Ռուսաստանի ամենամեծ կապիտալը Հայաստանում

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատակիցներին ներքին կարգով հրահանգվել է մասնակցել շաբաթ օրը կայացած՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքին: Դժվար է ասել՝ շաբաթ օրվա հանրահավաքին մասնակցող քաղաքացիներից քանի՞սն էին ռուսական ընկերությունների աշխատակիցներ:

Սակայն այս տեղեկությունը հետաքրքիր է  ոչ այնքան բուն կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքի, այլ, ավելի ընդհանրական՝ քաղաքական  զարգացումների առումով: Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան ներքաղաքական կյանքին առնչվող ցանկացած քննարկման ժամանակ արձանագրվում է, որ այլևս ամեն ինչ որոշվում է Մոսկվայում, քանի որ ռուսական ազդեցության տակ են ոչ միայն իշխանական, այլ նաև գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, այսինքն՝ քաղաքական համակարգն ամբողջությամբ վերցված:

Այս արձանագրումը շատերին ստիպում է եզրակացնել, որ ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Հայաստանում ցանկացած ներքաղաքական գործընթաց հրահրել, ընդհուպ՝ հասնելով իշխանափոխության: Հատկապես վերջին օրերին կրկին ակտուալ է դարձել հանրահավաքային պայքարի միջոցով հնարավոր իշխանափոխության կամ առնվազն իշխանության մի մասի փոփոխության հարցը: Այս քննարկումներում ևս առանցքային է համարվում ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ ռուսական ազդեցության տակ գտնվելու հանգամանքը:

Մյուս կողմից, սակայն, անգամ կուսակցությունների ներկայացուցիչները չեն հերքում, որ հասարակության մեջ խորը հիասթափություն կա ոչ միայն իշխանությունների, այլև ոչ իշխանական ուժերի, ընդհանուր առմամբ, կուսակցական համակարգի ու կուսակցականության նկատմամբ: Նաև այդ պատճառով է, որ անընդհատ քննարկվում է քաղաքականություն-քաղաքացիականություն հակադրությունը, և ոմանք կարծում են, որ այն, ինչ չեն կարողանում անել քաղաքական ուժերը, կարող են իրականացնել քաղաքացիական նախաձեռնությունները:

Սակայն վերադառնանք հանրահավաքային պայքարի միջոցով հնարավոր ներքաղաքական զարգացումներ առաջացնելու հնարավորությանը, որին, ինչպես նշեցինք, շատերի համոզմամբ՝ տիրապետում է Ռուսաստանը: Եվ ուրեմն, ո՞րն է Ռուսաստանի այդ հնարավորության հիմքը:  Արդյո՞ք միայն ակնհայտ կամ թաքնված ռուսամետ քաղաքական ուժերը, որոնց՝ հրապարակ լցնելու պոտենցիալը, մեղմ ասած, կասկածելի է: Ամենևին ո՛չ: Իհարկե, նրանք կարող են որոշակի մարդաքանակ ապահովել հանրահավաքների ժամանակ, սակայն այդ ակցիաները «հուժկու» դարձնելու համար Ռուսաստանն ունի շատ ավելի ազդեցիկ ու, ըստ ամենայնի, ավելի գործուն լծակ՝ Հայաստանում ռուսական կամ ռուսական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների աշխատակիցները:

Թե որքա՞ն են կազմում նրանք՝ հստակ ցուցանիշ հայտնի չէ: Սակայն կան որոշակի տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանում ռուսական ընկերություններում աշխատողների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի: Նախ՝ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 1500 ձեռնարկություն՝ ամբողջովին ռուսական կամ հայ-ռուսական համատեղ կապիտալով:

Ավելի հետաքրքիր են խոշոր հարկատուների մեջ առաջնային դիրքեր զբաղեցնող ռուսական ընկերությունների աշխատակիցների թվաքանակի ցուցանիշները:  Այսպես, Հայաստանի էլեկտրական ցանցերն ունի մոտ 7800 աշխատող, այլևս «Գազպրոմ-Հայաստան» անվանակոչված նախկին «ՀայՌուսգազարդը»` շուրջ 6000, «Հարավկովկասյան երկաթուղին»` 4000 աշխատող։ Խոշոր գործատուների թվում, բնականաբար, պետք է նշել նաև «Beeline», «ՎիվաՍել» ընկերությունները, Հայկական ատոմակայանը, որ դե ֆակտո կառավարվում է ռուսների կողմից, բազմաթիվ այլ խոշոր ու միջին ընկերություններ: Վերը նշված կոնկրետ թվային ցուցանիշներից ակնհայտ է, որ հանրագումարում դրանցում աշխատողների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի: Իսկ դա նշանակում է, որ եթե Ռուսաստանում որոշեն Հայաստանում «փողոցի» միջոցով իշխանափոխություն կամ այլ քաղաքական ակտ իրականացնել, ապա ապավինելու են ոչ միայն քաղաքական ուժերին, այլ նաև ռուսական ընկերությունների աշխատակիցներին:

Իհարկե, ներքին հրահանգն ամենևին չի նշանակում, որ ռուսական ընկերություններում աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիները վազելու են հրապարակ: Սակայն, եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի հրապարակում մարդկանց առավելագույն ներկայություն, ապա դա կազմակերպելը կդառնա տեխնիկական հարց: Օրինակ, մարդկանց հրապարակ կտանեն այնպես, ինչպես սովետական տարիներին տանում էին շքերթների՝ ցուցակներով, ներկա-բացակա անելով:

Հայաստանում աշխատանք ունենալը համարվում է բարեբախտություն, իսկ դա չկորցնելու համար մարդկանց մեծամասնությունը պատրաստ է մասնակցել հանրահավաքների: Հատկապես, որ անկախ նրանից, թե որ երկրին պատկանող ընկերությունում են աշխատում ՀՀ քաղաքացիները, նրանց մեծ մասը դժգոհ է ներկայիս իրավիճակից ու իշխանություններից: Իսկ դա նշանակում է, որ «կրիտիկական պահին» ռուսական ընկերություններն Ազատության հրապարակում կարող են ապահովել առնվազն 20-30 հազար մարդու ներկայություն, ինչը չափազանց լուրջ թիվ է ներքաղաքական գործընթացները շիկացնելու համար, ընդհուպ՝ մինչև իշխանափոխություն:

Սա Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ Ռուսաստանին հանձնելու տրամաբանական ու անխուսափելի հետևանքներից մեկն է: Հայաստանի նախորդ ու ներկա իշխանությունները՝ իրենց իշխանությունը պահպանելու համար, Ռուսաստանին են նվիրաբերել երկրի գրեթե բոլոր ենթակառուցվածքները՝ չհաշվարկելով, որ դրանք մի օր օգտագործվելու են իրենց իսկ իշխանությունը խարխլելու համար:

Տեսանյութեր

Լրահոս