Սերժ Սարգսյանն ընտրեց վարչապետին
Այսպիսով, նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե, ոչ անձամբ, այլ՝ «գրասենյակի միջոցով»: Մասնավորապես, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում», նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն ուղարկել է հետևյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն, անշուշտ, դրական է վերաբերվում:
Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա՝ ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես:
Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է: Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով: Նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը»:
Արման Սաղաթելյանի պատասխանը, որը ֆորմալ առումով պետք է համարել Սերժ Սարգսյանի պատասխանը, մի քանի ուշագրավ նրբերանգներ է պարունակում, որոնք, ընդհանուր առմամբ, ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում գործող նախագահը պաշտպանում է գործող վարչապետին: Նախ՝ «ընդհանրապես բանավեճի» մասին խոսելով, նա նշում է, որ անարդյունավետ է համարում «անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին»: Թեև սա ընդհանուր առմամբ վերաբերում է բանավեճին, սակայն խոսքը, հասկանալի է, Քոչարյանի նախաձեռնած բանավեճի մասին է, որը, հիշեցնենք, վերաբերում էր 2005-2008 թվականներին, այսինքն՝ «անցյալին», ինչը Ս. Սարգսյանը համարում է ոչ միայն անարդյունավետ, այլ նաև ինքնանպատակ: Բացի այդ, նա դեմ է «բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին»:
Այսպիսով, Ս. Սարգսյանը Քոչարյանի հարցազրույցներն ու նրա գրասենյակի հաղորդագրությունները անուղղակիորեն գնահատում է՝ որպես «բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու» արտահայտություն՝ համապատասխան բացասական վերաբերմունքով: Միևնույն ժամանակ, նա, ըստ էության, իր գոհունակությունն է հայտնում բանավիճող մյուս կողմի՝ Տիգրան Սարգսյանի (ինչպես նաև Քոչարյանին պատասխանած մյուս ՀՀԿ-ականների) դիրքորոշման առնչությամբ: «Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»:
Այս ձևակերպման տոնից ակնհայտ է, որ մյուս կողմի, այսինքն՝ Քոչարյանի «հարցեր բարձրացնելու» ձևը Սերժ Սարգսյանն անուղղակիորեն գնահատում է՝ որպես ոչ պատշաճ, անհավասարակշիռ ու անհարգալից: Հասկանալի է, որ գոնե հարգանքի մասով՝ այդ անուղղակի գնահատականը վերաբերում է իրեն, այսինքն՝ Ս. Սարգսյանն ակնարկում է, որ այդ ոճով քննադատելով Տ. Սարգսյանին, Քոչարյանը վիրավորել է նաև անձամբ իրեն:
Այսպիսով, Ս. Սարգսյանը, ինչպես և կարելի էր սպասել, պաշտպանում է սեփական վարչապետին ու կառավարությանը, ինչը քաղաքական զարգացումների ներկայիս տրամաբանությամբ նշանակում է՝ մերժել Քոչարյանին վարչապետի պաշտոնի հարցում: Հետաքրքիր է՝ Քոչարյանի գրասենյակը ե՞րբ կպատասխանի այս պատասխանին, կամ կպատասխանի՞ ընդհանրապես: