկան բողկի մշակովի լավագույն տեսակներից մեկն է «Արտաշատի վարդագույնը»։
Բողկը վաղուց ի վեր օգտագործվում է հայկական ժողովրդական բժշկության մեջ, ինչի մասին բավականին ամփոփ տեղեկություններ է փոխանցել նաև Ա. Ամասիացին. «Դրա հյութը մաքրում է աչքը և փայլ է տալիս։ Իսկ սերմերը բացում են ձայնը, առատացնում են կնոջ կաթը, բայց նպաստում են նաև մազերի սպիտակելուն։ Եթե բողկն ուտեն ճաշելուց հետո, կնպաստի մարսողությանը, իսկ ճաշից առաջ ուտելը վնաս է։ Բողկի հյութի և մեղրի խառնուրդը բուժում է չարորակ խոցերը։ Եթե մեկին կծել է կարիճը, թող բողկ ուտի, այն կչեզոքացնի թույնը։ Իսկ բողկի հյութը գինու հետ կօգնի օձի խայթոցի դեպքում։ Շատ օգտակար է ոսկրացավի դեպքում, օգտագործման օրական չափաբաժինը 30 գրամ է։
Բողկի վնասակար հատկանիշները չեզոքացնում է մեղրը։ Սոված փորին բողկ ուտելու դեպքում կթափվեն միզապարկի քարերը։ Եթե բողկի հյութը եփեն վարդի հյութի հետ և կաթեցնեն ականջի մեջ, կբուժի խլությունը։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է մեղրը։ Իսկ փոխարինիչ կարող է լինել ձիթապտղի յուղը»։
Իր սննդարարությամբ և բուժիչ հատկություններով լավագույնն է համարվում սև բողկը, որն աչքի է ընկնում կալիումի առատությամբ (1200 մգ` 100 գ հումքի մեջ, սպիտակի մեջ` 357 մգ է)։ ՀՀ-ում մշակվում է «Սև կլոր» տեսակը։
Բողկի պտղամսի մեջ պարունակվող առանձնահատուկ նյութերից են բույսին բնորոշ ֆիտոնցիդները և լիցոզիմ ֆերմենտը, որն առաջացնում է մի շարք պաթոգեն միկրոօրգանիզմների տարրալուծում, ինչը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, պտղարմատը պարունակում է նաև կալցիում, մագնիում, կրեմնիում, ծծումբ, կոբալտ, բրոմ, երկաթ, վիտամիններ B2, B5, B6, նիկոտինաթթու, քոլին, բետա-կարոտին, ասկորբինաթթու (որն ավելի շատ է արտաքին շերտի և հատկապես կեղևի մեջ)։
Բողկը շատ օգտակար է ձմռանը և վաղ գարնանը, քանի որ, բացի վերոգրյալ տարրերից և կենսահյութերից, պարունակում է նաև շաքարներ, թաղանթանյութ, ամինաթթուներ, օրգանական թթուներ, ներկանյութեր, ճարպեր և այլն։ Բողկը կարգավորում է ճարպափոխանակությունը և համապատասխանորեն` խոլեստերինի պարունակությունն արյան մեջ։ Դրան կծու համ են հաղորդում եթերային յուղերը։
Ժողովրդական դեղատոմսեր
Տարեկան բողկի հյութը մաքրում է լյարդը, գործողության ժամանակացույցը հետևյալն է. 1-ին շաբաթը խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ 2-րդ շաբաթը` 2-ական ճ/գ, 3-րդ` 3-ական ճ/գ, 4-րդ` 4-ական, 5-րդ` 5-ական, և 6-րդ` 6-ական։
Հյութը կարելի է քամել քերվածքից կամ հյութաքամիչով, այն պետք է պատրաստել նախապես և պահել սառնարանում` փակ տարայի մեջ, քանի որ բուժումը չի կարելի ընդհատել։ Կարելի է կատարել տարին մեկ անգամ։
Զգուշացում։ Առաջարկվող գործընթացը խստորեն հակացուցված է ուռուցքային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է նաև մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում` ասթմա, շաքարային դիաբետ, տուբերկուլյոզ, հեպատիտներ, մենինգիտ, աղեստամոքսային համակարգ, պանկրեատիտ, խոլեցիստիտ։ Պետք է խորհրդակցել բժշկի հետ` հիպոտոնիկ և հիպերտոնիկ, նաև սրտի հիվանդությունների դեպքում։
Աթերոսկլերոզ, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող. Շաբաթական 2-3 անգամ կերեք բողկի քերուկով պատրաստված աղցան, համեմեք 1 ճ/գ խնձորի քացախով և բուսական յուղով։
Լեղաքարային հիվանդություն. Խմեք 1-ական թ/գ սև բողկի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
- Խառնեք հավասար քանակության գազարի, կարմիր բազուկի, սև բողկի հյութեր, մեղր (ցանկալի է` մայիսյան), օղի, 1-2 օր թրմեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, անկախ ուտելուց։
Խոլեցիստիտ, խոլանգիտ, լյարդի հիվանդություններ. Խառնեք բողկի և գազարի հյութեր, կարելի է նաև բողկի հյութ և մեղր (երկու դեպքում էլ` 1։1), լցրեք մուգ պատերով ապակյա շշի մեջ։ Շշի պատերին քսեք խմոր և առանց ծածկելու 3 ժամ պահեք ջեռոցի մեջ` 60-70 C ջերմաստիճանի տակ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հայմորիտ. Տաքացրեք բուսայուղը, ավելացրեք բողկի հյութ (1։1), բամբակե խծուծը թրջեք լուծույթի մեջ, դրեք թրջոցներ հայմորյան ծոցերի հատվածներում, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և վուշե փոքրիկ լարով, վրայից դրեք տաքացրած աղով լցված պարկիկ։
Ատամի ցավ. Ատամի վրա դրեք բողկի քերուկ։
Տեսողության անկում. Խառնեք բողկի հյութ և մեղր (1։1)։ Խմեք օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո` հետևյալ չափաբաժնով. 1-ին շաբաթը` 1-ական թ/գ, 2-րդ` 2-ական թ/գ, 3-րդ` 3-ական թ/գ, 4-րդ` 4-ական թ/գ։
Ճարպակալում. Խմեք 100-ական մլ բողկի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Շարունակեք օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Շարունակեք 3 օր, կրկնեք 3 օրից, կատարեք 9-12 անգամ։ Կրկնեք 2 շաբաթից, խորհրդակցեք բժշկի հետ։
Կարևոր է իմանալ, որ հյութաքամիչով քամելու դեպքում 1 կգ բողկից քամվում է մոտ 300 մլ հյութ։ Բողկը պետք է լավ քամել և պահպանել կեղևը։
Կարելի է օգտագործել նաև տերևի թարմ հյութը կամ խիտ եփուկը։ Տերևում C վիտամինի պարունակությունը մոտ 3 անգամ ավելի է, քան պտղամսում, մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ։
Մրսածություն. 2 ճ/գ բողկի չորացրած տերևը 1 ժամ թրմեք 1 լ տաք (70-80C) ջրի մեջ։ Խմեք ջրի փոխարեն` գոլ վիճակում` օրվա ընթացքում։
Սնկային հիվանդություններ. Միկոզների դեպքում մանրացրեք բողկի սերմը, կես ժամ թրմեք եռջրի մեջ (1։3), քամեք։ Գոլ սերմը լցրեք թանզիֆի վրա, փաթաթեք, դրեք թրջոց մարմնի վնասված մասերին, պահեք մի քանի ժամ։ Շարունակեք 7-10 օր։
Բրոնխիտ, հազ. Արծնապատ կաթսայի մեջ լցրեք կտրատած բողկ և շաքար (5։2), 2 ժամ պահեք ջեռոցում (120-130C)։ Քամեք, առանձնացրեք արտազատված հեղուկը։ Միջոցը նախատեսված է երեխաների համար։ Խմեցրեք 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց և քնելուց առաջ։
Ընդհանուր թուլություն, ուժերը վերականգնող. Խառնեք բողկի հյութ և օղի (1։1)։ Խմեք 1-ական թ/գ-ից` մինչև 1-ական ճ/գ (կախված կառուցվածքից և քաշից)` օրը 1-2 անգամ, ուտելուց հետո։
Առնականության անկում. Խառնեք 1-ական ճ/գ գազարի և բողկի չորացրած քերուկ, եղինջի չոր տերև, լցրեք 800 մլ եռջրի մեջ, եփեք 2-3 րոպե, 30 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք 200 մլ եփած տաք կաթ։ Խմեք 200-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ, միմիայն տաք վիճակում։
Հիպերտոնիա. Խառնեք 200-ական մլ բազուկի և բողկի հյութեր, տրորած հապալաս, մայիսյան մեղր, 20 մլ կոնյակ։ Խմեք
1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ընդամենը 20-25 օր։
- 200-ական գ բազուկ, գազար, բողկ, մեղր, 1 թ/գ 30 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ, խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ, շարունակեք 2-3 ամիս։
Ցավեր հոդերում, մկաններում. Քսեք մեղր, ծածկեք կտորով, վրայից` բողկի (գոլ վիճակում) քերվածք, հետո պոլիէթլենային թաղանթով փաթաթեք։
- Խառնեք 200-ական մլ բողկի քերվածք և օղի, 1 ճ/գ մանանեխի փոշի, դրեք թրջոց։
Արթրիտ. Խառնեք 30 գ բողկի հյութ, երկու գրամ աղ, 100 գ կարմիր պղպեղի փոշի, 100 մլ օղի։ Շփեք ցավոտ մասերը, ծածկեք կտորով, փաթաթեք տաք շալով։ Պահպանեք զգուշություն, չտրորեք աչքերը։
Օստեոխոնդրոզ. Քերվածքը լցրեք երկարավուն պարկիկի (զուգագուլպայի) մեջ, ամրացրեք ողնաշարին, պառկեք։
- Հյութով շփեք ողնաշարը, տաք պահեք։
Ռադիկուլիտ. Խառնեք 1 տրորած սխտոր, 100 գ բողկի քերվածք, ամրացրեք գոտկատեղին։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. Խառնեք 200 մլ բողկի հյութ 300 գ մեղրի հետ (2։3)։ Խմեք 50-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 20-30 րոպե առաջ։ Կանխարգելում է քարերի առաջացումը լեղապարկում, լավացնում մարսողությունը։
Լեղամուղ. Խմեք 1-ական թ/գ սպիտակ բողկի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։
Որդաթափ. Խառնեք 1 ճ/գ բողկի հյութ և կես թ/գ ձիթապտղի յուղ։ Խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։
Մարսողությունը լավացնող. Բողկի մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է աղիների գործունեության ակտիվացմանը։ Սակայն կարևոր է իմանալ, որ մեկ բաժին աղցանում բողկի չափաքանակը 30-50 գ է, ավելի շատի դեպքում կարող է առաջանալ փքվածություն։
Պատրաստեք հետևյալ առողջաբեր աղցանը.
- Խառնեք 50 գ բողկի, 200 գ կեղևով խաշած բազուկի քերվածքները, 50 գ` եռջրում 20-25 րոպե թրմված սև շլորաչիր, բուսայուղ։
Մրսածություն, հազ. Բողկը մանր կտրատեք, խառնեք մեղրի հետ (1։1)։
- Հանեք բողկի միջուկի կեսը, տեղը լցրեք շաքար (մեղր), ծածկեք բողկից առանձնացրած միջուկի վերևի մասով։ Բողկը դրեք բաժակի վրա և ներքևի մասում փոքր անցք բացեք։ Խմեք 5-10 թ/գ բաժակի հատակին իջած հյութը, օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
- Խառնեք 100-ական մլ բողկի հյութ և ջուր, 1 ճ/գ մեղր։ Փոքր կումերով խմեք օրվա ընթացքում։
- Կտրատեք 1 միջին բողկ, ավելացրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, խաշեք։ Կերեք 2 օրվա ընթացքում, եփուկը խմեք։
Այտուց. Բողկը 10 րոպե խաշեք եռջրում (2։5), 1 լ հեղուկում լուծեք կես թ/գ աղ։ Կարելի է խմել ջրի փոխարեն։
Պեպեններ. Տրորեք բողկի սերմը, ավելացրեք օղի (1։5), թրմեք 2 շաբաթ` պարբերաբար թափահարեք։ Օրը 1-2 անգամ քսեք պեպեններին։
Դժվար բուժվող վերքեր. Փոշիացրեք սերմը, մշակեք վերքը վուշի յուղով, ցանեք փոշի։
Մաշկային ցան. Սերմերը 15-30 րոպե թրմեք գոլ ջրի մեջ (1։1), լցրեք պարկիկի մեջ և դրեք թրջոց։ Օգնում է կապտուկների և սուր հոդացավի դեպքում։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: