Բաժիններ՝

Գանձապետարանները շարունակում են փակել

Ֆինանսների նախարարությունը շարունակում է գանձապետարանի մարզային բաժինները փակելու գործընթացը: Այսօր կառավարության նիստում հաստատվեց հերթական՝ թվով 10 գանձապետարանների փակման մասին որոշումը: Դրանք են՝ Ապարան, Արարատ, Արտաշատ, Եղեգնաձոր, Եղվարդ, Թալին, Հրազդան, Մասիս, Չարենցավան, Ջերմուկ քաղաքների բաժինները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի զարմանքով դիմեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին՝ «բոլորը փակվելո՞ւ է»:

Նախարարը պարզաբանեց, թե կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով, և գանձապետարանների մարզային բաժինները ֆունկցիոնալ առումով պետք չեն: Նա նշեց, որ այս որոշումից հետո կմնան ևս 26 գանձապետարաններ, իսկ այս 10-ն էլ ներառյալ՝ արդեն 17-ը փակվել են:

Ի պատասխան վարչապետի հարցին, թե ինչո՞ւ են գործընթացը փուլային իրականացնում, Դ.Սարգսյանը բացատրեց, որ պետք է անձնակազմին վերապատրաստել, տեխնիկական առումով փոխանցումների հետ կապված խնդիր կա, բայց 1-2 ամսում կավարտեն:

«Եթե խափանվի էլեկտրոնային համակարգը, ռիսկ կա՞, որ խնդիր կունենանք փոխանցումների հետ կապված»,- հետաքրքրվեց Տ.Սարգսյանը:

Դ.Սարգսյանը պատասխանեց, որ՝ ոչ, որովհետև գանձապետարաններն էլ, ի վերջո, գումարները փոխանցում էին էլեկտրոնային եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս