Մենք՝ ուրիշի «Մայդանում»

Կիևի Մայդանում տեղի ունեցող իրադարձություններով կարելի է հիանալ. ուկրաինացիների հաստատակամությունը, սկզբունքայնությունը, փողոց դուրս եկած մարդկանց թիվն այնքա՜ն տպավորիչ են: Սակայն այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները համարել հայաստանյան հնարավոր հեղափոխության խթան, հատկապես «Դեմ եմ» շարժման կոնտեքստում, կարծես, այնքան էլ իրատեսական չէ:

«Դեմ եմ» շարժումն ինքնին «ներկայացուցչական» է, ճիշտ է, սակայն չկա գործողությունների հուսահատ ծրագիր` զբաղեցնել Ազատության հրապարակը, համազգային դասադուլի, գործադուլի կոչեր անել, և այլն: Թեև դրա համար անհամեմատ լուրջ պատճառ էր Գազային պայմանագիրը:

Ժամանակին` «թունիասանում», հետո նաև փորձում էինք «ղրղըզանալ», բերաններս բաց` հետևում էինք Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններին` վստահ, թե այդ նախադեպերը կազդեն մեր ղեկավարների վրա: Որ երկրի առաջին դեմքերը կհասկանան, որ մի օր էլ մենք իրենցից հաշվետվություն կպահանջենք, ինչպես «Կովկասի գերուհին» ֆիլմում է ասվում, արյունո՛վ: Սակայն բոլորս բարեհաջող մեր տներում ենք: Եվ անգամ 2013-ի վարագույրից առաջ, դեկտեմբերի 23-ին, երբ ԱԺ-ն վավերացրեց ստորացուցիչ Գազային համաձայնագիրը, ԱԺ-ի դարպասների մոտ, լավագույն դեպքում, 400 մարդ կար:

Եվ մեր անկարողությունից անհարմար զգալով` ստիպված ենք լինում մեր էներգիան սպառել հումորի և սատիրայի ոլորտում: Օրեր առաջ սոցիալական ցանցում օգտատերերը (հիմնականում` հասուն տղամարդիկ) սկսեցին ներկայացնել իրենց ապրումները` ինչ են զգացել կոմունալ ծառայությունների ծանուցումները տեսնելիս: Ամեն ստատուսը սրամտության շեդևր էր, լայքերի ու մեկնաբանությունների անսպառ աղբյուր:

Հայաստանում իշխանություններից դժգոհ են բացառապես բոլորը (բացառությամբ ՀՀԿ, ՕԵԿ վերնախավի): Նրանց՝ կառավարությունով, գրպանային Ազգային ժողովով, տեսնել չի ուզում ՀՀ քաղաքացիների մեծ մասը: Այդ դեպքում 1000-երորդ անգամ տանք նույն հարցը` ինչո՞ւ հայերս փողոց դուրս չենք գալիս: Ավելի ստույգ` ինչո՞ւ արդյունավետ չէ մեր փողոց դուրս գալը:

Հիասթափությունը, հեռանկար չտեսնելու պարագան բազմիցս մատնանշվել են: Խոշոր հաշվով, մարդն իրեն նեղություն կարող է տալ (իսկ փողոց դուրս գալը` ցրտին, շոգին, անձրևին, ժամերով, հաճախ` օրերով, անկանխատեսելի հետևանքներով, նեղություն է), եթե ունենում է երկարատև ծրագիր:

Այսինքն` պայքարելով Հայաստանում, քո երկրում կյանքդ պատկերացնում ես առնվազն 15-20 տարվա հեռանկարով: Այսօր անգամ նրանք, ովքեր պատրաստ են իրենց կյանքը բառացիորեն զոհել` հանուն մեր երկրի ապագայի, Հայաստանում իրենց զգում են տրանզիտային ուղևորի դերում: Բոլորս մտովի ունենք մեր խնդիրների, մտահոգությունների լուծման բանալին, որի առաջին քայլը «Զվարթնոց» օդանավակայան հասնելն է:

Այսինքն` մեր երկրում մենք երկարատև ծրագիր չունենք: Մենք ռուս չենք, ոչ էլ ամերիկացի, որ 30 տարվա հեռանկարով գործ նախաձեռնենք, ու իշխանությունները խրախուսեն մեզ: Մեր շատ հայրենակիցների համար գոյատևման ժամանակը կարճ է` մինչև բնակարանի կամ բիզնեսի վաճառքը:

Իհարկե, կարելի է արձանագրել, որ արդեն դանակը հասել է ոսկորին: Որ իշխանություններն արդեն համը հանել են: Որ կոռումպացված, հայրենիք չճանաչող ու ստորաքարշ հանրապետականները, գիտակցությունը, որ Հայաստանը ՌԴ-ի համար պարզապես սպառողների ֆորպոստ է, պետք է որ մարդկանց փողոց հանի: Բայց ոչ: Հայաստանում տեղի է ունեցել մի բան, և այդ հարցում հոռետեսներն ու լավատեսները համակարծիք են` անդառնալի են արտագաղթի հետևանքները: Նրանք, ովքեր արտագաղթել են և պատրաստվում են արտագաղթել, դադարել են Հայաստանն ընկալել` որպես հայրենիք:

Եվ բոլորս ունենք մեր արդարացումները` «Մարդը մեկ անգամ է ապրում», «Ի՞նչ է տալիս ինձ հայրենիքը, որ ինձնից պահանջի» և, դասականը` բոլոր մտքերից` «Որտեղ հաց, այնտեղ կաց»:

Որքան անտանելի են դառնում իշխանությունները, այնքան պետք է ուժեղ ու հետևողական լինի դիմադրությունը, և որքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան արյուն քիչ կթափվի, որքան էլ պարադոքսալ է հնչում: Սակայն իշխանություններին առայժմ գոնե գործնական վտանգ հասարակությունից չի սպառնում: Ղեկավարները, օլիգարխները, մանր մյուս հանցագործները վստահ են, որ ֆիզիկական հաշվեհարդար ժողովուրդը նրանց հետ չի տեսնի. դա կարող է տեղի ունենալ միայն միջկլանային պայքարում: Անգամ նրանց ավտոմեքենաների անվադողերը ոչ ոք պատրաստ չէ ծակել` որպես պայքարի մինիմում, ինչպես առաջարկում էր ֆեյսբուքի ինտելեկտուալ օգտատերերից մեկը:

Համազգային դժգոհությունից, ատելությունից իշխանությունները բացարձակ վատ չեն զգում: Ավելի՛ն. նրանք դիմում են ժամանակակից բժշկության նորագույն մեթոդներին` երիտասարդանալու, երկար ու առողջ ապրելու համար: Դա նշանակում է, որ դեռ կա՛ ինչ-որ բան, որ երկրի ղեկավարները դեռևս չեն հասցրել ստանալ իշխանությունից: Սակայն կորչի՛ ծերությունը. ժամանակակից բժշկության նորագույն մեթոդներով հնարավոր է ճաղատությունը վերացնել խիտ մազափնջով` մուգ բադրիջանի գույնի, բոտեքսով, երիտասարդանալով:

Այս ամենն արդեն գրոտեսկ է և ինչ-որ տեղ արդեն եղել է: Ա՜, հիշեցի` «Նահապետի աշունը»: Ի դեպ, բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ մեր իշխանությունները Մարկեսի այս գործը չեն կարդացել: Հակառակ դեպքում կօգտվեին գեներալի փորձից: Ի վերջո, կա մի բան, որ մեր ղեկավարները գլխի չեն ընկել` հարկել ամռանը ստվերոտ մայթերով քայլող քաղաքացիներին: Ընդ որում` վստահ, որ բողոքի գողտրիկ, կարճատև ակցիաներից հետո մարդիկ կհասկանան, որ դա, այդուհանդերձ, հավերժ երիտասարդ ղեկավար ունենալու դեպքում` պակաս անհեթեթ որոշում է:

Տեսանյութեր

Լրահոս